Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության ջրամատակարարման ռեժիմը խախտվել է։

Հունիս 16,2001 00:00

Հիմա էլ խմելո՞ւ ջուրը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության ջրամատակարարման ռեժիմը խախտվել է։ Բնակիչները չեն կարողանում կանխատեսել, թե քանի ժամով խմելու ջուր կունենան կամ օրվա որ ժամերին։ Խնդիրն այն է, որ այս համայնքը խմելու ջրով ապահովում է «Արարատյան-2» ընդհանուր ջրատարը, որը միեւնույն ժամանակ խմելու ջուր է մատակարարում նաեւ Արարատի մարզի գյուղերի բնակչությանը։ Վերջիններս էլ ընդհանուր ջրատարից ապօրինի խողովակներ են անցկացնում մինչեւ իրենց հողատարածքներն ու խմելու ջուրը օգտագործում են ոռոգման նպատակներով։ «Արդյունքում ջուրը չի հասնում Երեւան ու ողջ Մալաթիա-Սեբաստիա համայնքը ջրազրկվում է։ Մոտ 25 անօրինական միացումներ կան, որոնց պատճառով 400 լ/վրկ ջրի կորուստ է լինում։ Էլ չենք խոսում ապօրինի կառույցների մասին՝ հենց մայր ջրատարի վրա, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ եւ լուրջ պրոբլեմներ կունենանք, եթե խողովակի վերանորոգման անհրաժեշտությունը լինի»,- ասում է Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության շահագործման բաժնի պետ Ջեյմս Վոտկինսը։ Երեկ Ջ. Վոտկինսը, արտաքաղաքային ջրամատակարարման պատասխանատու Մառլեն Գրիգորյանն ու «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ներկայացուցիչները մեկնեցին Արարատի մարզի Գեղանիստ գյուղ՝ փակելու ապօրինի ջրամատակարարման ուղիները։ Գյուղապետ Վաչիկ Ադիլխանյանը, որն իր խոսքերով «կռված տղա է», հյուրերին ընդունեց «հողի համար կռվել ենք, ջրի համար էլ կկռվենք» սկզբունքով։ Տեղաբնակները չափազանց ագրեսիվ էին տրամադրված՝ «հիմա էլ եկել են խմելո՞ւ ջուրը կտրեն, մենք փող չունենք, որ գյուղը սնող ընդհանուր ցանցից օգտվելով՝ խողովակները տուն հասցնենք, ընդհանուր մայրուղին ավելի մոտիկ է»։ Շուրջ 5-6 ժամ տեւեց դրամատիկ տեսարանը։ Մարզպետարանի, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ներկայացուցիչներն ու գյուղապետը չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Նշենք, որ ապօրինի 24 խողովակներից յուրաքանչյուրը 2 մասի է բաժանվում, մեկը հասնում է ընտանիքին՝ կենցաղային կարիքները հոգալու համար, մյուսը՝ ավելի մեծ տրամաչափի է եւ նույն ընտանիքը դրանով ոռոգում է իր հողատարածքը։ Որոշվեց բոլոր այդ մեծ տրամաչափի ջրագծերը փակել։ Իսկ փոքրերից կօգտվեն ու կօգտագործեն կենցաղային նպատակներով այնքան ժամանակ, մինչեւ «Ջրմուղ-կոյուղու» եւ մարզեպատարանի ներկայացուցիչները հարցն առավել օպտիմալ տարբերակով կլուծեն։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել