Լրահոս
Օրվա լրահոսը

«Mariot International»-ին պատկանող «Արմենիա» հյուրանոցի տոթ սրահում «ԱրմենՏելի» տնօրինությունը երեկ

Հունիս 16,2001 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ 2 ԴԱՐՈՎ Է ՉԱՓՎՈՒՄ «Mariot International»-ին պատկանող «Արմենիա» հյուրանոցի տոթ սրահում «ԱրմենՏելի» տնօրինությունը երեկ հանրությանը ներկայացրեց ընկերության 2000թ. ֆինանսական հաշվետվությունը։ Ըստ այդմ, «ԱրմենՏելի» եկամուտները նախորդ տարվա համեմատ 4,5%-ով նվազել են՝ կազմելով 56 մլն 855 հազար դոլար։ Փոխարենն աճել են շահագործման եւ ամորտիզացիոն ծախսերը։ Վերջինն ավելի կաճի, քանի որ ներդրումների մեծ մասը, ըստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Յորգուլասի, կատարվել է 2001թ.։ 15%-ով բարձրացվել են աշխատավարձերը, ընդ որում, աշխատողներին դրամի հնարավոր արժեզրկումից պաշտպանելու համար դրանք հաշվարկվում են դոլարի կուրսով։ Ծախսերի աճը «ԱրմենՏելը» բացատրում է Հայաստանում միգրացիայի աճով եւ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակով։ «Ոչ ոք չէր սպասում, որ տնտեսության անցումային շրջանն այսքան երկար կտեւեր»։ Պրն Յորգուլասը բողոքեց Ինտերնետի միջոցով հեռախոսակապից, ինչն «ԱրմենՏելին» վնասում է ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ իրավաբանական առումով։ Նա զգուշացրեց, որ «ԱրմենՏելի» «պարտավորություններն իրական կլինեն, եթե նրա բացառիկ իրավունքներն իրագործվեն»։ Համաձայն «ԱրմենՏելի» ֆինանսական հաշվետվության, ընկերությունը 27%-ով գերակատարել է նեդրումների չափի վերաբերյալ իր պարտավորությունը՝ Հայաստանի հեռահաղորդակցության ցանցում կատարելով 127 մլն դոլարի աշխատանք։ Սա, ըստ Ն. Յորգուլասի, պայմանավորված է ավելի շատ ներդրումներ կատարելու ցանկությամբ, քան պարտավոր են։ Իսկ հեռահաղորդակցության ցանցը ընկերության ղեկավարությունը հայտնաբերել է շատ ավելի վատ վիճակում, քան այդ մասին պատկերացում ուներ։ Բայց, գլխավոր գործադիր տնօրենի ներկայացմամբ, «ԱրմենՏելը» տառապում է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին գործոններից։ Նրա հաշվարկներով, «ԱրմենՏելը» ծախսել է կամ պետք է ծախսի ավելի քան 300 մլն դոլար (բաժնեմասերը գնելու, նաեւ պարտավորությունները մարելու համար)։ «Սա ավելին է, քան երբեւէ որեւէ մեկի կողմից ներդրվել է կամ ծրագրվում է ներդնել Հայաստանում»։ Այսքանից հետո «ԱրմենՏելի» բաժնետիրոջ եւ ղեկավարության ցավն այն է, որ «այս ներդրման հիմնական ամորտիզացիան կլինի հաջորդ 2 դարերի ընթացքում»։ Այս բոլոր «մինուսներին» ծանոթանալուց հետո լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այդքանից հետո «ԱրմենՏելը» շարունակում աշխատել Հայաստանում։ Պատասխանը հարցի չափ միամիտ էր. «Որովհետեւ պայմանագիր կա եւ մեր երկրում բոլորս հարգում ենք պայմանագիրը», թե չէ՝ «մենք պրոբլեմ չունենք, որ սահմանամերձ շրջաններում հեռահաղորդակցության ցանց չկա», բացի այդ, «դեմ չենք, եթե մենաշնորհը վերցնեն մեզանից, բայց պետք է վճարեն, որովհետեւ մենք վճարել ենք ժամանակին» եւ, ընդհանրապես, «շատ դժվար է վճարել մի բանի համար, որը չի հարգվում»։ Պրն Յորգուլասը զգուշացրեց, որ թեեւ 2,5 տարի ուշացմամբ, բայց կներդրվի րոպեավճարը։ Րոպեավճար կմուծեն թվային հեռախոսակապի բաժանորդները, ընդ որում «ոչ թե 8 դրամ, ինչպես արտոնագրում է նշված, այլ 4 դրամ րոպեի դիմաց՝ ամսվա ընթացքում 120 րոպե անվճար խոսելուց հետո»։ Ասուլիսից մի քանի օր առաջ հանրությունը վերջապես գովազդից պարզեց, թե Հայաստանում ո՞վ ունի ավելի քան 3 մլն հաճախորդ, ո՞վ է ավելի քան 127 մլն-ի ներդրում կատարել եւ ավելի քան 7729 աշխատատեղ ստեղծել։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ հաշվարկներով է հաճախորդի ավելի քան 3 մլն թիվը ստացվել, հատկապես, եթե խոսքի ընթացքում պրն Յորգուլասը Հայաստանի բնակչության համար նշեց 2,4 մլն թիվը. «Եթե ընդունենք, որ (ըստ պաշտոնական տվյալների) Հայաստանում ապրում է 3 մլն մարդ (նրան ուղղեցին, նշելով, որ այդ թիվը 3,8 մլն է- Ա. Ու.), ապա ամեն մեկը, որ հեռախոսը վերցնում է, մեր հաճախորդն է», նկատեց, որ չեն ասում բաժանորդը, այլ՝ հաճախորդը։ «ԱրմենՏելն» իր հաճախորդն է համարում նաեւ արտասահմանից Հայաստան եկած եւ հեռախոսից օգտված ցանկացած մարդու։ Մնում է հուսալ, որ մարդահամարի ընթացքում կառավարությունն «ԱրմենՏելի» այս փորձը չի կիրառի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել