Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի կանաչ տարածքների՝ նախկինում 10% կազմող ցուցանիշն այսօր

Հունիս 19,2001 00:00

ԿԱՆԱՉ ԵՂԵՌՆ Մայրաքաղաքի կանաչ տարածքների՝ նախկինում 10% կազմող ցուցանիշն այսօր իջել է 4%-ի։ Քաղաքակիրթ երկրներում այդպիսի «տեռոր»-ի համար դեղին (եթե ոչ կարմիր) քարտ ցույց կտային առաջին հերթին էկոփորձաքննության մարմիններին։ Մեզ մոտ, պարզվում է, էկոփորձագետների տեղն անգամ չգիտեն, «շնորհիվ» հողհատկացնող կառույցների «զգուշավոր» շրջանցումների։ Շատ անգամ նրանք այդ փաստը հիմնավորում են (եւ իրավունք ունեն), հենվելով 1999-ին ընդունված կառավարության մի որոշման վրա, ըստ որի, էկոփորձաքննության ենթակա են 1000 քմ-ից ավելի տարածք ընդգրկող շինությունները, 500 տեղանոցից ավելի մեծ հյուրանոցներն ու ռեստորանները, օրական 10 տոննա արտադրական հզորություն ունեցող հացաթխման արտադրամասերը եւ այլն։ Մեր անվճարունակ ու փոքրիկ երկրում նման «գիգանտներ» վերջին 10 տարում գրեթե չեն կառուցվել։ Իսկ եթե այդ թվերից մի-մի զրո պակասեցնենք, կստացվի այսօրվա պատկերը՝ բազմաթիվ փոքր ռեստորաններ, բար-սրճարաններ ու հյուրանոցներ, որոնց արդեն ասֆալտն ու պատրաստի շինությունները չեն բավարարում եւ դրանք հաճույքով «արշավում» են կանաչապատ տարածքներ, հատկապես որ խոչընդոտող էլ չկա։ «Պետական էկոփորձաքննություն» ՊՓԲԸ-ն էլ, բնականաբար, մեծ արգելք չէ՝ մի շարք պատճառներով։ Նախ՝ հիշյալ որոշմամբ տրված մեծ սահմանային չափերը, որոնք, երեւի, ուղղակիորեն «թխվել» են մի որեւէ մեծ ու զարգացած երկրի համապատասխան թվերից, առանց տեղայնացվելու։ Այդ բացին գումարվում է քաղաքաշինության մարզային ու հանրապետական կառույցների թափթփված աշխատանքը, երբ, ի թիվս այլ կարեւոր փաստաթղթերի, գործարարից չի պահանջվում էկոփորձաքննության եզրակացությունը՝ դրական կամ բացասական։ Եվ էկոփորձագետները շրջակա միջավայրի հանդեպ ոտնձգություն արած (կամ՝ ընդհանրապես) որեւէ կառույցի գոյության մասին տեղեկանում են, երբ արդեն շինությունը գետնից բարձրանում է։ Ընկերության տնօրեն Լ. Գասպարյանի հավաստմամբ, այդտեղ սկսվում է իսկական «պատերազմ». եթե հաղթեցին, գործարարը ներկայացնում է նախագիծն էկոփորձաքննության, եթե ոչ՝ իրենք մեխանիզմ կամ իրավասություններ չունեն շինարարությունը կասեցնելու։ Լավագույն դեպքում կազմվում է դատական գործ, որի տերն էլ՝ դատավորն ու Աստված… Ի դեպ, կիսակառույց շինությունն էլ աջ կամ ձախ տանել հնարավոր չէ, եւ էկոփորձագետներին մնում է ձեւական եզրակացություն կազմել, շատ-շատ՝ պարտադրելով բետոնի տակ մնացած կանաչ տարածքի փոխարեն մի քանի ծառ ու ծաղիկ տնկել։ – Իսկ դա արդեն դիզայների գործ է, ոչ թե փորձագետի,- վիրավորվում է տնօրենը,- բայց ի՞նչ կարող ենք անել։ Թեպետ խոշոր խախտումների դեպքում ընկերությունն, այնուամենայնիվ, գերադասում է բացասական եզրակացություն տալ եւ իր վրա չվերցնել մնացածի գործած մեղքից մի բաժին։ Որպես օրինակ, Լ. Գասպարյանը նշեց «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող հյուրանոցն ու օպերայի զբոսայգու կիսավարտ սրճարան-դիսկոտեկը։ Ի դեպ, նշենք, որ կառավարության թիվ 193 որոշմամբ սահմանված չափերից փոքր «օբյեկտները» էկոփորձաքննության են բերվում ոչ թե ընկերության աշխատակիցների կամայականությամբ, այլ ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին օրենք»-ով տրված իրավունքներից ելնելով։ Օրենքի 4-րդ հոդվածն արտոնում է խախտել սահմանային չափերի «վետոն» եւ անցկացնել էկոփորձաքննություն, երբ առկա է համայնքի կամ հասարակական որեւէ կազմակերպության բողոքը կառուցվող շինության համար։ Պարզվում է (եւ փառք Աստծո), որ հասարակական շարժումն այդ առումով բավականին ակտիվ է, թեպետ գործնականում շոշափելի արդյունքի դեռ չի հասել (ինչպես նորմալ երկրներում է)։ Էկոփորձաքննության ընկերությունն էլ իր հերթին է փորձում շտկել օրենսդրական դաշտի անկատարությունը. մշակել է մեր երկրի «ստանդարտներին» հարմար նոր սահմանային չափեր, վերահսկողության մեխանիզմներ, որոնք պետք է ներկայացվեն կառավարության հաստատմանը։ Իսկ թե մինչեւ այդ «երանելի» օրվա գալուստը մեր քաղաքաշինարարների ու գործարարների «գայլային ախորժակից» կանաչ տարածքների քանի՞ տոկոսը կփրկվի, դա էլ հարց է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել