Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՎԱՐՏՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 19,2001 00:00

ԿԱՎԱՐՏՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդը (Ֆրանսիա) «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Սպիտակ քաղաքի մշակույթի պալատի շինարարության ավարտման ծրագիրը: Սպիտակի մշակույթի պալատի շինարարությունը սկսվել էր 1998 թվականին՝ վաղամեռիկ քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի նախաձեռնությամբ: Շինարարության համար միջոցներ են հատկացվել պետական բյուջեից, սակայն դրանց անբավարարության պատճառով շինարարությունն ընդհատվել է: Այս ծրագրով կատարվում են ներքին հարդարման ու կահավորման, լուսատուների պատրաստման ու տեղադրման, կինոխցիկի սարքավորումների մոնտաժման, շենքի պաշտպանիչ գոտու ստեղծման եւ արտաքին բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 250.000 դոլար է: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Հույս» ձեռնարկությունը: Շինարարությունն ավարտվելու է այս տարվա սեպտեմբերին: Պալատում կգործեն գրադարան՝ գրապահոցով եւ ընթերցասրահով, թատրոն, կինո, երգի եւ պարի համույթներ, մանկական ստեղծագործության խմբակներ: «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդն ավելի քան երկու միլիոն դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանում՝ աղետի գոտում, մարզերում եւ Երեւանում: Ներկայումս, բացի Սպիտակի մշակույթի պալատից, ֆոնդը ֆինանսավորում է նաեւ Գյումրիի «Մեղվիկ» մանկական կենտրոնի շինարարության ծրագիրը: Այս տարվանից գործում է ֆոնդի հիմնած հանրապետության նախագահի ամենամյա մրցանակը՝ տարեկան 25 հազար դոլար մրցանակային ֆոնդով: «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդը՝ ի դեմս Ալբերտ Պողոսյանի, անդամակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եւ Հիմնադրամի պատվո անդամ է: «ՀԱՅԱՍՏԱՆ» Համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել