Նորին միշտ էլ վիճակված է «փշե ճանապարհ» Հայաստանյան մամուլում հաճախ ի հայտ են գալիս հրապարակումներ, որոնք ակնհայտ ու անթաքույց կերպով հասարակայնության աչքում վարկաբեկում են վալդորֆյան մանկավարժությունը։ Ինքնին վալդորֆյան մանկավարժությունը որպես նոր երեւույթ մեր միջավայրում եւ լայն հասարակությանը անծանոթ, բազմաթիվ հարցեր է առաջադրում, որոնք, ինչպես մարդկային մտքի յուրաքանչյուր նվաճում, կենսական ոլորտում նրա ներդրման գործընթացում, անհրաժեշտ է քննարկել։ Ցավոք սրտի, ի հայտ եկած հրապարակումների հեղինակները հետապնդում են բոլորովին այլ, մանր-հաշվենկատ նպատակներ։ Ագրեսիայի առիթ է դարձել թիվ 30 դպրոցի տնօրենի եւ վալդորֆյան ուսուցիչների միջեւ առկա կոնֆլիկտը։ Կոնֆլիկտի բուն էությունը փոխարինելով համապատասխան գաղափարաբանական պիտակներով, դպրոցի տնօրենը իսկական պատերազմ է հայտարարել վալդորֆյան մանկավարժությանը։ Մենք մեր պարտքն ենք համարում հասարակությանը հասու դարձնել իրական պատկերին, որպեսզի թյուրիմացությունից դուրս բերենք նրանց, ովքեր դարձել են այս անվայել «գաղափարական» պայքարի զոհ։ Վալդորֆյան մանկավարժությունը մեղադրվել է երեք մահացու մեղքերում՝ աղանդավորության, ապազգային եւ հակագիտական ուղղվածության մեջ։ Վալդորֆյան մանկավարժությունը հիմնադրվել է Ռուդոլֆ Շտայների կողմից, որը նաեւ անտրոպոսոֆիայի հիմնադիրն է։ Անտրոպոսոֆիան՝ ինչպես ակնհայտորեն ցույց է տալիս անվանումը, ուսմունք է մարդու մասին եւ այն ոչ մի կերպ չի կարող համարվել կրոն, եկեղեցի, առավել եւս՝ աղանդ, ինչպես փորձում են այն ներկայացնել։ Անտրոպոսոֆիան ամփոփ հոգեւոր-գիտական-փիլիսոփայական աշխարհայացք է՝ այլ աշխարհայացքների շարքում։ Անտրոպոսոֆիան մշակութային երեւույթ է եւ ո՛չ թե կրոնական, եւ հենց դրանով էլ այն տարբերվում է աղանդավորությունից, որն իր գաղափարախոսությունը, որպես կանոն, մշակույթից վեր է դասում եւ մշակույթից դուրս, իսկ իրականում՝ մշակույթի դեմ։ Ինչ վերաբերում է վալդորֆյան մանկավարժությանը, ապա այն անտրոպոսոֆական հայացքներ քարոզելու եւ առհասարակ որեւէ գաղափարախոսություն ներարկելու ոչ մի խնդիր չի դնում։ Այն ամբողջովին աշխարհիկ բնույթ ունի եւ զուտ մանկավարժական մեթոդների մի համակարգ է, որը կոչված է ազատ անհատականություն դաստիարակելու եւ ինքնուրույն մտածողություն, ինչպես նաեւ գեղարվեստականի վերապրման կարողություն զարգացնելու։ Վալդորֆյան դպրոցի աշակերտները ստանում են նույն գիտելիքները, անցնում են նույն առարկաները եւ հանձնում նույն քննությունները՝ ինչը եւ սովորական դպրոցում։ Վալդորֆյան մանկավարժությունը ճանաչված է Եվրախորհրդի կողմից որպես այլընտրանքային մանկավարժական ուղղություն։ Բազմաթիվ վալդորֆյան դպրոցներ են գործում աշխարհի ավելի քան 60 երկրներում (քանակն անցնում է 800-ից), մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Սկանդինավյան երկրներում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Չինաստանում, Հնդկաստանում, Իսրայելում, Ռուսաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում։ Մի քանի խոսք «ապազգայնության» մասին։ Նախ սկսենք նրանից, որ յուրաքանչյուր ոք, բացելով հանրագիտարանը, կարող է համոզվել, որ ԽՍՀՄ-ից ժառանգած Հայաստանի դպրոցական կրթական համակարգը եվրոպական ծագում ունի (Յան Ամոս Կոմենսկի), իսկ Խորհրդային Միությունում այն ներդրվել է Լունաչարսկու ու Կրուպսկայայի կողմից։ Քաջ հայտնի է նաեւ, որ հայ մշակույթի բազմաթիվ ականավոր գործիչներ կրթություն են ստացել արտասահմանում եւ, այնուամենայնիվ, նրանց ստեղծագործությունները որոշիչ են դարձել մեր ազգային մշակույթի բուն կերպի ձեւավորման համար։ Ընդհանրապես, համաշխարհային մշակույթի հետ առնչությունը եւ փոխազդեցությունը ոչ միայն չի վնասում ազգային մշակույթին, այլեւ վերջինիս գոյատեւման եւ զարգացման անհրաժեշտ պայման է։ Ակներեւ է, որ հակավալդորֆյան քարոզչության իրական դրդապատճառները զգալիորեն տարբերվում են հռչակված նպատակներից։ ԷԴՈՒԱՐԴ ԱԹԱՅԱՆ (ՀՀ ԳԱԱ իսկական անդամ), ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՀՄԱ իսկական անդամ, մանկավարժագիտության դոկտոր), ԿԱՐԵՆ ՍՎԱՍՅԱՆ (Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր), ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ (Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր), ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ (Արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր), ԳԱՅԱՆԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ (Հոգեբանության դոկտոր, ԵրՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչ), ՀԵՆՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Փիլիսոփայության թեկնածու, պրոֆեսոր), ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ (Պատմագիտության թեկնածու, դոցենտ), ԱՐԱ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ (Հայկական բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, նկարիչ), ՎԻԳԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (նկարիչ)