Լրահոս
Օրվա լրահոսը

2001-ի

Հունիս 19,2001 00:00

Բնական եւ արհեստական աղետ Ավշար գյուղում 2001-ի մայիսի 28-ին Արարատի մարզի Ավշար գյուղում տեղացած ուժեղ կարկուտի եւ փոթորիկի արդյունքում ամբողջովին ոչնչացել է գյուղի շուրջ 650 հա խաղողի եւ պտղատու այգիների բերքը։ Վնասվել են նաեւ մեծ քանակությամբ բանջարանոցային կուլտուրաների, հացահատիկի եւ այլ ցանքատարածություններ՝ պատճառելով գյուղի բնակչությանը ավելի քան 500 մլն դրամի նյութական վնաս։ Մեզ ուղարկված դիմում-բողոքում ավշարցիները պատմում էին նաեւ, որ Ավշարի երկաթգծից վերեւ ընկած մասում մոտ 150 հա հողատարածք ջրազրկված է։ Բացի դա, Ավշարում կա 4 պոմպակայան, որոնցից ողջ տարվա ընթացքում գործում է միայն մեկը կամ երկուսը եւ լիարժեք ջրամատակարարումը այդ պայմաններում բացառվում է։ Դիմում-բողոքում Ավշարի բնակիչները նշել են, որ վնասի հատուցման խնդրանքով դիմել են կառավարություն եւ ԱԺ, սակայն «արժանացել են միայն արհամարհանքի»։ Ավշարցիները, սակայն, համատեղ ուժերով համապատասխան ագրոմիջոցներով ինքնուրույն վերականգնել են խաղողի եւ պտղատու այգիների հետագա կենսունակությունը, կատարել են մշակաբույսերի ուշացած վերացանք, սակայն՝ «հերիք չէ մեզ այս պայմաններում որեւէ մեկը չօգնեց, դեռ ավելին, եղած բնական աղետին ավելացավ նաեւ արհեստական մի նոր աղետ։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի հրամանով, դադարեցվեց գյուղի ոռոգման ջրերի մատակարարումը՝ մուծումներ չանելու պատճառով»,- նշված էր դիմումում։ Ավշարցի 1630 ընտանիք ներկայումս զրկվել է ապրուստի միակ միջոց հանդիսացող հողի բերքն ապահովող ջրից։ «Երկրի ղեկավար այրերը մտածում են աշխատատեղեր ստեղծելու մասին, իսկ գյուղացին ունի այդ աշխատատեղը, դա նրա գոյությունը պաշտպանող մի փոքրիկ հողակտորն ու ջուրն է, որը կյանք է տալիս հողին եւ բերքին»,- գրված էր դիմումի վերջում։ Ավշարի գյուղի բնակիչների խոսքերով, «եթե մեր պետական այրերը այնքան պարտաճանաչ են, որ անջատում են մեր ոռոգման ջրերը մուծումները չանելու պատճառով, ապա թող նույնքան պարտաճանաչ լինեն եւ հատուցեն գյուղին հասցված վնասը»։ Խնդրի շուրջ զրուցեցինք Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի հետ, որն էլ մեզ տեղեկացրեց, թե ներկայումս Ավշար գյուղը կանոնավոր ջրամատակարարում ունի։ «Օրերս միայն ջրամատակարարումը պակասեցվել էր եւ ոչ ամբողջովին ընդհատվել, այն էլ ոչ թե վճարումների, այլ ջրագծի հետ կապված պրոբլեմների պատճառով»,- ասաց պրն Մարտիրոսյանը։ Նա նշեց նաեւ, որ իրենք երբեւէ վճարումների պատճառով, այն էլ ամառային ամիսներին, գյուղացուն չեն զրկել ջրից. «Դեռ ավելին, հունիսի 1-ի դրությամբ գոյացել է 5 մլն 736 հազար դրամ ջրի պարտք, որից գանձվել է ընդամենը 21%-ը, այսինքն 1 մլն 151 հազար դրամը։ Եվ, չնայած այդ հանգամանքին, մենք երբեմն ստիպված ենք լինում պլանավորվածից շատ ջուր մատակարարել»։ Իսկ ինչ վերաբերում է փոխհատուցմանը, Ջրային տնտեսության կոմիտեից տեղեկացրին, որ իրենք ի պաշտոնե դրանով չեն զբաղվում, թեեւ հայտնեցին, որ փոխհատուցումները կատարվում են միայն լուրջ աղետների եւ երաշտների դեպքում, այն էլ միայն պետության կամ ապահովագրական ընկերությունների միջոցներով։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ Հ. Գ. Ի հակադրություն Ջրային տնտեսության կոմիտեի բերած փաստարկների, ավշարցիներից եւս մեկ անգամ տեղեկացանք, որ ջրամատակարարումը մինչ օրս չի կարգավորվել եւ ջուրը տրվում է ընդհատումներով, որը, ինչպես նշեց գյուղացիներից մեկը՝ «հերիքում է միայն լոբու մի քանի մարգեր ջրելու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել