Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ու բարի, Լոռվա հանրահայտ այս անեկդոտը հիշեցի, երբ ծանոթացա ձգձգվող ու վերջակետը դնողին սպասող դա

Հունիս 16,2001 00:00

Բա էդ գողը ըսկի՜ մեղք չունե՞ր… Հին ու բարի, Լոռվա հանրահայտ այս անեկդոտը հիշեցի, երբ ծանոթացա ձգձգվող ու վերջակետը դնողին սպասող դատական այս գործին։ Երեւանցի Կարինե Ալյոշայի Մինասյանը, անսալով իր ծանոթ Սերգեյ Ռոբերտի Աբրահամյանի հորդորներին՝ վաճառել բնակարանն ու մի քանի ամսով գումարը գործի մեջ դնելով նոր ու առավել բարվոք բնակարան գնել, վաճառում է Նորքի առաջին զանգվածի 6/38 շենքի 1 սենյականոց բնակարանն ու գումարը՝ 2000 դոլարը, պարտքով տալիս է իր բարերարին, որը խոստանում է երեք ամիս հետո տոկոսով վերադարձնել։ Երբ վերադարձի բոլոր ժամկետներն անցել են, իսկ Աբրահամյանն ամեն անգամ սուտ խոստումներով խաբել է միայնակ կնոջը՝ վերջինս դիմել է իրավապահ մարմիններին։ Ի պատասխան ՀՀ գլխ. դատախազությանն ուղղված Կ. Մինասյանի դիմումի, գլխ. դատախազության ավագ դատախազ Ֆ. Հովհաննիսյանը 1999թ. մայիսի 17-ի թիվ 16-120 գրությամբ պատասխանում է. «… Ս. Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն, բացատրություն է վերցվել նրանից, որը չի հրաժարվել գումար վերցնելու եւ չվերադարձնելու հանգամանքից։ Միաժամանակ պարտավորվել է հնարավորություն ունենալու դեպքում՝ անմիջապես վերադարձնել գումարը։ Դուք հիշատակված հարցով կարող եք դիմել նաեւ դատարան»։ Ականջալուր դատախազի հորդորներին՝ Կ. Մինասյանը դիմում է դատարան։ 1999թ. դեկտեմբերի 8-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատավոր Ս. Հովսեփյանի նախագահությամբ քննվում է Կ. Մինասյանի գումարի պահանջի հայցն ու վճռվում Ս. Աբրահամյանից, հօգուտ Կ. Մինասյանի, բռնագանձել 2.363 դոլարին համարժեք դրամ։ Ըստ կարգի, կատարողական թերթն ուղարկվում է ԴԱՀԿ ծառայության Երեւանի ստորաբաժանման Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների հարկադիր կատարող Գ. Մաթեւոսյանին, որն էլ Կ. Մինասյանի ՀՀ գլխ. դատախազություն դիմելուց ուղիղ մեկ տարի հետո՝ 2000թ. մայիսի 17-ին, որոշում է կայացնում ավարտել կատարողական վարույթը, որովհետեւ «…ստուգմամբ պարզվել է, որ պարտապանը չի աշխատում, չունի գույք եւ դրամական միջոցներ, որոնց վրա հնարավոր է բռնագանձում տարածել»։ Հասկանալի է, որ այս պատասխանը քաղաքացու վերքին դարման չէր անի, եւ նա, հույսը իրավապահ մարմիններից չկտրած, դիմում է նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին, ՆԳ նախարարին։ Նամակներն ուղարկվել են Արաբկիրի ՆԳ բաժին, այստեղից՝ Խորհրդային ՆԳ բաժին, որտեղ կանչել են Ս. Աբրահամյանին, նրա երաշխավոր, հայտնի իրավաբանի իրավաբան որդուն՝ Վարդան Պետրոսյանին, որոնք պարտավորվում են մինչեւ 2000թ. օգոստոս ամիսը գումարը վերադարձնել։ Երբ անցնում են այս ժամկետները, քաղաքացուհին դիմում է այս անգամ ՀՀ ՆԳ ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ մանրամասն ներկայացնելով փաստեր, որոնք քրեական օրենսգրքով որակվում են որպես խարդախություն։ Թվում է, թե դիմող քաղաքացին ու պարտապանը կհրավիրվեին համապատասխան աշխատակիցների կողմից, փորձ կարվեր բացահայտելու ճշմարտությունը, խորանալու բերված փաստերի մեջ, օգնել մարդուն։ Բայց գործել է նույն սկզբունքը՝ գողն անմեղ է։ ԿՀԴՊ գլխավոր վարչությունը նամակն ուղարկել է Խորհրդայինի ՆԳ բաժին, որտեղից էլ նամակը ստանալու հաջորդ օրը (ինչպիսի՜ օպերատիվություն) Կ. Մինասյանին պատասխանել են, որ նամակը քննարկվել է եւ թողնվել անհետեւանք։ Ինչո՞ւ։ Քաղաքացին զրպարտո՞ւմ է։ Դրա համար էլ քրեական օրենսգիրքը հոդված ունի։ Ճի՞շտ է ասում։ Լավ, էլ ո՞ւմ դիմի հուսահատված մարդը, ի՞նչ անի։ Մեզանում արմատացած սովորույթ է. կարդալ օրենքի այն մասը, որը մեզ է ձեռնտու։ Ահա, հարկադիր կատարման մասին օրենքի ինչ-որ կետում ասվում է, որ եթե քաղաքացին չունի դրամական միջոցներ, սեփականություն, նրա նկատմամբ գործի վարույթը ավարտվում է։ Բայց մի՞թե դժվար է հասկանալ, որ խարդախության ճանապարհը բռնած մարդն այնքան էլ միամիտ չէ, որ իր անունով որեւէ բան ունենա։ ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել