Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՐ ԾՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հունիս 19,2001 00:00

ԵՐԿԱՐ ԾՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «Ես մարդ եմ, որը սիրում է բարին եւ հավատում, որ միայն բարին կփրկի աշխարհը»։ Գեղանկարիչ Լեւոն Թադեւոսյանի ասած այս պարզ ու ճշմարիտ արտահայտությամբ կարելի էր բնութագրել հունիսի 16-ին Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը, որը նվիրված էր Քրիստոնյա Հայաստանի 1700-ամյակին։ Ներկայացված շուրջ 400 գործեր արտահայտում էին աստվածաշնչյան դրվագներ, կրոնական ծեսեր եւ պատմական անցքեր քրիստոնեությունն ընդունած մեր ժողովրդի անցած ճանապարհից։ Ցուցադրված կտավները, քանդակներն ու մանրանկարներն ընտրվել էին մրցույթով, որին մասնակցության հայտ են ներկայացրել միության գրեթե բոլոր անդամներն իրենց 800 ստեղծագործություններով։ Ուստի (եւ՝ բնականաբար) Նկարչի տան երկու սրահներն էլ ազատ անկյուն չունեին, եւ նույնիսկ, ինչպես միության նախագահ Կ. Աղամյանն ասաց. «Եթե էլի տեղ լիներ, էլի լիքը կլիներ»։ Թերեւս այդ «լիքությունից» խճճված պրն նախագահն այդպես էլ չհիշեց, թե քանի մասնակցի քանի գործ է ցուցադրվում (այդ թվերը ճշտեցին ուրիշները)։ Նրա համար կարեւորն այն էր, որ «վերջին 10 տարում մեր միությունը ոչ այսպիսի ցուցահանդես էր տեսել, ոչ էլ այսքան ժողովուրդ»։ Բայց, անկախ այցելուների քանակից, 1 տարվա նախապատրաստություն անցած ցուցադրությունն արժանի էր մաքուր ու նորմալ հնչողությամբ, այլ ոչ թե կտրտված ու կիսախզված ձայնով միկրոֆոնի։ Քրիստոնեության ընդունման հոբելյանին նվիրված այս եզակի մեծ ցուցահանդեսին չէր մասնակցում նաեւ Վեհափառը, ի թիվս հրավիրված այլ մեծանուն հյուրերի։ Անդրադառնալով 1700-ամյակի տոնակատարությունների ցանկում հիրավի կարեւոր ու նշանակալի միջոցառմանը, հավելենք, որ այն կգործի բավականին երկար՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Մինչ այդ, ժյուրին կորոշի եւ կընտրի այն 16 լավագույն աշխատանքները, որոնք պետք է արժանանան Ամենայն Հայոց կաթողիկոսի սահմանած մրցանակներին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել