ՎԵՐՋԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ «Այս մասին չէի ցանկանա խոսել, բայց մեկ անգամ պարզաբանեմ՝ հետո այլեւս երբեք այս հարցերին չեմ անդրադառնա։ Եվ ինչ էլ գրեն այդ մասին՝ կարող եք առանց ինձ զգուշացնելու անմիջապես հերքել»,- ասաց նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ալեքսան Հարությունյանն իր անձնական բարեկեցությանն առնչվող հրապարակումների վերաբերյալ։ Ասենք, մի քանի հրապարակումների նյութ դարձավ Ալեքսան Հարությունյանին նվիրված «Ջիպը»։ Ավելի ուշ դրան հավելվեցին եւս 2 մեքենաներ՝ «Մերսեդեսը», որն առաջին նախագահին էր սպասարկում եւ նաեւ մի «31»։ «Ինձ երեք մեքենա չի սպասարկում։ Ես մեկ վարորդ ունեմ, եւ նա չի կարող միաժամանակ 3 մեքենա վարել։ Ինքս էլ, ամոթ է ասելը, մեքենա վարել չգիտեմ։ Հետեւաբար, նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ այն, ինչ ինձ վերագրվում է,- ասաց պրն Հարությունյանը։- Տարբեր ժամանակներում ինձ սպասարկած երեք մեքենաներն ուղղակի միացրել են իրար։ Երբ դարձա նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ինձ սպասարկում էր մի «31»։ Հետագայում անհրաժեշտություն առաջացավ այդ մեքենան տալ աշխատակազմի մեկ այլ աշխատակցի։ Ես փոխանցեցի նրան եւ որպեսզի ծախսեր չարվեն նոր մեքենա ձեռք բերելու համար, ինձ հատկացվեց աշխատակազմի տրամադրության ներքո գտնվող մի հին «Մերսեդես»՝ 1984-ի արտադրության (այս մեքենայի շուկայական արժեքն այսօր 3-4 հազար դոլարից ոչ ավելին է)։ Այդ «Մերսեդեսը» երբեք չի սպասարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես՝ որոշակի մեկին երբեք կցված չի եղել։ Այն նախատեսված է եղել հիմնականում հյուրերին սպասարկելու համար։ Իսկ «Ջիպի» վերաբերյալ բազմիցս ասել եմ, որ այն ինձ կցված չի եղել, թեեւ ես հաճախ օգտագործել եմ՝ այն հատկացվել է աշխատակազմին։ Հիմա էլ իմ ծառայողական մեքենան նույն «Մերսեդեսն» է»։ Մեր հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ ինքը Փարիզում բնակարան ունի, Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. «Դժբախտաբար՝ չունեմ։ Թեեւ Փարիզն այն քաղաքներից է, որտեղ շատ կցանկանայի բնակարան ունենալ։ Բայց չունեմ եւ երեւի չեմ էլ ունենա, քանի զբաղվում եմ քաղաքականությամբ եւ պետական պաշտոն ունեմ։ Եվ ոչ միայն Փարիզում՝ ես Երեւանում էլ տուն չունեմ եւ ապրում եմ մորս տանը»։ Մեր զրուցակիցը հաստատեց միայն այն տեղեկությունները, որ իր երկու զավակներն էլ ծնվել են Փարիզում. «Իմ ավագ որդին ծնվել է այն ժամանակ, երբ ես ավարտում էի իմ դիվանագիտական ծառայությունը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը։ Մյուս որդիս նույնպես ծնվեց Փարիզում եւ ով նախանձում է դրան՝ ցանկանում եմ, որ ինքն էլ նույն պայմաններում որդի ունենա։ Երբ ես կալանավորվեցի՝ կինս 1-2 շաբաթ հետո պետք է ծննդաբերեր եւ ընկերներիս խորհրդով նրան ուղղակի հեռացրին այդ մթնոլորտից»։ Ա. Ի. Ալեքսան Հարությունյանի հետ հարցազրույցն այլ հարցերի վերաբերյալ՝ վաղվա համարում։