Լրահոս
Օրվա լրահոսը

Պահեստի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը Օրենբուրգում եւ Ռիգայում ստացել է զինվորական բարձրագույն կրթ

Հունիս 19,2001 00:00

Կեղծիքները խրախուսվո՞ւմ են ՊՆ-ում Պահեստի փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը Օրենբուրգում եւ Ռիգայում ստացել է զինվորական բարձրագույն կրթություն եւ 90-ականներին վերադարձել է Ռուսաստանից։ 1992-1995թթ. որպես կամավորական մասնակցել է Հայաստանի եւ Արցախի պաշտպանական մարտերին։ Վիրավորվել է եւ դեռեւս չապաքինված՝ զորակոչվել նորաստեղծ Ազգային բանակ, որպես հետախուզական դիվիզիոնի հրամանատար։ 1995-ից առ այսօր ծառայողական անհամապատասխանության պատրվակով հեռացված է բանակի շարքերից։ Ավելորդ չէ շեշտել. 17 տարի 6 ամիս զինված ուժերում լինելուց հետո։ Փոխգնդապետն այսօր առանց ծառայության է, առանց հասանելիք թոշակի, առանց ապրելու միջոցների։ Նրա բազմաթիվ դիմումները, որոնք նաեւ «Առավոտում» են, աշխատանքի վերականգնման խնդրով են։ Եվ մերժվում են «բավարար հիմքերի բացակայության» պատճառաբանությամբ։ «Փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանը,- ընթերցում ենք ՊՆ ատեստավորման հանձնաժողովի տեքստի բովանդակությունը,- ունի զինվորական բավարար գիտելիքներ, սակայն դրանք ծառայության ընթացքում չի օգտագործում»։ Ըստ գնդապետ Ռ. Ռ. Գարեգինյանի միջնորդագրի (որտեղ գրված է. «Ներկայացվում է պահեստազոր») Ա. Հովհաննիսյանը «ֆիզիկապես կոփված է, ամուսնացած է, բարոյապես կայուն է։ Պետական եւ զինվորական գաղտնիքը պահպանել գիտե»։ Սակայն… զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանում եւ արժանի է… զորացրման։ 5.08.95թ. գեներալ-մայոր, ԶՈՒ հրետանու պետ Վ. Ա. Հայրապետյանը տալով իր համաձայնությունը «հրամանատարության» եզրակացությանը, գտնում է, որ փոխգնդապետը արժանի է զորացրման. «պիտանի չէ բանակի համար, ազատել ըստ տարիքի»։ Ինչպես նկատեցիք, մի դեպքում գործում է ծառայողական անհամապատասխանության հանգամանքը, մյուս դեպքում՝ տարիքը։ Սակայն ՊՆ մշտական գործող վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի դիմումը՝ ուղղված ՀՀ Կադրերի վարչության պետի պաշտոնակատար, փոխգնդապետ Վ. Կ. Սահակյանին, մեզ մեկ այլ հանգամանքի մասին է հուշում. «Հովհաննիսյանը չունի կազմակերպչական ընդունակություններ, չարաշահել է պաշտոնական դիրքը, թույլ է տվել սպայի պատիվը արատավորող արարքներ»։ Եվ, ո՜վ խայտառակություն, «արատավորող արարքների» մեջ նշվում է. «Անձնակազմի սոցիալական եւ ընտանեկան պայմաններին ծանոթանալու ժամանակ ուշադրություն է դարձրել այն ընտանիքներին, որտեղ եղել է միայնակ մայր»։ Ա. Հովհաննիսյանը մեզ տեղեկացնում է, որ ինքը ատեստավորման չի հրավիրվել, անգամ չի ծանոթացել հանձնաժողովի եզրակացությանը եւ որ «ատեստավորման թերթիկը կազմվել է իրականում չկայացած ատեստավորման հանձնաժողովի կողմից» եւ որ «8 անդամներից 6-ի ստորագրությունները կեղծված են»։ Այս պատասխանատու հայտարարությունը անելու հիմք է դարձել Հայ փորձագետների միության դեկտեմբերի 25-ի (2000թ.) մասնագիտական եզրակացությունը, ըստ որի, «Ալբերտ Հովհաննիսյանին 10.07.95թ. տրված ատեստավորման թերթիկում ատեստավորման հանձնաժողովի նախագահ, գնդապետ Մկրտչյանի անունից եղած ստորագրությունը եւ թիվ… զորամասից Ա. Հովհաննիսյանին 26.03.95թ. տրված արձակուրդային տոմսում Ռ. Գարեգինյանի անունից եղած ստորագրությունը կատարված են տարբեր անձանց կողմից։ …Ատեստավորման հանձնաժողովի անդամ, ավագ լեյտենանտ Ն. Մ. Գալստյանի անունից ստորագրությունը կատարված է տարբեր անձանց կողմից։ Թիվ… զորամասից փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանին 10.07.95թ. տրված ատեստավորման թերթիկում հանձնաժողովի անդամներ, փոխգնդապետ Շախբազյանի, մայոր Ենգոյանի, կապիտան Շաքարյանի, կապիտան Միքայելյանի ազգանունների դիմաց եղած ստորագրությունները կատարված են նույն անձի կողմից»։ ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովը այս դեպքում «սպայի պատիվը արատավորող արարքներ» բառակապակցությունը չի օգտագործում։ Ու այս կեղծիքներով կադր են ազատում եւ մատնում անորոշությա՞ն։ Առնվազն տարօրինակ է, երբ այսքանից հետո ծանոթանում ես գեներալ-մայոր, ՊՆ տեղակալ Ա. Աղաբեկյանի պատասխանին (հանրակացարանի բնակիչ, փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանին). «Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ 1995թ. ընդունած որոշումը Ձեզ զինված ուժերից ծառայողական անհամապատասխանությամբ զորացրելու վերաբերյալ վերանայելը բավարար հիմքերի բացակայության պատճառով աննպատակահարմար է գտնվել»։ Բավարար հիմք չէ՞, երբ գնդապետ-կապիտան-մայորի ստորագրություն է կեղծվել։ Տպավորությունն այն է, որ ստորագրություն կեղծողները քաջալերվել են ՊՆ-ի կողմից, այլապես փորձագետների հետեւությունները նախազգուշական քայլերի կարժանանային վաղուց։ Այնուամենայնիվ, ո՞վ կամ ովքե՞ր էին կեղծարարները, եւ 6 տարի անց ՊՆ-ում կգտնվի՞ մեկը, որ կկարմրի Ա. Հովհաննիսյանի առաջ։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել