Ձախ քաշել են, աջ կանգնել Անցած եռօրյայի ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության արածն ի՞նչ էր. եթե ոչ պոպուլիզմ, ապա «տՏՊվՏՋՍՈ» կառավարությանը։ Դաշնակցական պատգամավորները չգիտեի՞ն, որ կենսաթոշակների բարձրացումը, իսկ 2003-ից՝ կրկնապատկումը, կառավարության գործունեության ծրագրով է նախատեսված։ Իհարկե՝ գիտեին։ Պարզապես կուլիսային խոսակցություններն ասում են, որ դաշնակցականները պատրաստ են եղել համաձայնել կենսաթոշակների բարձրացմանը որեւէ չափով, որեւէ ժամանակ, միայն թե հայտարարվի, որ ՀՅԴ նախաձեռնությամբ է դա տեղի ունենում։ Այսպիսով, նրանք ապացուցած կլինեին, որ մտածում են ժողովրդի մասին, միաժամանակ իշխանությունների կողքին ու ԱԺ-ում նրանց հենարանը լինելով։ Այնուամենայնիվ, ի՞նչ միջոցներով է կառավարությունը կատարելու իր այդ խոստումը եւ ինչո՞ւ են դրանք բացակայում այս պահին։ Պարզաբանումների համար դիմեցինք ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ֆինանսաբյուջետային վարչության պետ Ռոբերտ Նադիրյանին։ Ըստ պարոն Նադիրյանի, հիմնադրամը խնդիր է դրել հուլիս-օգոստոս ամիսներին հասնել ընթացիկ վճարումներին եւ 2002-ից կենսաթոշակները որոշակիորեն բարձրացնելու համար միջոցներ կուտակել։ Կուտակումները գործադիրը մտադիր է ստեղծել գումարների հավաքագրումն արդյունավետ դարձնելու եւ վճարումներն առավել հասցեական իրականացնելու միջոցով։ Այսինքն, հիմնադրամը գնում է վճարվող կոնտինգենտի նվազեցման ճանապարհով։ Վարչության պետի տեղեկացմամբ, «արդեն 5-րդ ամիսն է Երեւանում եւ երկրորդ ամիսը ողջ հանրապետությունում հիմնադրամը հրաժարվել է Հայխնայբանկի ծառայություններից, ինչի արդյունքում 2700 կենսաթոշակառուներ չեն վճարվել 5 ամիսների ընթացքում։ Տնտեսումը կազմում է շուրջ 70 մլն դրամ»։ Սա, ըստ զրուցակցիս, «գործողությունների մի փոքրիկ մասնիկն է»։ Իսկ գումարների հավաքագրման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է գործատուներից։ Ռ. Նադիրյանի հայտնած տվյալներով, այսօրվա դրությամբ 30 մլրդ դրամ հաշվարկված (սոցվճարը կազմում է 7,5 մլրդ դրամ), սակայն չվճարված աշխատավարձ կա։ Ձեռնարկություններ կան, որ իրենց հաշվետվություններում ցույց են տալիս, որ 17,25 ամիսներով աշխատավարձ չեն վճարում։ Այսինքն, գործատուն հաշվարկել է աշխատավարձը, սոցվճարը, մտցրել է ինքնարժեքի մեջ, այդքանով պակասեցրել շահութահարկը, բայց ոչ աշխատողներին է վճարել (վիճելի է- Ա. Ու.), ոչ էլ հիմնադրամին։ Հարկ է նկատել, որ ապառքների մարումը միշտ էլ բարդ է եղել։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ հանկարծակի զանգվածաբար մարվելու են դրանք, եւ ինչի՞ հիման վրա է կառավարությունը դրա վրա հույս դնում։ «Դրա վրա հույս չենք դնում։ Դա մեր ամենօրյա աշխատանքն է ու ամենեւին էլ երաշխիքներ չկան, քանի դեռ օրենքն առավել չի խստացվել»,- ասաց զրուցակիցս, դժգոհելով ստուգումների մասին օրենքի ստուգման մասին նախօրոք 3 օր առաջ տեղյակ պահելու մասին պահանջից։ Այնուամենայնիվ նշեց, որ Սոցապ հիմնադրամի աշխատողների ջանքերով հայտնաբերվել են նաեւ թաքնված (այսինքն՝ չձեւակերպված) աշխատավարձեր։ Օրինակ, հասարակական սննդի որոշ օբյեկտների հաստիքացուցակը բաղկացած է տնօրենից եւ հաշվապահից։ Շուրջ 7,5 մլրդ-ի պարտք կա կուտակված՝ վճարված աշխատավարձերից։ Սրա 80%-ի վերաբերյալ գործերը հարկադիր կատարման փուլում են գտնվում։ Նկատենք, սակայն, որ այս ուղղությամբ էլ նախկինում մեծ հաջողություններ չեն եղել։ Ռ. Նադիրյանի գնահատմամբ, «այսօր էլ հարկադիր կատարման ծառայության աշխատանքները գոհացուցիչ չեն»։ Այնուամենայնիվ, հանգամանքը, որ հիմնադրամին հաջողվել է հասնել պարտքերի մարմանը եւ ընթացիկ վճարումներին, գործադիրին հիմք է տալիս համոզված լինելու, որ իրական հնարավորություններ կան գումարներ կուտակելու եւ կենսաթոշակները բարձրացնելու համար։ Հիմնադրամը նշանակալից խնայողություն է համարում նաեւ 46 հազար կենսաթոշակառուներին չվճարած գումարները. անցած տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ վճարվում էր 562 հազար թոշակառու, այս տարվա մայիսին՝ 516 հազար։ 46 հազարը ցուցակներից դուրս են մնացել տարբեր միջոցառումների շնորհիվ եւ հիմնականում նրանք են, ովքեր հանրապետությունում չեն կամ արդեն մահացել են։ Որպեսզի պարզ լինի, թե չնչին կենսաթոշակը դեռեւս ինչ դեր է խաղում այս երկրում ու նրա բնակիչների կյանքում, մեկ օրինակ նշենք։ Գյումրիում 10 օրվա ընթացքում վճարվել են ապրիլ-մայիս ամիսների կենսաթոշակները, ինչի արդյունքում շուկայում միանգամից բարձրացել են գները։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ