ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՃԻՇՏ ԵՆ Դիմելու ձեւն է սխալ Նաիրի Հունանյանին ԱԱՆ-ից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու խնդրագրով դատավորին դիմելու նախաձեռնության հեղինակները նշել էին, թե նախապես խորհրդակցել էին, մասնավորապես, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ ե՛ւ նա, ե՛ւ հանրապետության այլ լավագույն իրավաբանները, որոնց հետ իրենք խորհրդակցել էին, նշել էին, թե դատավորին ուղղված իրենց խնդրանք-առաջարկը որեւէ կերպ չի հակասում գործող օրենսդրությանը (ինչը հետո բուռն կերպով վիճարկվեց)։ Հայաստանի իրավաբանների միության նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը պարզաբանեց, թե ինչ խորհրդատվություն էր ինքը մատուցել զրույցների ընթացքում։ Մեր խնդրանքով նաեւ գնահատեց, թե հանձնաժողովի այդ դիմումը դատարանին հակասո՞ւմ է օրենքներին, թե՞ ոչ. «Իրոք, եղել են նման զանգեր՝ խորհրդակցելու խնդրանքով։ Ես խոսել եմ Վահագն Գրիգորյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ Վլադիմիր Նազարյանի հետ։ Ես ասել եմ, որ հիմնական հարցը՝ նախնական կալանքի վայրը փոխելու մասին՝ հստակ կարգավորված է օրենքով։ Սկզբունքն այս է՝ այն մարմինը, ում վարույթում գտնվում է գործը, նա է իրավասու լուծել այդ հարցը, այս պարագայում՝ դատարանը։ Ծագել է հաջորդ հարցը, թե արդյոք հանձնաժողովն իրավունք ունի՞ դիմել այդ մարմնին, ի՞նչ լիազորություններ է նրանց տվել Ազգային ժողովը։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միջնորդությունները, որոնք ենթակա են քննարկման եւ լուծման դատարանի կամ վարույթն իրականացնող մարմնի (այսինքն՝ նախաքննության փուլում՝ քննիչի կամ դատախազի) կողմից, կարող են անել միայն տվյալ վարույթի մասնակիցները, սուբյեկտները։ Հանձնաժողովն այս պահին, բնականաբար, մասնակից չէ։ Պատգամավորները, չգիտես ինչու, գնացին ավելի բարդ ճանապարհով, երբ կարելի էր ավելի հեշտ լուծել այս խնդիրը։ Դատավարության մասնակիցներ ունեն՝ Ազգային ժողովի գրեթե բոլոր պատգամավորներն առանձին-առանձին տուժող են ճանաչված։ Նրանք իրավունք ունեն ցանկացա՛ծ հարցով միջնորդություն ներկայացնել եւ դատարանը պարտավոր կլինի այն քննարկել, եւ որոշակի լուծումներ տալ։ Իրավական ձեւը մասնակիցների դիմելու հնարավորությունն օգտագործելն է։ Իհարկե, ցանկացած քաղաքացի կարող է դիմել դատարանին, բայց դա դատավորին բոլորովին չի պարտավորեցնում քննարկել այդ դիմումը»։ Գագիկ Ղազինյանը ծանոթ էր ԱԺ-ի որոշմանն այս հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ. «Այստեղ շատ ուղղակիորեն է նշված. «Քննության նյութերի ուսումնասիրության հիման վրա պարզել Նաիրի Հունանյանի ՀՀ ԱԱՆ մեկուսարանում պահելու օրինականության եւ նպատակահարմարության հարցը եւ այդ մասին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնել ԱԺ-ին»։ Այսինքն, հանձնաժողովի լիազորությունը սահմանափակված է՝ պարզեցի՞ն, որ նպատակահարմար չէ՝ եզրակացությունը պիտի ներկայացնեն ԱԺ-ին։ Իհարկե, հայտնի չէ, թե ԱԺ-ն ինչ պիտի անի դրա հետ, քանի որ նույն խնդիրն է ծագում՝ ԱԺ-ն, որպես իրավաբանական անձ կամ սուբյեկտ, դատավարության մասնակից չէ եւ չի կարող ինքը դիմել դատարանին, այսինքն՝ կարող է, բայց դա որեւէ իրավական հետեւանք չի առաջացնի դատարանի համար»։ Գագիկ Ղազինյանը հարկ համարեց նաեւ նշել. «Շատ զարմանալի է, որ օրենսդրական այս մակարդակով է փորձ արվում լուծել մի հարց, որը պետք է չծագեր էլ։ Օրենքը երբեք չի առանձնացնում ազգային անվտանգության կամ ներքին գործերի մեկուսարանները։ Խոսվում է միայն ազատազրկման նախնական կալանքի վայրերում պահելու տեղերի մասին՝ առանց առանձնացնելու։ Այսինքն, պետք է նույնը լինեն ռեժիմները, վերաբերմունքը։ Անհարմար էլ է այս մասին խոսել այս մակարդակով, թե այս մի տեղում կարող է լինել օգնություն, կամ անվտանգ է, իսկ մյուս տեղում չի կարող լինել եւ վտանգավոր է»։ Սակայն հանձնաժողովն այս փաստարկները չէ, որ հիմք էր ընդունել իր դիմումի համար, այլ միայն Նաիրի Հունանյանի իսկ ցուցմունքներն ԱԱՆ-ի հետ իր համագործակցության մասին. «Այդ առումով ճիշտ են արել։ Ես ուզում եմ համաձայնություն հայտնել այդ հիմնավորմանը (եւ ոչ թե ձեւին),- ասաց Գագիկ Ղազինյանը։- Իրոք, սա ամենալուրջ կասկածն է, որը դատարանը կարող է նկատի ունենալ ԱԱՆ-ում պահելու նպատակահարմարության հարցը քննարկելիս։ Միայն սա կարող է հիմք հանդիսանալ եւ ոչ թե այն, որ մի տեղում կոչնչացնեն, իսկ մյուս տեղում՝ կփայփայեն։ Սա անլուրջ բան է։ Եթե վաղն այդ մեկուսարաններն ազատազրկման այլ վայրերի հետ միասին հանձնեն արդարադատության նախարարությանը՝ ի՞նչ պետք է անեն, որտեղից եւ ուր են տանելու այդ դեպքում»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ