Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այստեղ սիրում են Նժդեհին

Հունիս 19,2001 00:00

Այստեղ սիրում են Նժդեհին Վայոց ձորում առանձնահատուկ սեր են տածում Գարեգին Նժդեհի հանդեպ։ Ամեն տարի հունիսի 17-ին ավանդական ուխտագնացություն է կազմակերպվում Սպիտակավոր եկեղեցի, որտեղ հանգչում է Գարեգին Նժդեհի վերաթաղված աճյունը։ Այս անգամ այցելության կազմակերպիչը «Նախիջեւան» հայրենակցական միությունն էր, որի նախագահն է Նժդեհի եղբոր թոռ Վազգեն Տեր-Հարությունյանը։ Ուխտագնացությունը սկսվեց վաղ առավոտյան՝ Եղեգնաձորից քարքարոտ ու անբարեկարգ լեռնային ճանապարհի հաղթահարմամբ։ Միջոցառումը սկսվեց Արցախի թեմի Քաշաթաղի հոգեւոր հովիվ Աթանես վարդապետ Մովսիսյանի կողմից մատուցված պատարագով։ Մարդիկ նաեւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Սպարապետի շիրիմին։ Արցախ Բունիաթյանը՝ ազատամարտի մասնակից, այժմ՝ Քաշաթաղի գլխավոր բժիշկը, ուրախ էր, որ տարեցտարի ավելանում է ուխտագնացության մասնակիցների թիվը, բայց, նրա խոսքերով, շատ հաճախ այնպիսի մարդիկ են խոսում Նժդեհի մասին, որ դրանով նսեմացնում են նրան, մինչդեռ Նժդեհին հասկանալու համար, ըստ Ա. Բունիաթյանի, գաղափարի մահապարտ պետք է լինել։ Ցմահ բանտարկությունից ազատ արձակված ու հայենիք վերադարձած Վարուժան Կարապետյանն էլ հիշեց սարոյանական խոսքը. «Իմ սիրտը լեռներում է», եւ բնորոշեց, թե այս վայրը իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի ոգին։ Նժդեհի թոռնուհի, դերասանուհի Գոհարինե Տրդատյանի համոզմամբ, պետք է անընդհատ ուսումնասիրել Նժդեհին, հասկանալու համար Նժդեհ-երեւույթը։ «Նրա գաղափարախոսությունը պետք է ընդունվի ինչպես մեր ընտանիքներում, այպես էլ դպրոցում ու բուհում,- կարծիք է հայտնում Վազգեն Տեր-Հարությունյանը եւ ավելացնում,- Նժդեհյան պատգամները պահպանելով միայն կարող ենք հավատարիմ լինել Նժդեհյան ուխտին ու հիշատակի հավերժացմանը»։ Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի տնօրեն Մուշեղ Սինանյանի համար պահը գերադասելի էր ամեն ինչից, «քանզի ուխտավայրը ոգեկոչում է ու մղում նոր աշխատանքի՝ նոր սերունդին դաստիարակելու այնպես, որ չմոռանա մեր մեծերին»։ Հայրենասիրությունը, տնօրենի կարծիքով, մեզ մոտ քիչ թե շատ հետին պլան է մղված, «մինչդեռ հենց դա է մեր տունն ու օջախը պահում»։ Հետո Գոհարինե Տրդատյանը կրկին միաբանության կոչ արեց ու հիշեցրեց Նժդեհի պատգամները։ Մարդու իրավունքների պաշտպան Պարույր Հայրիկյանը հիշեց, որ նժդեհյան գաղափարները մեզ պետք են, որ ճիշտ ապրենք։ Իսկ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը մասնավորեց Նժդեհի վիթխարի ուժն ու նրա գաղափարախոսության հիմնադրույթները իբրեւ ազգային գաղափարախոսություն ընդունելու կարեւորությունը։ Նրա գործընկեր, ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը համարում է, որ Գարեգին Նժդեհը այնպիսի մի պայծառ անհատականություն, սրբություն է հայ ժողովրդի համար, որ նրանով կարելի է հպարտանալ, որ իր ազգակիցն ես ու գաղափարների կրողը։ «Նա իր մտքի թռիչքով անելանելի իրավիճակներից խենթին հատուկ ճանապարհներ գտավ եւ ցույց տվեց մեզ»,- նշում է Ա. Ռուստամյանը։ Այսպիսին էր նժդեհյան ուխտագնացության կիրակի օրը՝ սուրբ Սպիտակավոր եկեղեցու բակում, որտեղ հավաքվածներին սրբատեղի էր բերել մի հավաքականություն՝ Նժդեհն իբրեւ երեւույթ եւ նրա գաղափարախոսությունը։ Այստեղ սիրում են Նժդեհին։ ՍԻՄՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել