Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարուց ավելի է՝ ինչ ձերբակալված է Ա. Բլեյանը: Ստեղծված է նրա պաշտպանության հասարակական խորհուր

Հունիս 16,2001 00:00

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏԵԼ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԻՆ ԵՎ՝ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱԼԱՆՔԻՑ Երկու տարուց ավելի է՝ ինչ ձերբակալված է Ա. Բլեյանը: Ստեղծված է նրա պաշտպանության հասարակական խորհուրդ, լրատվական մի շարք միջոցներ սկզբունքորեն պաշտպանում են նրան, արտասահմանյան մամուլում մերթընդմերթ հայտնվում են հրապարակումներ՝ դարձյալ ի պաշտպանություն Բլեյանի։ Եվրախորհրդի Հայաստանի զեկուցողը որպես անօրինականություն արձանագրում է փաստը, եւ այդպես շարունակ, բայց Բլեյանը շարունակում է մնալ բանտում: Ակնհայտ է, որ Բլեյանը հասարակության համար ամենավտանգավոր անձը չէ եւ հանցագործ չէ: Ավարտված դատավարություններն էլ ամիսներ շարունակ չկարողացան գոնե ձեւականորեն հանցակազմը հաստատել: Երկու տարվա ընթացքում այս դատավարությունների հիմնական հարցը մի քանի անգամ փոխվեց՝ կրելով սկզբունքային սրբագրումներ: Սկիզբն այսպիսին է Լ.Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո նրա թիմը ճնշող մեծամասնությամբ անցավ ընդհատակ. մեկը գիրք էր գրում, մյուսը բուժվում էր, երրորդը՝ զբաղվում ծիրանի առեւտրով, չորրորդը՝ մեքենայի, հինգերորդը սեմինարներ էր անցկացնում եւ այլն: Այս վիճակը ինչ-որ իմաստով բոլորին բավարարում էր: Միեւնույն Ժամանակ Քոչարյանի իշխանությունը որոշ մարդկանց պետք է ձերբակալեր՝ լուծելու իր առջեւ դրված մի քանի խնդիր. արձանագրելու իր վճռականությունը, ցույց տալու նախկին իշխանությունների վտանգավորությունը ու բավարարելու քաղցած հասարակության այն ժամանակ դեռ ուժեղ սոցիալական պատվերը: Սա քաղաքական սկզբունք էր, որտեղ ձերբակալվողների անվանական կազմը ամենաէականը չէր: Բացի Վանո Սիրադեղյանից, որը համարվում էր նախկին նախագահի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ու որին պիտի առաջադրվեր հատուկ ընդգծված ծանրագույն մեղադրանք: Իսկ ահա ձերբակալվողների «տնտեսական» կազմը այնքան էլ էական չէր. բռնել, ապացուցել, դատել, որոշ գումար վերադարձնել բյուջե. սա էր կարեւորը: Ամբողջ խնդիրն այն է, որ չանձնավորված ձերբակալություններ չեն լինում: Ամենամեծ պարադոքսն այն է, որ ձերբակալվողների ցուցակում Բլեյանի անունը հայտնվել է ոչ թե /կամ ոչ միայն/ նախագահի աշխատակազմում, այլեւ նախկին իշխանությունների էլիտայի որոշմամբ: Խնդիրը շատ պարզ էր. նախկին նախագահի շքախմբի 80 տոկոսը ցրվել էր: Մնացածը, ովքեր դեռ ունեին իշխանության վերադառնալու ձգտում, մի կողմից հասկացան, որ ճիշտ չխաղալու դեպքում կարող են հայտնվել բանտում, մյուս կողմից՝ ընդհանրապես լռելու դեպքում կհայտնվեն խաղից դուրս վիճակում: Պետք էր մեկը, որ դառնար նրանց խոսնակը: Բլեյանը լավագույն տարբերակն էր. Քոչարյանի մասին նույն կարծիքն ունի, աջերի թիմից է, բայց մյուս կողմից «մերոնքական» չէ՝ ձերբակալվելու դեպքում կորուստն անձնական չի լինելու: Այսպես լուռ ու դավադրաբար հիմնավորում էր իր քաղաքական որոշումը աջ ուժերի դեռեւս չկայացած միավորումը: Այդ նույն ուժերի ընդհատակ անցած տնտեսական բլոկը իր հաշվարկն ուներ՝ բոլորին միանգամից չեն բռնելու. առաջինը մենք չլինենք, հետո՝ կերեւա: Այսպիսով, սկսեց խոսել Բլեյանը: Հայտնվեց արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների շարքում: Երբ նախագահի հիմնական թեկնածուները շրջանցում էին Քոչարյանի քաղաքացիության հարցը, նա էր դիմում դատարան, երբ Դեմիրճյանը չէր բարձրացնում ընտրությունների օրինականության հարցը, նա էր առաջինը եւ բոլորից բարձր հայտարարում, որ ընտրությունները կեղծված են, նույնիսկ այն դեպքում, երբ խոշոր կուսակցություններն իրենց բազմաքանակ վստահված անձանցով ու դիտորդներով համառորեն լռում էին, նա մենակ դատարաններ էր գնում ու փորձում ապացուցել, որ ընտրություններն անօրինական են, երբ Վանոյին ոչ ոք բարձրաձայն չէր պաշտպանում, նա էր հանրահավաք անում ու դատախազության առջեւ ելույթ ունենում: Այս սխեմայով էր զարգանում աջերի խաղը եւ այդ դերը Բլեյանին նենգաբար մատուցվեց: Փչացած ժամացույցը նույնպես երկու անգամ ցույց է տալիս ճիշտ ժամը Այս միտքը պատկանում է Դավիթ Շահնազարյանին՝ արտասանված մի լրագրողի հարցի կապակցությամբ, որ թե դուք, թե Բլեյանը նույն տեսակետներն ունեք: Զարմանալիորեն կրկնվեց տարիների վաղեմություն ունեցող պատմությունը: Բլեյանի Բաքու մեկնելը որպես կարեւորագույն ու պետության համար անհետաձգելի քայլ համարեցին մոտ 60 պատգամավորներ, որոնք առաջին իսկ վտանգի ժամանակ հրաժարվեցին իրենց ստորագրություններից: Դրանք այն նույն մարդիկ էին, բառացիորեն նույն անուն172ազգանուններով, որոնք այս անգամ էլ փորձեցին ճշտել՝ Քոչարյանին, հասարակությանը եւ իրենց վերաբերող հարցերը Բլեյանի միջոցով: Երբ Բլեյանը նոր էր ձերբակալվել, նրանք չշտապեցին պաշտպանել եւ ցանկացած ակցիա կազմակերպվում էր մեծ ջանքերի գնով: Այն ժամանակ դեռ կար մտավախություն, որ հասարակությունը կարող է ողջունել Բլեյանի ձերբակալությունը: Դադար Ի վերջո մարդ էր ձերբակալվել, ընդ որում՝ ոչ անհայտ, ու կողմերը մի պահ զգաստացան: Մեկը սկսեց մտածել իր արածի մասին, մյուսը՝ իր հնարավոր ճակատագրի: Բլեյանն անմեղ է Առաջին քայլի իրավունքն աջերինն էր: Կար երկու տարբերակ. ա) դեռեւս բավարար ուժեղ ոչ հրապարակային կապերի միջոցով սկսել «երկխոսություն» իշխանությունների հետ ու փոխզիջումային համաձայնության գալով՝ հասնել Բլեյանի ազատ արձակմանը, բ) ընդունել սկզբունքային ընդդիմադրի կեցվածք. անցնել հրապարակային պաշտպանության՝ ընդ որում մինչեւ վերջ հասկանալով, որ դրանով երկարացնում են նրա բանտարկման ժամկետը: Ընտրվեց երկրորդ տարբերակը: Առաջինը փակելու համար նշեմ միայն, որ իրականում նման առաջարկներ գոյություն ունեցել են ու մի քանի անգամ «սկզբունքորեն» մերժվել: Նախկին իշխանության էլիտան վարկանիշ չուներ: Ու հրապարակ դուրս գալու համար անհրաժեշտ էր «աղմկոտ» հանգամանք, որը կապահովեր լսարան: «Բլեյանի գործը» նրանց համար լավագույն հանգամանքն էր, որովհետեւ արդեն իսկ ստեղծված էր «Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը», որի նախագահ ընտրվեցի ես: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ խորհրդի անդամների մի մասը ուզում էր ուրիշ բան, մյուսը՝ լրիվ հակառակը: Առաջինների իրական նպատակը քաղաքական գործունեություն ծավալելն ու վարկանիշ բարձրացնելն էր, երկրորդինը՝ Բլեյանին ազատելը: «Մենք պաշտպանում ենք Բլեյանին, բայց չենք կիսում նրա հայացքները» ձեւակերպումը ի սկզբանե պառակտում մտցրեց խորհրդի կազմում: Հայացքներ ընդունել կամ չընդունելու խնդիր չէր դրված, այլ իրավունքները պաշտպանելու, իսկ հենց սկզբից նման ձեւակերպում դնելը՝ միայն որոշ հեռավորություն պահելու, առաջին իսկ անհարմարության դեպքում տարանջատվելու նպատակ ուներ: Խորհրդի քաղաքական հատվածին պետք էր լսարան, պետք էին տեսախցիկներ, պետք էր ասուլիս, հարցազրույց, բայց պետք էր նաեւ սահմանազատվել Բլեյանից: Խորհրդի մյուս հատվածը աստիճանաբար դուրս էր մղվում գործից: Հասարակական խորհուրդը այսպիսով վերածվեց մի քանի կուսակցությունների քաղաքական միավորման: 2000 թվականի մայիսի 19-ին կայացած միջոցառման ժամանակ երկու հոգի փաստեցին. «այսպես մարդ չե՛ն պաշտպանում». մեկը՝ իրավապաշտպան էր, մյուսը՝ ռեժիսոր: Վերջը Այսպես երկու տարի փորձ էր արվում պաշտպանել Աշոտ Բլեյանին: Սակայն պաշտպանության հիմնական առանցքը իրականացրեց նա անձամբ՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում ապացուցելով իր անմեղությունը: Ոչինչ ավելի մեծ նշանակությում չուներ, քան նրա փաստաբանական գործունեությունը իր իսկ գործի առնչությամբ: Բայց անպայման ուզում եմ ընդգծել մեկ կարեւոր գործոն եւս. երկու տարվա ընթացքում հասարակության մեջ ձեւավորվեց հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ: Փոփոխությունն ակնհայտ է այն աստիճան, որ նույնիսկ դաշնակցական գործիչները պաշտպանական ելույթներ էին ունենում, այն դեպքում, երբ երկու տարի առաջ իրենց հանրահավաքում մեղադրականներ ու դատավճիռներ էին կարդում կոնկրետ անձանց, եւ մասնավորապես՝ Ա. Բլեյանի հասցեին: Այսօր վճռաբեկ բողոքի քննարկումից առաջ Բլեյանի պաշտպանությունը շատ ուժեղ է: Կա համոզմունք, որ շուտով նա ազատության մեջ կլինի. արդարացմամբ, թե՝ ոչ, դժվար է ասել: Մեծ հաշվով դա այս պահին էական չէ. դա չափազանց կարեւոր է, ավելին. սկզբունք՝ մեր պետության զարգացման համար. բայց այս պահին հավասարապես կարեւոր է, որ Բլեյանը լինի ազատության մեջ ու անհրաժեշտության դեպքում կրկին վիճարկի իր անմեղությունը: Մարդիկ, ովքեր երկու տարի կամ լռել են, կամ Բլեյանի պատրվակով այլ նպատակներ հետապնդել, այսօր աննախադեպ ակտիվացել են. մոտենում է դափնիներ ստանալու ժամանակը: Բայց շատերի եւ ինձ համար այս խնդիրն այլ որակ ունի. ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է իրեն անպաշտպան զգա պետական մեքենայի առաջ: ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆ Մենք պաշտպանում ենք Բլեյանին, բայց չենք կիսում նրա հայացքները: Մենք չենք կիսում նաեւ Գ. Վանյանի տեսակետները, բայց հրապարակում ենք նրա հոդվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել