Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս մայիսի սկզբներին կայացած ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի ասամբլեայում ՀԱՕԿ-ի փոխնախագահ, հայտնի

Հունիս 16,2001 00:00

«ՃՏԵՐԸ ՀԱՇՎԵԼՈՒ» ԺԱՄԱՆԱԿԸ Դեռեւս մայիսի սկզբներին կայացած ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի ասամբլեայում ՀԱՕԿ-ի փոխնախագահ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանն ի լուր բոլորի հայտարարել էր, որ Միջազգային օլիմպիական կոմիտեից ՀԱՕԿ-ին հասանելիք գումարները, հնարավոր է, ստացվեն միայն 2002 թ. օգոստոսին։ Սակայն եկող տարվա ձմեռային եւ 2004 թ. ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստությունը հետաձգել մինչեւ առաջին գումարների ստացումը, անթույլատրելի է։ Ուստի ինքը սահմանում է ամսեկան 1,5 միլիոն դրամ մարզական թոշակ, որը ֆեդերացիաների ներկայացմամբ եւ ՀԱՕԿ-ի գործկոմի հաստատմամբ կհատկացվի առավել աչքի ընկած եւ հեռանկարային մարզիկներին։ Ընդ որում, Գ. Ծառուկյանը հատուկ ընդգծեց, որ այս դրամագլուխը մեկնարկային է։ Եվ, տա Աստված, արժանի մարզիկների թվաքանակի մեծացման հետ, կավելացնի նաեւ գումարի քանակը։ Երեկ ՀՀ սպորտվարչության նիստերի դահլիճում կայացած ՀԱՕԿ-ի գործկոմի դռնբաց նիստում, որին ներկա էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, օրակարգում ընդգրկված չորս հարցերից մեկը նվիրված էր հենց այս արարողությանը։ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը (գործկոմի նիստը նա էր վարում), օրակարգային հարցերը քվեարկությամբ հաստատելուց հետո առաջարկեց «2004 թ. Աթենքի (Հունաստան) 29-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստվող հանրապետության լավագույն մարզիկներին ՀԱՕԿ-ի «Աթենք-2004» մրցանակ հատկացնելու մասին» հարցին անդրադառնալ նիստի հենց սկզբում, քանի որ, նախ՝ մարզիկներից շատերը պետք է գրաֆիկով սահմանված մարզումներին մասնակցեն, ապա՝ այդպես ավելի նպատակահարմար է, որպեսզի ՀԱՕԿ-ի գործկոմը դրանից հետո օրակարգային հարցերի քննարկման համար ավելի շատ ժամանակ ունենա։ Առաջարկությունն ընդունվեց միաձայն։ ՀԱՕԿ-ի փոխնախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ նշեց, որ առաջին ցուցակում ընդգրկված է 15 մարզիկ։ Նրանք մինչեւ նոյեմբեր կստանան ամսեկան 100 հազար դրամ։ Աշնանը մեկ անգամ եւս կամփոփվեն մեր մարզիկների ցուցանիշները։ Եվ եթե կլինեն նոր անուններ, որոնք հաջողությունների հասած կլինեն արդեն աշխարհի առաջնություններում, նրանք նույնպես կընդգրկվեն այս ցուցակում։ Առաջարկ եղավ, որպեսզի այժմվանից ամսեկան դրամական մրցանակ հատկացվի նաեւ ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանին։ Եղան թեր եւ կողմ կարծիքներ։ Սակայն Գ. Ծառուկյանն ասաց հետեւյալը. «Աշխարհի եռակի չեմպիոնին նույնպես մտցնում եմ այս ցուցակի մեջ, որպեսզի նա էլ լավ նախապատրաստվի առաջիկա պատասխանատու մրցումներին։ Բայց, եթե սպասելիքները չարդարացնի, նոյեմբերին կհանենք ցուցակից»։ Այնուհետեւ ծրարներով 100 հազար դրամի կտրոն ստացան հինգ ծանրորդներ, երեքական ազատ եւ հունահռոմեական ըմբիշներ, երեք բռնցքամարտիկներ, մեկ լեռնադահուկորդ եւ, իհարկե, Արայիկ Գեւորգյանը։ Այս հաճելի արարողությունից հետո ՀԱՕԿ-ի գործկոմն անցավ օրակարգային մյուս հարցերի քննարկմանը։ «2002 թ. Սոլթ Լեյք Սիթիի (ԱՄՆ) ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերի նախապատրաստման եւ մասնակցության աշխատանքների կազմակերպման հանրապետական շտաբ ստեղծելու մասին» հարցի շուրջ զեկուցեց ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Լ. Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց շտաբի անդամների առաջարկվող ցուցակը, որը պետք է ղեկավարի ՀՀ սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանը։ Առաջարկություն եղավ շտաբի կազմում ընդգրկել նաեւ չորրորդ իշխանության ներկայացուցչի։ Առաջարկվեց ՀՀ սպորտվարչության եւ ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի պետ Յուրի Ալեքսանյանի թեկնածությունը։ Գործկոմը քվեարկությամբ հաստատեց շտաբի կազմը։ Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր օգոստոսի 18-26-ը կայանալիք «Համահայկական 2-րդ խաղերի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքների համադասման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելուն», որի կազմը նույնպես հաստատվեց միաձայն։ Դա արվեց այն պատճառով, որ Համահայկական խաղերի նախապատրաստման եւ անցկացման հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնելու է նախարարության, սպորտվարչության եւ մարզական ֆեդերացիաների վրա, թեեւ կառավարության որոշմամբ ստեղծվել եւ գործում է ներկայացուցչական կառավարական կազմկոմիտե։ Աշխատանքային խմբի աշխատանքները կոորդինացնելու է Իշխան Զաքարյանը։ Թերեւս, այս պահին ամենակարեւորը «2001 թ. առաջին կիսամյակում աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մասնակցության արդյունքների վերաբերյալ ՀՀ օլիմպիական մարզաձեւերի հավաքական թիմերի ավագ մարզիչների հաշվետվությունների քննարկման» հարցն էր, որի գրաֆիկը պետք է որոշեր գործկոմը։ Իշխան Զաքարյանը, հարցը ներկայացնելով քննարկման, ամենայն լրջությամբ տեղեկացրեց, որ առաջին կիսամյակն ավարտվելուց հետո այսպիսի քննարկում կազմակերպելու անհրաժեշտության մասին բազմիցս ասվել է ասամբլեաներում եւ գործկոմի նիստերում։ Եվ քննարկումները լինելու են ամենայն մանրամասնությամբ ու շահագրգիռ։ Համենայն դեպս, ինքը, որպես Հայաստանում սպորտի ղեկավար, պահանջելու է, որպեսզի յուրաքանչյուր մարզաձեւի քննարկման օրը ներկա լինեն անխտիր բոլոր պատասխանատուները եւ մասնագետները, սկսած ֆեդերացիաների ղեկավարներից, մարզչական խորհուրդների բոլոր անդամներից, հավաքականների մարզիչներից, վերջացրած ՄԴ-ների ներկայացուցիչներով եւ հավաքականներում ընդգրկված մարզիկների անձնական մարզիչներով, եւ չի հանդուրժելու որեւէ ձեւականություն (տեղում այս ամենն ապահովելու համար տրվեցին կոնկրետ հանձնարարականներ)։ «Տարվա կտրվածքով աշխատանքները կազմակերպելու համար մարզաձեւերի ղեկավարները միջոցներ են պահանջում, որոնք պետական կառույցն ու ՀԱՕԿ-ն ամբողջովին ապահովում են։ Այսուհետեւ տարեկան երկու անգամ արդեն այդ կառույցներն են աշխատանք եւ հաշվետվություն պահանջելու»,- նշեց պարոն Զաքարյանը։ Պրն Զաքարյանը հայտարարեց նաեւ, որ այդ քննարկումներն անցկացվելու են բաց, հատկապես լրատվամիջոցների համար։ Եվ որպեսզի բացառվի մակերեսայնությունը, յուրաքանչյուր մարզաձեւի (խոսքը առայժմ հենակետայինների մասին է) տրամադրվելու է մեկ օր։ Պարտադիր է լինելու նաեւ ՀԱՕԿ-ի բժշկական հանձնաժողովի, ֆիզկուլտուրայի ինստիտուտի գիտամեթոդական կենտրոնի աշխատակիցների ներկայությունը, որոնք նույնքան պատասխանատվություն են կրում, որքան մարզիչները։ Քննարկումների արդյունքում ՀԱՕԿ-ը կարտահայտի իր վերաբերմունքը, կտա անաչառ գնահատական, որի բացասական լինելու դեպքում մեղավորները խստագույնս կպատժվեն, իսկ դրականի դեպքում, հասկանալի է, կդրվատվեն։ Ի մի բերելով այս հարցի շուրջ եղած առաջարկությունները, որոշվեց եկող շաբաթ հրավիրել ՀԱՕԿ-ի գործկոմի չորս արտահերթ նիստ։ Առաջիկա երկուշաբթի օրը նշանակվեց ազատ ոճի ըմբշամարտի ավագ մարզչի հաշվետվությունը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել