Վճարովի ուսումը վճարովի ծառայություն է Պետական գրեթե բոլոր բուհերում ուսման վարձերի համար սահմանված է հատուկ կանոնակարգ, ըստ որի, երկկողմանի եւ միակողմանի ծնողազուրկ, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամ, զոհված ազատամարտիկների եւ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները մասամբ ազատվում են ուսման վարձավճարից։ Պարզելու համար, թե տարեկան քանի ուսանող է հեռանում բուհից՝ ուսման վարձը չվճարելու պատճառով, դիմեցինք բուհերի ռեկտորներին։ «Մեզ մոտ զեղչերի համակարգը շատ կայուն է։ Զեղչերը լինում են 25-80%։ Անցյալ տարի մեր ինստիտուտից հեռացվել է միայն մի ուսանող՝ երկու տարվա ուսման վարձը չմուծելու համար։ Մնացած դեպքերում մենք փորձում ենք մտնել ուսանողի դրության մեջ, ժամանակ ենք տալիս, որպեսզի նա մուծի իր պարտքը»,- ասաց Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը։ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ միայն այս տարվա առաջին կիսամյակում 966 ուսանողի վարձավճար է զեղչվել։ «Վճարովի համակարգում սովորող 5000 ուսանողների մոտ 20%-ը պարզապես սոցիալապես անապահովներ են, որոնք եւս օգտվում են զեղչերից»,- ասաց պրն Մարտիրոսյանը։ Եթե ուսանողները անվճարունակ են, կարող են դիմում գրել եւ ժամանակավոր ընդհատել ուսումը՝ մինչեւ կվճարեն վարձը եւ կվերականգնվեն նույն կուրսում։ «Վճարովի համակարգում սովորող ուսանողի հետ ի սկզբանե պայմանագիր է կնքվում, որտեղ նա պարտավորվում է վճարել իր ուսման վարձը եւ, կարծում եմ, որ մենք ուսանողի համար ավելին չենք կարող անել, քանզի, ի վերջո, վճարովի ուսումը վճարովի ծառայություն է»,- ավելացրեց ԵՊՀ ռեկտորը։ Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը «թյուրիմացություններից» խուսափելու համար ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է անվճարունակ ուսանողների հաշվառմամբ։ «Ընդհանրապես, սահմանված կարգի համաձայն, վարձը 25%-ից ավելի չի զեղչվում, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ ուսանողը ամբողջությամբ ազատվում է վարձից»,- ասաց ԵԲՀ ռեկտոր Վիլեն Հակոբյանը։ Եթե ԵԲՀ-ում ուսանողը 4-րդ կուրսից բարձր է սովորում եւ բացարձակ գերազանցիկ է, ապա նա, դիմելու դեպքում, ազատվում է ուսման վարձից։ Ուսումը ընդհատվում է միայն այն դեպքում, եթե առաջին կուրսի ուսանողը չի վճարում ուսման վարձը, իսկ եթե նա արդեն երկրորդ կուրսում է, ապա կարող է ժամանակավոր ընդհատել ուսումը։ Անցյալ տարի 52, իսկ այս տարի 41 ուսանող դուրս է մնացել ԵԲՀ-ից՝ վարձավճարը չմուծելու պատճառով։ «Մոտ 400 ուսանող մասամբ ազատվել է վարձավճարից, որը կազմում է սահմանված զեղչերի 18%-ը, այսինքն համալսարանը անցյալ տարի մոտ 150 մլն դրամի զեղչ է արել»,- ասաց պրն Հակոբյանը։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտում այս տարվա սեպտեմբերից մինչեւ օրս 105 ուսանողի ուսման վարձը՝ մոտ 7 մլն դրամ, զեղչվել է, իսկ ընդհանուր առմամբ վճարովի համակարգում սովորում է 700 ուսանող։ «Չնայած զիջումները սահմանված են 7%-ի չափով, սակայն երբեմն ուսանողները ամբողջ չորս տարվա ուսման վարձը վճարում են միայն ավարտելուց առաջ»,- ասաց ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ