Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ այսպես, Մակեդոնիայի Օխրիդ փոքրիկ քաղաքում, որ գտնվում է համանուն լճի ափին, Եվրոպայի երկրորդ անհատ

Հունիս 16,2001 00:00

ՉՈՐՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Եվ այսպես, Մակեդոնիայի Օխրիդ փոքրիկ քաղաքում, որ գտնվում է համանուն լճի ափին, Եվրոպայի երկրորդ անհատական առաջնության հիմնական մրցաշարը հատեց եզրագիծը։ Տասներեք տուրից հետո 9,5-ական միավորով 1-ին եւ 2-րդ տեղերը բաժանեցին ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը եւ իսրայելցի Էմիլ Սուտովսկին։ Նրանցից կես միավոր պակաս ունեն Յուդիթ Պոլգարը (Հունգարիա) եւ Զուրաբ Ազմայփարաշվիլին (Վրաստան)։ Սակայն, ըստ մրցակարգի, չեմպիոնին եւ մրցանակակիրներին, հավասար միավորների առկայության դեպքում, որոշելու համար երեկ անցկացվեց լրացուցիչ պարտիա, որում առաջին երկուսը պետք է պայքարեին «ոսկու», իսկ մյուս զույգը՝ «բրոնզի» համար։ Շախմատասերներն արդեն գիտեն, որ Օխրիդում խաղարկվում էին նաեւ աշխարհի առաջնության ուղեգրեր, որոնց տիրելու համար 204 մասնակիցները պայքարում էին առաջին 46-յակում տեղ գրավելու համար։ Ուրախությամբ պետք է նշենք, որ մեր հանրապետության 10 շախմատիստներից չորսը պատվով կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքը։ Խոսքը նախ եւ առաջ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի մասին է։ Փորձառու շախմատիստը, որը երկար տարիներ խաղում է Գերմանիայում, սակայն պաշտոնական մրցումներում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, ամբողջ առաջնության ընթացքում առանձնացավ կայուն ու կշռադատված մրցելույթներով եւ, տանելով չորս հաղթանակ, ինը պարտիա ավարտելով ոչ-ոքի արդյունքով եւ չկրելով ոչ մի պարտություն, 8,5 միավորով գրավեց 7-րդ տեղը։ Գերազանց հանդես եկավ մեր մյուս փորձառու գրոսմայստերը՝ Աշոտ Անաստասյանը։ Նա մրցակիցների նկատմամբ առավելության հասավ հինգ անգամ, բայց կրեց մեկ պարտություն (մյուս պարտիաներում վաստակեց կեսական միավոր) եւ նույնպես 8,5 միավորով եզրափակեց առաջին տասնյակը։ Անշուշտ, հնարավոր չէ դրվատանքի խոսքեր չասել Սմբատ Լպուտյանի հասցեին։ Ճիշտ է, առաջնության վերջնամասում նա մի փոքր թուլացրեց տեմպերը եւ զգալիորեն նահանջեց մինչ այդ զբաղեցրած 2-րդ հորիզոնականից, սակայն, վերջնահաշվարկով իր անվան դիմաց գրանցեց 8,0 միավոր եւ առաջնությունն ավարտեց 27-րդ հորիզոնականում։ Վերջին տարիներին իրեն լավագույն կողմերով է դրսեւորում երիտասարդ գրոսմայստեր Կարեն Ասրյանը։ Բացառություն չեղավ նաեւ Եվրոպայի առաջնությունը։ Կարենը 8,0 միավորով 34-րդն է, ինչը նրա համար նույնպես ապահովում է աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք։ Ընդհանուր առմամբ, 204 ուժեղագույնների պայքարում իրենց վատ չդրսեւորեցին Արտաշես Մինասյանն ու Արսեն Եղիազարյանը։ Նրանք միեւնույն՝ 7-ական միավորով, համապատասխանաբար, 79-րդ եւ 85-րդ տեղերում են։ Ցավոք, չարդարացան Վլադիմիր Հակոբյանի եւ Լեւոն Արոնյանի հետ կապված հույսերը։ Նրանք վաստակեցին 6,5-ական միավոր եւ բավարարվեցին, համապատասխանաբար, 91-րդ եւ 107-րդ տեղերով։ Գաբրիել Սարգսյանը գրավեց 110-րդ տեղը, որը վատ արդյունք չէ տակավին երիտասարդ վարպետի համար, իսկ Արա Մինասյանը ցույց տվեց 139-րդ ցուցանիշը (6,0 միավոր)։ Չեխիայի թիվ մեկ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը 8,0 միավորով գրավեց 15-րդ տեղը։ Այսպիսով, աշխարհի առաջնությունում հաղթողի կոչման համար կպայքարեն հինգ հայազգի շախմատիստներ, որոնցից մեկը՝ Ս. Մովսիսյանը, Չեխիայի դրոշի ներքո։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել