Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ

Հունիս 20,2001 00:00

ԾԱՅՐԱՀԵՂ ԳԱՂՏՆԱՊԱՀ ԵՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով ԱԺ-ի խումբ-խմբակցությունների ղեկավարները երեկ այցելեցին նախագահի նստավայր։ Հանդիպման ավարտից հետո հնարավոր եղավ պարզել այնքան, որքան սովորաբար հնարավոր է լինում պարզել նման դեպքերում։ Ռոբերտ Քոչարյանը եւ խորհրդարանականները զրուցել են երկու կարեւոր հարցերի շուրջ։ Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ՝ սահմանադրական բարեփոխումների մասին հարցը։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպման մասին ասաց, որ ղարաբաղյան հարցի առնչությամբ որեւէ նոր տեղեկություն չավելացավ մինչ այժմ հայտնի տեղեկությանը, բայց, ըստ Գալուստ Սահակյանի, նախագահի հետ հանդիպման ժամանակ կրկին հաստատվեց, որ ղարաբաղյան հարցի ձգձգումը կապված չէ Հայաստանի հետ. «Ըստ երեւույթին, Ադրբեջանում հարցեր կան, եւ Ալիեւը խնդիրներ ունի։ Կարեւոր նշանակություն ուներ նաեւ Պուտին-Բուշ հանդիպումը, որի ժամանակ խոսվել է նաեւ ղարաբաղյան խնդրի շուրջ»։ Հանդիպման ժամանակ չի բացառվել, որ մինչեւ ամառվա վերջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կրկին կհանդիպեն։ Գալուստ Սահակյանի պնդմամբ, նախագահ Քոչարյանն ասել է, որ Հայաստանն այլեւս մտադիր չէ ինչ-ինչ փոփոխություններ կատարել իր սկզբունքներում եւ բանակցային գործընթացում։ Սահմանադրական փոփոխությունների շուրջ զրույցն ընթացել է կառուցողական։ Այսօր հրապարակի վրա են խիստ հակադիր տեսակետներ երկրի կառավարման ձեւի վերաբերյալ։ Մի շարք խորհրդարանական ուժեր կողմ են կիսանախագահականից խորհրդարանականի անցնելուն։ Առայժմ հրապարակված չէ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումներ իրականացնող հանձնաժողովի դիրքորոշումը։ Միաժամանակ իրենց տարբերակներն ունեն խորհրդարանական մի շարք ուժեր, ինչպես օրինակ՝ Կոմկուսը, Դաշնակցությունը, Ազգային-դեմոկրատական կուսակցությունը։ Գալուստ Սահակյանը հույս ունի, թե սահմանադրական բարեփոխումների բոլոր տարբերակների հեղինակները կկարողանան միասնական տարբերակի շուրջ համաձայնության գալ. «Եթե քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում չունենան այս հարցում, ապա հանրաքվեի ժամանակ կասկածելի իրավիճակ կառաջանա»։ «Միասնություն» խմբակցության ղեկավարը հայտնեց, թե սահմանադրական փոփոխությունների առիթով հանրահավաքը նախատեսվում է իրականացնել 2002 թվականի գարնանը։ Նկատենք, որ բոլոր տեսակի հերթական ընտրությունները սպասվում են 2003-ին։ Այսինքն, չի բացառվում, որ նոր ընտրությունների՝ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական, երկիրը կգնա նոր Սահմանադրությամբ։ Ինչպիսի Սահմանադրություն կհրամցվի ժողովրդին այս անգամ, որը, ինչպես հայտնի է, երբեք ծայրից ծայր չի կարդում երկրի Գլխավոր օրենքը, եւ բոլոր հարցերն իրականում վճռվում են ոչ թե հանրաքվեի ժամանակ, այլ՝ մինչ այդ։ ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը եւս նշեց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ներկա փուլը, քիուեսթյան հանդիպումից հետո հարցի հետագա ընթացքը, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը։ Խոսվել է երկու երկրների նախագահների՝ Ալիեւի եւ Քոչարյանի առաջիկա հանդիպման մասին, չի կոնկրետացվել, թե ե՞րբ, բայց կարծիք է հայտնվել, որ առաջիկայում հանդիպում կլինի։ Աղվան Վարդանյանի հետ զրույցի առիթն օգտագործելով, փորձեցինք պարզել՝ խոսվե՞լ է նախագահի հետ կենսաթոշակների բարձրացման ՀՅԴ խմբակցության նախաձեռնության մասին։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ նախագահ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, այս առնչությամբ ասել էր հետեւյալը. «Խոսքը շուրջ 7 մլրդ դրամ լրացուցիչ գումարների մասին է, ուստի սա լուրջ քայլ է եւ պետք է իսկապես լավ հիմնավորված լինի։ Կառավարությունը պետք է վստահ իմանա, որ կարող է իր վրա նման պատասխանատվություն վերցնել։ Իսկ բյուջեի վրա այդ քայլը մեծ ազդեցություն կարող է չունենալ այն առումով, որ հիմնադրամն առանձին է աշխատում։ (…) Գուցե ավելի քիչ բարձրացման դեպքում, կառավարության հետ բանակցելով, կարելի է հարցին լուծում տալ»։ Աղվան Վարդանյանն ասաց, որ հանդիպման ժամանակ այդ թեմայով նախագահի հետ չի խոսվել, բայց խմբակցությունը կառավարության հետ պայմանավորվել է. առաջիկա օրերի ընթացքում կքննարկվի հարցին վերաբերող ամբողջ ինֆորմացիան եւ հնարավոր է՝ որեւէ արտահերթ նիստի ժամանակ հարցը կրկին մտնի խորհրդարան։ Աղվան Վարդանյանն ասաց, թե իրենց նպատակն առճակատման գնալը չէ, այլ փոխադարձ ընդունելի լուծում գտնելը։ Նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի շուրջ։ Կոնկրետ ով՝ ում ի՞նչ է ասել, ոչ մի հարցի վերաբերյալ հնարավոր չեղավ պարզել։ Հասկանալի է, որ հանդիպման մասնակիցները հիմնականում իրենց կարծիքն էին հայտնում եւ չափազանց գաղտնապահ էին այն մասին, ինչ ասել էր նախագահը։ Վերոհիշյալ օրենքի նախագծի մասին խոսելիս ե՛ւ Գալուստ Սահակյանը, ե՛ւ Աղվան Վարդանյանն ասացին, թե իրենց հերթին կարեւորում են օրենքի ընդունումը եւ, որ մինչեւ այժմ երկուստեք եղած բոլոր առաջարկներն ընդունվել են։ Ի դեպ, վերադառնալով Սահմանադրությանը, արձանագրենք, որ, ըստ հանդիպման մասնակիցների՝ խոսքը գնում է ոչ թե Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, այլ՝ նոր խմբագրմամբ Սահմանադրության մասին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել