Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մարզերը զրկված են դրանից

Հունիս 16,2001 00:00

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ Իսկ մարզերը զրկված են դրանից Ուսանողության եւ երիտասարդության շրջանում սոցիալական եւ առողջապահական ծրագրերի իրականացման նպատակով 1994 թվականին ստեղծվել է «Նաիրի» բարեգործական ընկերությունը։ Քանի որ կազմակերպության հիմնադիրները մասնագիտությամբ բժիշկներ էին, հիմնական ուշադրությունը բեւեռվեց երիտասարդության առողջության խնդիրներին։ Զրուցակիցս «Նաիրի» բարեգործական ընկերության նախագահ Սմբատ Դաղբաշյանն է։ – Դեռեւս 1994թ. «Նաիրի» բարեգործական ընկերությունը հիմնադրեց ուսանողական բարեգործական դեղատուն, որը հնարավորություն էր ստեղծում անվճար դեղորայք ստանալու, ինչո՞ւ ընդհատվեցին աշխատանքները։ – Իսկապես, բժշկական ինստիտուտում ընկերության կողմից ստեղծվեց բարեգործական ուսանողական դեղատուն, որը բավարարում էր ուսանողների պահանջները։ Տարբեր կազմակերպություններից հայթայթում էինք դեղորայք եւ բժշկի դեղատոմսով ու բուհի ուսխորհրդի միջնորդությամբ դեղորայքը հատկացվում էր ուսանողներին։ Դեղատունը գործեց մոտ երեք տարի, այդ ընթացքում շուրջ 2200 ուսանող սպասարկվեց։ Որոշ ժամանակ հետո կանգնեցինք դժվարության առաջ, արդեն չէինք կարողանում դեղորայք ձեռք բերել, այդ պատճառով աշխատանքները դադարեցվեցին։ – Հետագայում ստեղծվեց նաեւ բարեգործական ճաշարան, որտեղ անվճար սնվում էին տարբեր բուհերի ուսանողներ, այդ ծրագիրը նույնպե՞ս տապալվեց։ – Տապալվելը՝ չտապալվեց. այդ ծրագիրն էլ բավական օգնեց ուսանողությանը, մանավանդ՝ մարզերից եկած։ Ի դեպ, սնվում էին ոչ միայն ԵՊԲՀ-ի, այլ նաեւ մյուս բուհերի ուսանողները։ Ծրագիրը կարող էր շարունակվել, բայց, ցավոք, դադարեցվեցին աշխատանքները, որովհետեւ կազմակերպության մի շարք ակտիվ անդամներ զորակոչվեցին բանակ։ – Ձեր կազմակերպությունը վերջերս իրականացրեց «Սահմանամերձ գոտու գյուղական երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրություն» ծրագիրը ։ Ի՞նչ ուսումնասիրություն էր դա եւ արդյունքում ի՞նչ պարզվեց։ – Ստացվում է այնպես, որ մեր ուշադրության կենտրոնում միայն մայրաքաղաքային երիտասարդությունն է, իսկ մարզային երիտասարդությունը ամեն կերպ դուրս է մնում ուշադրության կենտրոնից։ Այդ էր պատճառը, որ որոշեցիք աշխատանքներ սկսել հենց մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում։ Առաջին ծրագիրը, որ ընթացք ստացավ, դա հենց նշված ուսումնասիրությունն էր, որն իրականացվեց Տավուշի եւ Լոռվա մարզերում։ Մեզ հետաքրքրում էր, թե հատկապես ի՞նչ հիմնախնդիրներ էին առկա, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեին։ Պարզվեց, որ երիտասարդությունը հիմնական շեշտը սեփական զբաղվածության վրա է դնում։ Կարծում եմ, աշխատատեղերի առկայությունը կբացառեր այն բոլոր վատ երեւույթները, որոնք ձեւավորվել են այսօրվա երիտասարդության մեջ՝ զբաղմունք չունենալու պատճառով։ Ծրագրի արդյունքում պարզվեց նաեւ, որ գյուղական երիտասարդության հիմնախնդիրների մեծ մասը ոչ միայն սոցիալական բնույթի է, այլեւ հոգեբանական։ Այդ բնույթի մի փոքր աջակցության դեպքում նրանց հոգսը ինչ-որ չափով կթեթեւանա։ Ցավալի փաստ է, որ հատկապես գյուղական համայնքներում պակասել է ամուսնացողների թիվը։ Շատ երիտասարդ ընտանիքներ նախընտրում են ունենալ մեկ երեխա։ Այս հետազոտության արդյունքում իրականացվեց եւս մեկ ծրագիր։ 2001 թվականի փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին իրականացվեց «Աջակցություն գյուղական երիտասարդությանը» ծրագիրը՝ Տավուշի մարզի սահմանամերձ Ջուջեւան, Բերդավան, Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար գյուղերում։ Կազմակերպությունը ձեւավորեց տարբեր մասնագիտություններ ունեցող բժիշկների խումբ, որը մասնագիտական օգնություն ցուցաբերեց վերոհիշյալ համայնքների երիտասարդներին։ – Պարոն Դաղբաշյան, հատկապես ի՞նչ բնույթի հիվանդություններ էին տարածված։ – Պատերազմական իրավիճակը լուրջ հոգեբանական հետեւանքներ է թողել սահմանամերձ գոտու երիտասարդության վրա, նրանց մի մասը գտնվում է ապատիկ, նեւրոզային վիճակում եւ երբեմն կարիք ունի բժշկական մասնագիտացված օգնության։ Բազմաթիվ էին նաեւ սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունները, որը, մեր կարծիքով, ունի երկու պատճառ՝ նախ սահմանամերձ գոտուց մեծաթիվ են արտագնա աշխատանքի մեկնողները, երկրորդ պատճառը սեռական գրագիտության ցածր մակարդակն է։ – Առաջիկայում Ձեր կազմակերպությունը ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնելու։ – Ես կարծում եմ, որ թե՛ պետական պաշտոնյաները, թե՛ զանգվածային լրատվության միջոցները իրենց ուշադրությունը բեւեռում են հիմնականում մայրաքաղաքի վրա։ Այն հիմնախնդիրները, որոնք այսօր առկա են գյուղական համայնքներում, անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում։ Դատելով այսօրվա լրատվամիջոցների մեծ մասի մատուցած տեղեկատվությունից, կարծիք է կազմվում, որ հանրապետության ողջ հասարակական կյանքը կենտրոնացված է մայրաքաղաքում։ Դա ունի ցավալի հետեւանք։ ԶԼՄ-ներում գյուղի մասին տեղեկատվությունը սահմանափակվում է միայն տարերային աղետների մասին հաղորդագրություններով։ Նախատեսել ենք իրականացնել մի շարք ծրագրեր ՀՀ գյուղական համայնքների երիտասարդության շրջանում։ Կարծում եմ, նույնիսկ փոքր ուշադրությունը երբեմն մեծ խնդիրներ է լուծում։ ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել