Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ շփվել է ՊԱԿ-ի, քան հոր հետ

Հունիս 19,2001 00:00

Արդեն 4-րդ նիստն է (հունիսի 11-ից սկսած), ինչ «Հոկտեմբերի 27» քրգործով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հարցեր է տալիս, հարցաքննում ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։

Մեղադրողի հարցերը միանշանակ չընդունվեցին եւ երեկ։ Նախ, «ըմբոստացավ» Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանը։

Երբ մեղադրողը, հանգուցյալ Արմենակյանի հետ կապված, կոնկրետ հարցեր էր տալիս ամբաստանյալին, վերջինիս բարոյական նկարագիրը եւ միտումնավորությունը ճշտելու նպատակով, փաստաբան Անդրիյանն ասաց, թե իր մոտ տպավորություն կա, որ «մենք քննության ենք առնում ոչ թե հանգամանքը, այլ հիշատակը», եւ կոչ արեց զերծ մնալ այդ ամենից։

Մինչդեռ հարցաքննության ընթացքում պարզ էր մի բան. եթե մինչ այդ իր դատաքննական ցուցմունքներում ամբաստանյալը ներկայացնում էր, որ հոկտեմբերի 27-ին շատերին չի ճանաչել, եւ որ սպանվածները պատահական զոհեր են, ապա երեկ, իր վերաբերմունքն արտահայտելով մասնավորապես Արմենակյանի նկատմամբ, ակներեւ դարձրեց մի շատ կարեւոր հանգամանք, որ ինքը լավ էլ իմացել է հանգուցյալ ազատամարտիկին։

Մեղադրողին «մեղադրեցին» այն հարցի համար, թե ինչո՞ւ է, օրինակ, նա հարցնում ամբաստանյալին՝ «ռազմագիտություն առարկա անցե՞լ եք»։ Պատասխանից պարզվեց, որ անցել է, եւ ամբաստանյալը իրենց դպրոցի հրաձգարանում էլ զենքով կրակել է։ Մինչդեռ, եթե հիշում եք, նույն այս ամբաստանյալը իր դատաքննական ցուցմունքներում պնդեց, որ իրենք զենքի հետ ծանոթացել են գրականությունից եւ հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ սեփական բնակարանում են… զենքը փորձարկել։

Հիմա կարող եք ասել. կարեւոր չէ՞ր հարցը տալը։ Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Ջանոյանը եւ հետագայում արդեն՝ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը «կոռեկտ» չհամարեցին, երբ զուգահեռ է անցկացվում հերոսի եւ մարդասպանի միջեւ։ Փաստաբան Ա. Սարգսյանը ամբաստանյալ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ստեփանյանի կոչին էլ՝ «հարգել մեր ժամանակը» ընդամենը պատասխանեց. նա՝ ով շտապում է, այլ աշխատանքի կարող է անցնել։

Մեղադրող Հ. Մարտիրոսյանն էլ «վախեցնելու» համար հիշեցրեց, թե կան եւս 3 մեղադրողներ, որոնք հարցեր պիտի տան ամբաստանյալին։

Ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպան, փաստաբան Մարուսյա Չիլինգարյանը մեղադրողի հարցերը «բնութագրական բնույթի» համարելով, խորհուրդ տվեց մեղադրողին («իրավաբանական օգնություն ցույց տալով»), այդ տիպի հարցերը տալ ճառի ժամանակ։

Մեղադրողը, հավատարիմ մնալով իր ընտրած մարտավարությանը, շարունակեց հարցերն ուղղել ամբաստանյալին։ Ի դեպ, երեկ վերջինս անդրադարձավ ՊԱԿ-ի աշխատակիցների հետ շփումներին, որոնք մեր տպավորությամբ ավելի տեւական են եղել, ավելի հաճախակի, քան, ասենք, հանդիպումը… սեփական հոր հետ։ Որպես հավելում պակագիտական աղբյուրների, ամբաստանյալը հայտնեց, որ 88-90թթ. ինքն առնչվել է նաեւ փոխգնդապետ Կզարթման-Կարապետյանի հետ եւ, որ հանդիպել է նրա հետ ՊԱԿ-ի շենքում։

Հունիսի 14-ի հարցաքննության ժամանակ ամբաստանյալը հայտնել էր, որ իր նկատմամբ 1988թ. հարուցվել էր քրգործ «հակասովետական ագիտացիայի եւ իշխանափոխության» մեղադրանքով։ Մեղադրող Հ. Մարտիրոսյանը հարցրեց, թե ո՞վ էր քննիչը եւ որտե՞ղ է հարուցվել քրգործը։ Առնվազն տարօրինակ կարող ես համարել ամբաստանյալի պատասխանը. «Այդ կապակցությամբ շատ բան չգիտեմ։ Գործը հարուցվել է ՊԱԿ-ի կողմից, այն ժամանակ ես այդ մասին իմացել եմ անուղղակի ճանապարհներով, ինձ հետ որեւէ գրավոր հարցաքննություն չի արվել։ Ինձ հետ միայն բանավոր խոսակցություններ է ունեցել Սարո Մկրտչյանը, երբեմն-երբեմն՝ Էդիկ Ոսկերչյանը։ Մեկ անգամ էլ՝ այդ Կարապետյանը։ Այդ մասին նշվում է ԱԱ փոխնախարար Գ. Գրիգորյանի մի գրության մեջ՝ ուղղված զինդատախազին»։

Ամբաստանյալն իր ստացած «անուղղակի» ինֆորմացիաների մասին խոսելով, հայտնեց, որ համադրել է ՊԱԿ-ի աշխատակիցների հետ իր զրույցներն ու անձնական խոսակցությունները, նաեւ իր խոսակցությունները այն անձանց հետ, ովքեր հավաքագրված էին ՊԱԿ-ի կողմից։ Նա նշեց, որ դիմել է շատուշատ հնարամտությունների։ Մեղադրողը փորձեց ճշտել. կարո՞ղ եք հայտնել, ի՞նչ հնարամտությունների եք դիմում «Հոկտեմբերի 27» դատաքննության ընթացքում։ Ամբաստանյալն այս հարցին էլ պատասխան ուներ. «Դատաքննությանը՝ ոչ, նախաքննության ընթացքում իմ զինանոցից օգտվել եմ»։ Երեկ խոսվեց նաեւ 1989թ. մարտի 26-ի ԽՍՀՄ ԳԽ ընտրությունները բոյկոտելու ժամանակ ամբաստանյալին վարչական կալանքի ենթարկելու մասին։ Պարզվեց, որ ամբաստանյալին տրվել է 30 օր վարչական կալանք, սակայն նա ազատվել է 10 օր հետո։ Եվ, որ պառկել է հիվանդանոցում։ «Նշանակվել էր որոշակի հսկողություն իմ հանդիպումները հսկելու եւ տեղեկանալու համար»,- ասաց նա։

Այստեղ էլ «սայլը» տեղից չի շարժվել առանց պակականների. ուսանողական շարժման «լիդերին» հիվանդանոց է այցելել ՊԱԿ-ի աշխատակից Էդիկ Ոսկերչյանը։ Իսկ ահա հոր հետ ամբաստանյալը քիչ է հանդիպել. «Տանը քիչ ենք հանդիպել։ Միասին էլ ենք հաց կերել, առանձին էլ»։

Մեղադրող Հ. Մարտիրոսյանը հակառակ կարծիքի էր. նա հարցն ուղղեց այսպես. «Ձեր հորը մղելով մի առանձին անկյուն, առանձին-առանձին եք հաց կերել։ Այս բոլորից հետո այսպիսի՞ գործելակերպով էիք փրկելու հայ ժողովրդին»։

Ամբաստանյալը հոր «իրավիճակը» կապեց պետության վարվող քաղաքականության հետ։ «Հայրս ներփակ լինելով՝ շփումներից խուսափում էր եւ տարիների ընթացքում նրա հետ շփումներ չի եղել»։

Վճռաբեկ դատարանի շենքի մոտակայքում, ուր ժողովուրդն է հավաքվում, շատ հաճախ կարող ես տեսնել վերոնշյալ «ներփակ» մարդուն, որը շփումների խիստ կարիք է զգում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930