Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՍՊԱՆՈՒՄ

Հունիս 19,2001 00:00

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՍՊԱՆՈՒՄ «Թափառող կենդանիների դեմ պայքարի ծառայություն» ՊՓԲԸ-ի վիճակագրության տվյալների համաձայն, նախորդ տարի Երեւանում ոչնչացվել է 1933 թափառող շուն։ Այս տարի մինչեւ հունիս ամիսը արդեն ոչնչացվել է 3423 թափառող կենդանի։ Ծառայության տնօրեն Միքայել Դավթյանն ասաց, որ ամենամեծ որսը եղել է այս տարվա հունիսի 7-ի գիշերը, երբ «մեր ծառայությունը մայրաքաղաքի տարածքային ՆԳՆ-ի բաժինների հետ համատեղ բոլոր 12 համայնքներից ոչնչացրել է 365 թափառող շուն»։ Մայրաքաղաքի շնաորսը կատարում է 3 որսորդ, աշխատում է 3 մեքենա։ Ոչնչացման գործընթացը իրականացվում է գիշերը՝ ժամը 24-ից առավոտյան 5-ը։ Մ. Դավթյանը ասաց, որ իրենք երբեմն «խղճահարության զանգեր են ստանում, ասում են՝ ինչի՞ եք սպանում խեղճ կենդանիներին»։ Պրն Դավթյանն ասաց, որ երբ առաջարկում են վերցնել մեկ շուն եւ պահել՝ հրաժարվում են։ Մեկ ամսվա ընթացքում ստացվում է մոտավորապես 670 ահազանգ։ «Շները բեղմնավորվում են տարին 2 անգամ, պատկերացնո՞ւմ եք, եթե մեկ տարի շուն չոչնչացնենք, ապա այդ թիվը ո՜ւր կհասնի»։ Մ. Դավթյանը շեշտեց, որ ոչ մի քաղաքակիրթ երկրում շներին չեն սպանում։ Այլ կան «պիտոմնիկներ», որտեղ հավաքում են բոլոր թափառող կենդանիներին, կերակրում, լողացնում, պահում, մեծացնում, հետո առաջարկում են հիմնարկ-ձեռնարկություններին։ «Սակայն մեր հանրապետության տնտեսական վիճակը ստիպում է շեղվել քաղաքակրթությունից եւ զբաղվել դաժանությամբ»,- ասաց Մ. Դավթյանը։ Թափառող կենդանիների դեմ պայքարի ծառայությունը ֆինանսավորում է քաղաքապետարանը։ «Մեկ ամսվա ծախսը երկու միլիոն դրամ է, որի մեջ մտնում են եւ փամփուշտը, եւ վառելիքը, եւ աշխատավարձը… մեկ շան պոչը գնահատվում է 400 դրամ, 300-ը որսորդինն է, 100-ը՝ վարորդինը»,- ասաց Մ. Դավթյանը։ Ն. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել