Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին

Հունիս 16,2001 00:00

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԵՂԾԻ՞Ք Է Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին Հանրապետությունում սկսվել է ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացը։ Արդեն 30 ոչ պետական բուհեր «հաղթահարել» են հավատարմագրման երկու փուլերը եւ այժմ մասնակցում են երրորդ փուլին՝ բուհի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորմանը։ Հարգարժան նախարար, Ձեր արդարամտությանն ու խղճին եմ ուղղում 2000թ. սեպտեմբերից հանրապետությունում սկսված ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացներում տեղ գտած ՀՀ «Կրթության մասին» օրենքի եւ ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 7-ի թիվ 372 որոշմամբ հաստատված «Լիցենզավորման եւ հավատարմագրման» կարգի ոտնահարման ու խաբեությունների մասին իմ նկատառումները։ «Կրթության մասին» օրենքի հոդված 42-ի կետ 4-ը հստակ ասում է. «Պետական հավատարմագրման պայմաններն են՝ 1. պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսուցման որակի ապահովումը, 2. առանձին մասնագիտության գծով՝ երկու տարի անընդմեջ շրջանավարտների առնվազն 60%-ի ատեստավորման դրական արդյունքները, 3. ուսումնական հաստատության գծով՝ այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75%-ի պետական հավատարմագրման առկայությունը»։ Իսկ ըստ բուհերի եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգի 6-րդ կետի՝ բուհերի գործունեության վերլուծության (ինքնագնահատման) եւ այնուհետեւ փորձաքննության հիմքում ընկած է պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության հիմնավորումը։ Ըստ 7-րդ կետի՝ փորձագիտական եզրակացության դեպքում նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում)։ Մեր հանրապետությունը մինչեւ այժմ չունի բարձրագույն կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները։ Ավելին, նույնիսկ չափորոշիչների մշակման եւ հաստատման կարգը չկա եւ ըստ «Կրթության զարգացման պետական ծրագրի (2001-2005 թթ.)»՝ չափորոշիչների մշակումը եւ հաստատումը նախատեսված է 2001-2002թթ.։ Եթե չկան պետական չափորոշիչները, ասել է թե՝ չունենք մասնագետների պատրաստման որակի չափորոշիչները, ապա ինչի՞ հիման վրա են այդ 30 ոչ պետական բուհերը անցել պետական հավատարմագրման ինքնավերլուծության ու փորձաքննության փուլերը եւ ի՞նչ հիմնավորումներով են այժմ մասնակցում շրջանավարտների ամփոփիչ ստուգմանը՝ ատեստավորմանը (հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ մենք դեռ չունենք բուհի շրջանավարտների ամփոփիչ պետական ատեստավորման կարգը)։ Իսկ ատեստավորումը (ինչպես նշված է «Կրթության մասին» օրենքում) շրջանավարտների պատրաստման որակի, բովանդակության եւ մակարդակի գնահատումն է՝ պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան։ Հավատարմագրման այս գործընթացը մի՞թե կեղծիք չէ, մի՞թե խաբեություն չէ։ Եվ զարմանալին այն է, որ ինչպես լիցենզավորման ու հավատարմագրման ծառայության աշխատողները, այնպես էլ ոչ պետական բուհերի տերերը հաճախ շրջանավարտների գիտելիքների քանակը «շփոթում» են շրջանավարտների ատեստավորման հետ։ Ըստ ծառայության պետի տվյալների, ոչ պետական բուհերի 1324 շրջանավարտների միջին առաջադիմությունը կազմել է 77%։ Նույնիսկ առանձին մասնագիտությունների գծով առաջադիմությունը կազմել է 80-86%։ Հասկանալ է պետք, որ այս տոկոսները ոչ մի կապ չունեն «Կրթության մասին» օրենքում նշված 60%-ի հետ։ Սրանք շրջանավարտների՝ որպես ապագա մասնագետների պատրաստման որակի, ասել է թե՝ ատեստավորման արդյունքի տոկոսները չեն։ Հարգարժան նախարար, խնդրում եմ Ձեզ թույլ մի տվեք, որ այս նորաստեղծ պետությունում օրենքները այսպես ոտնահարվեն ու շրջանցվեն եւ որ բարձրագույն մասնագիտական կրթությունը մեր հանրապետությունում այդպես արժեզրկվի։ ՌՈՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ֆիզմաթ. գիտ. թեկնածու Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը այնքան զբաղված էր, որ ժամանակ չգտավ մեր թղթակցի հետ զրուցելու։ Այնպես որ, այս անդրադարձը հրապարակում ենք առանց նրա պարզաբանումների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել