Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱՆ-ի

Հունիս 20,2001 00:00

ԱԱՆ-ն գաղտնիք պահել չգիտի՞ «ԱԱՆ-ի գործակալի մասին տեղեկություն հրապարակելը, օգտագործելը բացառված պետք է լիներ։ Ես չգիտեմ, նախադեպեր կա՞ն, թե՞ ոչ, բայց դա անթույլատրելի է»,- կարծիք հայտնեց Ազգային անվտանգության պետվարչության նախկին պետ, գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցը։ Հիշեցնենք, որ Ն.Հունանյանն ինքը դատավարության ժամանակ հայտարարեց, թե իրեն առաջարկել են համագործակցել ԱԱՆ-ի հետ եւ ինքը համաձայնել է։ «Ինքը կարող է խոսել իր գործակալ լինելու մասին՝ իրականում գործակալ չլինելով, ընդգծելու համար իր անձի կարեւորությունը կամ նշանակությունը»,- ընդգծեց Էդ.Սիմոնյանցը։ Վերջինս կարծիք հայտնեց, թե Հունանյանը կարող էր տարբեր առիթներով ու պատրվակներով օգտագործված լինել եւ համարել, որ ինքն արդեն գործակալ է։ «Մինչդեռ, գործակալի կարգավիճակը ֆիքսվում է համապատասխան փաստաթղթերով եւ այլնով, եւ ոչ ոք իրավունք չունի այդ փաստը հրապարակել, մեկնաբանել՝ առանց այն մարմնի համաձայնության, որի կողմից գործակալը հավաքագրված է»։ Էդ. Սիմոնյանցը նաեւ կարծիք հայտնեց, թե Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու հարցն, անշուշտ, դատարանը պետք է որոշի։ «Դատարանն իրավունք ունի Հունանյանի գործակալ լինել-չլինելու մասին տեղեկություններ ստանալ համապատասխան մարմիններից, բայց, եթե նույնիսկ պարզվի, որ Հունանյանը, իրոք, ԱԱՆ գործակալ է եղել, միեւնույն է, նույնիսկ այդ դեպքում նա իրավունք չունի օգտագործել եւ հրապարակել այդ փաստը»։ Ի դեպ, Ն.Հունանյանի գործակալ լինելու մասին խոսակցություններին որեւէ կերպ չի արձագանքում ԱԱՆ-ն։ Ըստ պարոն Սիմոնյանցի, ո՛չ պետությունը, ո՛չ ԱԱՆ-ն իրավունք չունեն ներգրավվել նման խոսակցությունների ոլորտ, հերքել կամ հաստատել նմանօրինակ որեւէ տեղեկություն։ Նման դեպքերում վերջիններս հարցադրումներին կարող են առավելագույնը պատասխանել այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում՝ հարցը մեկնաբանության ենթակա չէ։ Սա չի կարող նշանակել, որ Հունանյանը գործակալ է եղել եւ ընդհակառակը։ «Կան գաղտնիքներ, որոնք կարելի է մասամբ հրապարակել, բայց միայն այդ գաղտնիքը կրող համապատասխան մարմնի որոշմամբ եւ թույլտվությամբ։ Հակառակ դեպքը ժամանակին որոշակի պատասխանատվություն էր ենթադրում։ Այսօր էլ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենք կա, որով դա արգելվում է անել»,- ընդգծեց պրն Սիմոնյանցը։ Այդ դեպքում, ո՞վ է մեղավոր, որ պետական գաղտնիքը հասարակության սեփականություն է դարձել։ «Եթե հրապարակվում են ԱԱՆ-ի խոհանոցին առնչվող հարցեր՝ պատասխանատուն, իհարկե, ԱԱՆ-ն է։ Եթե այդ տեղեկություններն ուրիշներն են օգտագործում, ուրեմն՝ նրանք»։ Պարոն Սիմոնյանցը նկատեց, թե այս ամենը երկրում տիրող ընդհանուր անպատասխանատվության մթնոլորտի արդյունքն է։ «Գործակալական ցանցը հատուկ կառույցների համար սրբություն է համարվում։ Կառույցը կարող է փլվել, բայց ցանցը երբեք չպետք է բացահայտվի»։ Անդրադառնալով այն հարցին, թե իր կարծիքով որքանո՞վ է նպատակահարմար Հունանյանին ԱԱՆ-ից տեղափոխել ՆԳՆ մեկուսարան, պարոն Սիմոնյանցը նկատեց. «Տվյալ դեպքում դա որեւէ նշանակություն չունի։ Եթե կան կասկածներ, որ Նաիրին ուղղորդվում կամ արտաիրավական օգնություն է ստանում, ապա՝ նույն հեշտությամբ նա կարող է ուղղորդվել նաեւ ՆԳՆ մեկուսարանում։ Որեւէ կասկած այս իմաստով պետք է փարատել ոչ թե մեկուսարանից մեկուսարան տեղափոխելով, այլ՝ մեկուսարաններում կարգուկանոն հաստատելով»։ Նա վստահեցրեց, որ եթե ԱԱՆ-ի ամենաբարձրաստիճան ղեկավարը չհրահանգի կամ աչքերը չփակի՝ հնարավոր չէ մեկուսարանում պահվողին արտաիրավական օգնություն ցուցաբերել կամ ուղղորդել։ «Ուրեմն, փաստացի, այդ մեղադրանքը Կառլոս Պետրոսյանի դեմ է, այլ ոչ թե ԱԱՆ-ի՝ որպես կառույց»։ Էդ.Սիմոնյանցը վստահեցրեց, որ, եթե կան մարդիկ եւ ուժեր, որոնք շահագրգռված են նրան օժանդակել, ուղղորդել, հետեւել, որ «հիմարություն դուրս չտա» եւ այլն, ապա նրանք այդ հնարավորությունն ունեն ցանկացած մեկուսարանում, որտեղ չկա վերահսկողություն։ Ըստ նրա, եթե կա շահագրգռվածություն եւ թողտվությունն էլ ակնհայտ է՝ մարդիկ կարող են նույնիսկ սցենարներ գրել Նաիրիի համար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել