Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԿՀԱՍՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հունիս 20,2001 00:00

Ո՞ՒՐ ԿՀԱՍՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ԱրմենՏել»-ի հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ առաջին նիստը հրավիրեց։ Հանձնաժողովի անդամներ են «Օրինաց երկրից»՝ Արծրունի Աղաջանյանը, ՀՅԴ-ից՝ Մարտուն Մաթեւոսյանը, «Կայունությունից»՝ Մելիք Գասպարյանը, ՀՀԿ-ից՝ Հերմինե Նաղդալյանը, ՀԺԿ-ից՝ Վարդան Մկրտչյանը, անկախ պատգամավորներից՝ Արշակ Սադոյանը եւ Գուրգեն Արսենյանը, «Ժողովրդական պատգամավոր»-ից՝ Հակոբ Հակոբյանը, «Հայաստան» խմբից՝ Ժիրայր Գեւորգյանը, ՀԿԿ-ից՝ Յուրա Մանուկյանը, ԱԺՄ-ից՝ Վազգեն Մանուկյանը։ Ըստ «ԱրմենՏել»-ի՝ րոպեավճարը կմտցվի սեպտեմբերի 1-ից։ Հանձնաժողովի անդամները կարծում են, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը բավականին ժամանակ կա եւ հանձնաժողովը հնարավորություն կունենա ուսումնասիրել, եւ ուղիներ կգտնվեն։ Հանձնաժողովի առաջին նիստը, նաեւ՝ նախագահի ընտրությունները տեղի ունեցան ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի աշխատասենյակում, քանի որ պրն Թորոսյանն այս օրերին կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները։ Ինքը՝ խոսնակը, Սանկտ Պետերբուրգից դեռ չէր վերադարձել։ Բավականին հետաքրքիր է Վազգեն Մանուկյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալու փաստը։ Դեռ ի սկզբանե, երբ հայտնի դարձավ, որ ԱԺՄ-ից Վ. Մանուկյանն է ընդգրկված հանձնաժողովում, պարզ էր, որ նա շարքային անդամ չի կարող մնալ։ Վազգեն Մանուկյանը ժամանակին հասցրեց այս հանգամանքը մեկնաբանել, ասելով, թե հարցն իրեն շատ է հետաքրքրում։ Պրն Մանուկյանը խիստ նրբանկատ մի հիշեցում էր արել այն մասին, որ երբ 90-ին իրենք իշխանության եկան, մի շարք կարեւոր հարցերից բացի, կարեւորում էին նաեւ կապի միջոցները. «Այդ պատճառով միշտ հետեւում եմ, թե ինչ է կատարվում կապի ոլորտում։ Գտնում եմ, որ շատ վատ վիճակում ենք։ Խոսքը միայն այն մասին չէ, որ աղքատ մարդկանց համար դժվար է վճարել հեռախոսային վարձը։ Մենք հետ ենք ընկնում Ինտերնետից։ Մենք հետ ենք մնում հեռուստահաղորդակցման այլ ժամանակակից միջոցներից»։ Հետաքրքիր է, ո՞ւր կտանի ԱԺ հերթական ժամանակավոր հանձնաժողովի բռնած ուղին եւ մինչեւ ուր կհասնի «ԱրմենՏել»-ի պարանը։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել