ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԵՐ Կամ գնա հրավիրի՝ արի սիրեմ Մարտի 1-ին, երբ Ժանեթ Լազարյանը եւ Յաղուբ Էմդադյանը թողնում էին Հայաստանը ծանր տպավորություններով, ամեն ինչ կորած էինք համարում։ Գրեթե խափանված էր Իրանում հայ ժամանակակից արվեստի ցուցահանդեսը։ Ուղղակի տիկին Ժանեթի եւ պրն Իգիթյանի տեսակետները՝ ինչպե՞ս եւ ո՞վ պետք է կազմակերպի իրանյան ցուցահանդեսը, իրարից շատ հեռու էին։ Բայց, չնայած բոլոր պրոբլեմներին, որոնք ի վերջո հարթվեցին, հունիսի 11-ին ցուցահանդեսը կայացավ միայն իրանցիների ջանքերով եւ Ժանեթ Լազարյանի վեհանձնությամբ, որ հայ արվեստի շահը վեր դասեց իր անձնասիրությունից եւ իր ձեռքով հրավեր ուղարկեց Հենրիկ Իգիթյանին։ Սպահանի «Նաղշէ ջահան» հրապարակում Հենրիկ Իգիթյանը տիեզերական էներգիայի դաշտի կենտրոնում սիրո ճառագայթահարման ենթարկվեց եւ առլեցուն այդ սիրով, շնորհակալ եղավ Ժանեթին՝ այդ դյութական աշխարհի դուռը իր առջեւ բացելու համար։ Այնուհետ, ինչպես հեքիաթներում, բուռն վերելք ապրեց այդ սերը։ Այնքան, որ արդեն պաչ-պռոշտի էին անում Ժանեթն ու Հենրիկը։ Շնորհավորում ենք հայ-իրանական բարեկամության հրաշալի այդ խնամիության համար, չմոռանալով պրն Մոհսեն Աբութալեբիի քավորությունը, Շաքե Պետրոսյանի խնամախոսությունը եւ մյուսների խանդավառ մասնակցությունը երկու հին մշակույթների հարսանիքին։ Ցուցահանդեսն, ի վերջո, կայացավ Այսօրվա Իրանը արվեստագետի աչքով բացահայտել վիճակվեց մի քանի նկարիչների, որոնք հունիսի 7-11-ը եղան Իրանում, հայ ժամանակակից արվեստի ցուցահանդեսի առիթով։ Եռալեզու կատալոգի մեջ կարդում ենք ցուցահանդեսի տնօրեն Ժանեթ Լազարյանի նախաբանը։ Հայաստանի նկարիչներից բացի ներկայացված էին իրանահայ մոդեռնիստները։ Տպվել է երկու երկրների եռագույն դրոշների գույներով աֆիշ, «Իրան Նյուզ», «Համշահրի» եւ «Ալիք» օրաթերթերում ծավալուն հոդվածները խոսում են ցուցահանդեսի աննախադեպ հաջողության մասին։ Այս առիթով զրուցեցինք քանդակագործ Հերիքնազ Գալստյանի, նկարիչ Թենի Վարդանյանի եւ «Ստիլ» գալերեայի տնօրեն Արտուշ Մկրտչյանի հետ։ Թենի Վարդանյան.- Ցուցահանդեսը մեծ երեւույթ էր հայ եւ պարսիկ մշակույթների համար։ Առաջին անգամ հայ ժամանակակից արվեստը ներկայացավ պարսիկ արվեստագետներին։ Պարսիկ արվեստագետը, ժողովուրդը եւ երկիրը, նաեւ իրանահայությունը մեծ խանդավառությամբ ընդունեցին ցուցահանդեսը։ Սպահանը «ցնդելու» էր. «Նաղշէ ջահան» հրապարակում, ուր եղանք գիշերով, միստիկ մի աշխարհ մտանք միանգամից, մեդիտացիայի մեջ մտանք, այնքան հզոր էներգիա կար։ Թեւեր են աճում, դու թռչում ես, այս ի՞նչ է կատարվում, ցնորք, ես այդպիսի բան չէի տեսել։ Սուրբ Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայում նույն հզորությունն ուներ, ու հպարտացա եւս մի անգամ, որ ես հայ եմ, որ այդպիսի մանրանկարներ ունենք (Հովնաթան), ուղղակի կուզեի բոլորը տեսնեին։ Իգիթյանը առաջարկեց, որ լավ վերատպությամբ ալբոմ տպվի, որ ամբողջ աշխարհը տեսնի։ Սկսում էր Հին կտակարանով, Նոր կտակարան, Քրիստոսի կյանքի բոլոր դրվագներով վերջանում։ Երբ հայտնվեցինք Սպահանում, առաջին բառը, որ ասաց Իգիթյանը, սա էր. «Ես շատ շնորհակալ եմ Ժանեթ Լազարյանից, որ այս հրաշքը բացեց մեզ համար։ Այսպիսի նվեր ոչ մի երկրում մեզ չմատուցվեց, ինչպես այստեղ մատուցեց Ժանեթ Լազարյանը»։ Հենրիկ Իգիթյանի եւ Ժանեթ Լազարյանի կապը մեր արվեստագետների առջեւ մեծ հնարավորությունների դուռ կբացի։ Հերիքնազ Գալստյան.- Դժվար է խոսել, ահավոր մեծ կարոտով եմ լցված մի երկրի հանդեպ, ուր հեքիաթը, անասելի գեղեցկությունը, ծեսերը, սովորությունները միախառնված են ուղեղումս։ Սպահանում եւ Թեհրանում եղանք։ Սպահանում հիացրին հայկական համայնքի եւ հայերի Սուրբ Ամենափրկիչ վանքի շուրջ ստեղծած արժեքները։ Իրանը ոչ միայն պահպանում է, այլեւ ներկայացնում է օտար հյուրերին։ Մեր «պայմանական» հարեւանների մոտ չկա այն վերաբերմունքը, ինչ Իրանում կա։ Մի տաճար, որ լի է որմնանկարներով եւ այն պահպանվում է պետության կողմից։ Ուզում եմ խոսել այն սքանչելի արվեստի, մշակույթի, պատմության մասին, որի տերն ու կրողն է այդ ժողովուրդը, իրենց հյուրընկալությամբ, անսահման ջերմությամբ, որով կարող են շրջապատել հյուրին, ես հիացած եմ։ Ընդունել են բարձր մակարդակով. շնորհակալություն բոլորին, որ ստեղծեցին այս հնարավորությունը՝ բոլոր բարդություններով հանդերձ, որ կարողացան երկրի լավագույն թանգարանում, ուր աշխարհի ամենամեծ նկարիչների գործերն են կախված, ցուցադրել մեզ։ Այն հետաքրքրությունը, որ առաջացավ մեր արվեստի նկատմամբ՝ մեզ մեծ ուրախություն պատճառեց, նաեւ իրանահայերին հպարտացրեց, որովհետեւ իրենց երկիրը ներկայացված էր այն արվեստով, որը չի զիջում մյուսների մակարդակին։ Զարմանալի մեծ ու սիրուն երկիր էր։ Նրանք ուրախ ժողովուրդ են. նախագահի վերընտրությունը վերածեցին տոնախմբության, փողոցներում երիտասարդները երգում ու պարում էին։ Արտուշ Մկրտչյանի հետ խոսեցի հեռախոսով։ Թենիի եւ Հերիքնազի արտահայտած մտքերը կրկնեց նաեւ Մկրտչյանը։ Նա հատկապես ասաց՝ Եվրոպան տեսել ենք, տարբեր մշակույթներ են, բայց նույն կուլտուրական վերաբերմունքն արվեստի եւ մշակույթի հանդեպ, գումարած՝ իրանցիներին հատուկ ջերմությունն ու հյուրընկալությունը։ Գյումրիի արվեստագետների, Գյումրիի բիենալեի վերաբերյալ պայմանավորվածություններ ունեցանք Իրանի թանգարանի հետ. լավ հեռանկարներ կան։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ