Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ «Խախտենք լռությունը կանանց հանդեպ բռնության մասին» ծրագ

Հունիս 16,2001 00:00

Գործազուրկ կանայք նաեւ իրավազուրկ են Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ «Խախտենք լռությունը կանանց հանդեպ բռնության մասին» ծրագրի շրջանակներում երեկ «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնությունը Հայաստանում» եւ «Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում» գրքերի շնորհանդեսը։ Շնորհանդեսին մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ-ի «Մինեսոտայի իրավապաշտպաններ» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք դեռեւս 2000-ին, մեկ ամսվա ընթացքում, կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ անցկացրել էին հետազոտություն Երեւան եւ Գյումրի քաղաքներում։ Վերը նշված գրքերը հրապարակվել են հետազոտությունների արդյունքում։ Գրքերում զետեղված են ընտանեկան բռնության դեպքեր, դրանց պատճառները, բարդացնող հանգամանքները եւ այլն։ Սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել (2000թ.) Հայաստանի գյուղերում ու շրջաններում բնակվող շուրջ 1200 կանանց հետ։ Ըստ կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանի, Հայաստանում պետք է բարձրաձայն խոսվի կանանց նկատմամբ բռնության մասին եւ անպայման օգնություն ցուցաբերվի տուժած կանանց։ Այդ իսկ պատճառով, ինչպես Ս. Վարդանյանը տեղեկացրեց՝ «Փորձում ենք համագործակցել կառավարության հետ եւ այս երեւույթին իրազեկ պահել նրանց»։ Հետազոտողների կարծիքով, կնոջ հիմնական «ռազմավարությունը» լեզվակռիվն ու կոպտություններն են, իսկ տղամարդն ունի ավելի հարուստ զինանոց (հայհոյանք, հարված ու ծեծ)։ Ըստ նրանց, բռնության ակունքները գալիս են այն դրվածքից, որ ծեծն ընդհանուր առմամբ հարցերի լուծման եւ, մասնավորապես, դաստիարակման արդյունավետ միջոցի է վերածվել։ Հետազոտման արդյունքում, փաստորեն, ամուսնա-ընտանեկան կյանքից դժգոհ է կանանց 22%-ը, 34%-ն ընդունում է կյանքն այնպես, ինչպես կա, 44%-ը բավարարված է իր կյանքով։ Գործազրկության դերը եւս իր ծանր հետքն է թողել կնոջ հոգեբանության վրա։ Գործազուրկ կանանց ընտանիքներում մթնոլորտն ավելի լարված է, քան աշխատողների։ Այդ կանայք ավելի իրավազուրկ են զգում իրենց, ավելի հաճախ դառնում բռնությունների զոհ։ Հարցման ընթացքում պարզվել է, որ առավել խոցելի վիճակում են հայտնվել մայրաքաղաքում ապրող կանայք։ Կանանց մեծամասնության կարծիքով, բոլոր ընտանիքներում բախումների, անախորժությունների, վեճերի ու ամուսնալուծությունների հիմնական պատճառը ներկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է։ Հ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել