Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ

Հունիս 19,2001 00:00

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ Թեեւ ՀՖՆ-ի մոսկովյան հյուրախաղերից արդեն բավականին ժամանակ է անցել (մոտ 1 ամիս), սակայն հիացական արձագանքները չեն դադարում։ Մոսկովյան հանդիսատեսը վերջին անգամ 15 տարի առաջ էր ունկնդրել ՀՖՆ-ի համերգը՝ Վ. Գերգիեւի ղեկավարությամբ։ Այս անգամ ՀՖՆ-ն ղեկավարում էր երիտասարդ դիրիժոր Է. Թոփչյանը։ Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված համերգի ծրագրում ընդգրկված էին Պ. Չայկովսկու, Ա. Խաչատրյանի, Հ. Բեռլիոզի ստեղծագործությունները։ «Առավոտի» տրամադրության տակ են ՀՖՆ-ի մոսկովյան համերգին ներկա մշակութային գործիչների արձագանքները. Կարեն Խաչատրյան (արվեստաբան, Արամ Խաչատրյանի որդին)- Սա, հիրավի, մեծ իրադարձություն էր Մոսկվայի մշակութային կյանքում։ Համերգը հսկայական հաջողություն ունեցավ։ Հայրս շատ էր սիրում այս անսամբլը եւ բազմաթիվ համերգներ է տվել ՀՖՆ-ի հետ։ Պետք է ասեմ, որ մոսկվացիները շատ հազվադեպ են այսքան երկար ծափահարում։ Սա մեծ հաղթանակ է։ Ռաֆայել Բաղդասարյան (Մեծ թատրոնի նվագախմբի մենակատար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր)- Ես այս նվագախմբին ծանոթ եմ դեռ 1949-ից։ Հիշում եմ, ինչպես էին այս նվագախմբի հետ համերգներ տալիս Ա. Խաչատրյանը, Դ. Օյստրախը եւ այլ տաղանդաշատ երաժիշտներ։ Այս համերգի մասին պիտի ասեմ, որ հենց առաջին պահից, առաջին ակորդներից նվագախումբը առանձնանում է հրաշալի հնչեղությամբ, փայլուն կատարումով։ Ինձ համար հայտնություն էր երիտասարդ, տաղանդավոր, բոլոր անհրաժեշտ որակների տեր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Ռուբեն Ահարոնյան- ՀՖՆ-ն՝ Է. Թոփչյանի գլխավորությամբ, ցուցադրեց գերազանց գեղարվեստական վիճակ։ Զգացվում է երաժիշտների կատարած մեծ աշխատանքը։ Հատուկ ուզում եմ նշել լարայինների հրաշալի հնչեղությունը, ինչպես նաեւ՝ լարայինների ու փողայինների հոյակապ ներդաշնակությունը։ Իմ կարծիքով, գեղարվեստական մակարդակով այս խումբը չի զիջում մոսկովյան ոչ մի նվագախմբի։ Այս համերգն այն քչերից էր, որ երկար է հիշվում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել