Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցնում

Հունիս 19,2001 00:00

ՔԱՆԻ՞ ԳՈՐԾԱԿԱԼ Է ՍՊԱՆՎԵԼ Հարցնում է նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը։ – Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի այն հավաստիացումներից, թե որեւէ մեկը չի կարող անպատեհ եւ առանց համապատասխան թույլտվության մտնել ԱԱՆ մեկուսարան, չի՞ կարելի եզրակացնել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալների նկատմամբ բռնարարքներ կա՛մ չեն եղել, կամ էլ դրանք եղել են հրահանգավորված, թույլատրված։ – Իմ համոզմամբ, մեր մեկուսարանները դեռեւս գործում են կամ խորհրդային օրենքներով, կամ էլ դրանք հիմք են դարձել գործող կանոնակարգերի համար։ Իսկ խորհրդային ռեժիմի օրոք մեկուսարաններն իրոք շատ փակ համակարգեր էին, եւ խիստ սահմանափակ թվով մարդիկ կարող էին այնտեղ ազատ ելումուտ ունենալ։ Որեւէ մեկն առանց թույլտվության չէր կարող մտնել այնտեղ եւ խոշտանգել՝ եթե եղել են խոշտանգումներ։ Հակառակ դեպքում՝ դրանք հրահանգավորված են եղել։ – Եվ դրանից հետո ո՛չ ԱԱՆ մեկուսարանի պետն է փոխվել, ո՛չ էլ ԱԱ նախարարը։ Ուրեմն, ինչպե՞ս հանկարծ անվտանգ դարձավ այդ մեկուսարանը, ինչի՞ համար է այս աղմուկը։ – Չեմ կարող բացատրել, թե ինչի՞ համար է աղմուկը, քանի որ չեմ կարողանում հասկանալ՝ ում համար ինչ տարբերություն, թե որտեղ պետք է պահվի Նաիրի Հունանյանը։ Ես չեմ կարողանում հասկանալ՝ Հայաստանի բոլոր ուժային նախարարներն ու վարչապետն ինչո՞ւ են այսպես մտահոգված այս խնդրով։ Իմ կարծիքով, Նաիրի Հունանյանի պահման վայրը պետք է նրանց համար խնդիր չդիտվեր ընդհանրապես՝ ի՞նչ տարբերություն՝ այս մեկուսարանո՞ւմ, թե՞ մեկ ուրիշում, երբ դրանց «մակարդակները» նույնն են ամեն տեղ։ Եվ ծիծաղելի է, երբ նախարարներից մեկն ասում է, թե այս մեկում նրան վտանգ է սպառնում. դա ընդհանրապես պետական պաշտոնյայի ասելիք չէ։ Ավելի շուտ՝ իրավապաշտպանի ասելիք է։ – Իսկ իրավապաշտպանները վաղուց էին ասում, թե ինչ վիճակ է մեկուսարաններում՝ եւ ոչ Նաիրի Հունանյանի, այլ մնացած 6 հազար կալանավորների առնչությամբ։ – Եվ զարմանալի է, որ այդ մասին այժմ խոսում է ՆԳ նախարարը. մի մարդ, որ պարտավոր էր ապահովել յուրաքանչյո՛ւր կալանավորի անվտանգությունը։ Առավել եւս, որ Հայկ Հարությունյանը շատ խանդոտ էր վերաբերվում իր համակարգի նկատմամբ քննադատությանը։ Ես հիշում եմ՝ հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Գյումրիի մեկուսարանում տիրող վիճակի մասին բացասական կարծիք էի հայտնել, եւ Հայկ Հարությունյանն այնքան էր վրդովվել, որ նույնիսկ հանրապետության նախագահին էր բողոքել։ Ու նման խանդոտ վերաբերմունք ցուցաբերող մարդը հանկարծ ինքն է հայտարարում, որ իր համակարգում կալանավորի կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Ես ուղղակի զարմացած եմ՝ մեր իրավապաշտպան կազմակերպությունները հիմա արդեն պիտի հայտարարությամբ հանդես եկած լինեին ՆԳՆ ենթակայության մեկուսարաններում տիրող վիճակի մասին։ Պետք է ահազանգ հնչեցնեին, որ եթե ինքը՝ նախարարն է հայտարարում, թե ի վիճակի չեն վերահսկել իրավիճակը, ուրեմն՝ ի՞նչ կարելի է սպասել այս համակարգից։ – Սա էլ է հետաքրքիր. կարծես ոչ ոք չի՞ կասկածում, որ Նաիրի Հունանյանը ԱԱՆ գործակալ է, ուստի նրան հայրենի կառույցի հովանուց դուրս անպայման պիտի վտանգ սպառնա։ – Իմ կարծիքով, գործակալը մնում է գործակալ՝ եթե նա ԱԱՆ գործակալ է, դա դեռ չի նշանակում, որ ՆԳ համակարգի համար նա գործակալ չէ։ Քրեական հանցագործները պետք է տարբերությո՞ւն դնեն, ասեն՝ չէ, սա ԱԱՆ-ին է սպասարկում, ոչ ՆԳՆ համակարգի՞ն։ Ի՞նչ տարբերություն. կարեւորը, որ մարդն անցել է այդ սահմանը, արգելապատնեշը եւ դարձել գործակալ, լրտես։ «Գողական աշխարհի» հզորությանն այդքան հավատացած հանձնաժողովի անդամները նաեւ թող մի քանի օրինակներ բերեն, թե քանի գործակալ գիտեն, որ սպանվել է Հայաստանի մեկուսարաններում։ – Ձեզ համար բացատրություն ունի՞, թե ինչու նման հակազդեցության արժանացան հանձնաժողովի ձեւավորումն ու նախաձեռնությունները։ Ինչո՞ւ են ընդդիմանում, թվում է, այնպիսի մի հասարակ հարցի, ինչպիսին մեկուսարանից տեղափոխումն է, ինչի՞ց են վախենում։ – Հանձնաժողովի այս առաջին նախաձեռնությանը հետեւած աղմուկ-աղաղակն իրոք զարմանալի է։ Ես խորապես համոզված եմ, որ հենց միայն կասկածներ չհարուցելու համար պիտի ասեին՝ մեզ համար տարբերություն չկա, եթե հանձնաժողովը գտնում է, եւ դատարանն էլ դեմ չի՝ թող նա նստի, ենթադրենք, դատավորի սենյակում կամ ցանկացած այլ տեղ։ – Շատ է խոսվում այն մասին, որ եթե Հունանյանին տեղափոխեն ու նրան մի բան պատահի՝ ո՞վ է ստանձնելու պատասխանատվությունը, կարծես Հայաստանում բոլորը միշտ պատասխան են տալիս իրենց գործունեության հետեւանքների համար։ – Եթե ոմն Կիրակոս մահանա մեկուսարանում՝ ո՞վ է պատասխան տալու։ Տրամաբանական է, որ պատասխանատվություն պիտի կրի մեկուսարանի ղեկավարությունը։ Նաիրի Հունանյանի դեպքում նույնպես պատասխանատվություն պիտի կրեն նրանք, եւ ընդհանրապես պետությունը։ Քանի որ՝ եթե պետությունը չի կարողանում մեկուսարանում ապահովել 15 տարվա դատապարտված մարդու անվտանգությունը, ուրեմն, չպետք է նրան դատի եւ տանի մի տեղ, ուր 15 տարվա պատժից բացի նրան հանկարծ կարող է սպառնալ այլ պատիժ եւս։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել