Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության հայտարարությունը

Հունիս 16,2001 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՊԵՏՔ Է ՂԵԿԱՎԱՐՎԻ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության հայտարարությունը Ծագելով եւ ձեւավորվելով մարդկության բնօրրանում, համաշխարհային քաղաքակրթության ակունքներից սնվելով, հայ ժողովուրդը, հազարամյակների բովով անցնելով, դիմացել է պատմության դաժան փորձություններին եւ շռայլորեն բաժին հանելով ուրիշներին էլ, կերտել է իր ուրույն մշակույթը, հոգեւոր եւ նյութական արժեքների իր յուրահատուկ համակարգը։ Աշխարհաքաղաքական շահերի կիզակետում, բազմիցս կորցնելով եւ վերագտնելով իր անկախությունը, Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդն այսօր թեւակոխել են եւս մի նոր հազարամյակ։ Եվ մենք՝ նրա այս պահին ապրող անհատներս, եթե գիտակցում ենք մեր ազգային պատկանելությունը, մեզ վերապահվածի կարեւորությունը, պարտավոր ենք պայքարել, չարչարվել, որ շարունակվի հազարամյակների մեջ ապրող մեր ժողովրդի կյանքը, որ ամրապնդվի, հզորանա նա՝ իր Հայաստան մայրաքաղաք պետությունով, նրա հայաբնակ արվարձաններով, Սփյուռքով, որ աշխարհով մեկ նա կարողանա դառնալ միաձույլ, ամբողջական ազգ կազմակերպություն եւ զարգացման այս նոր, բարդ պայմաններում էլ իրականացնի իր առաքելությունը համամարդկայինի հանդեպ։ Ելնելով այս պարտավորությունից՝ որպես ուղղորդող սկզբունք ընդունելով, որ «հնարավոր է ապահովելով ազգային բարվոք դաստիարակություն եւ նվազագույնի հասցնելով իշխանականի պարտադրանքը, ստեղծել ազատ, իրենց կամքով, համոզմունքներով գործող հայ մարդկանցից կազմված այնպիսի հասարակություն, ուր ազգայինն ու անձնականը ներդաշնակ ամբողջություն են կազմում»։ Դաշինքը գտնում է՝ 1. Ներազգային մրցակցության կանոնները հնարավորին չափ մեղմ պետք է լինեն, բայց եւ նպաստավոր՝ անձի ձեւավորման եւ զարգացման համար։ 2. Ներքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի զարգացման հավասար հնարավորությունների եւ սոցիալական արդարության հնարավորին չափ բարձր մակարդակի ապահովմանը։ 3. Պետք է սերմանվի, որ ազգային արժանապատվության զգացումը, ազգային պատկանելության գիտակցումն առաջին հերթին ընդհանուրի հզորացմանը նպաստելու, ժողովրդին, հայրենիքին ծառայելու պարտավորություն է։ 4. Ազգային դաստիարակության, ազգակիցների մեջ հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է դրվի «մեծ բարեկամության» սկզբունքը՝ այն, որ անկախ բնակության վայրից, բոլոր հայերն են հարազատներ, եւ հարաբերությունները նրանց միջեւ պետք է կառուցվեն բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված մեր ազգային հարուստ ավանդույթներին եւ սովորույթներին համապատասխան։ 5. Պետք է սերմանվի նաեւ, որ հայ լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ՝ օգտակար. – որ դա պարտավորություն է փոխօգնության, աջակցության, ձեռներեցության եւ այլ ոլորտներում, – որ փոխօգնությամբ ոչ միայն հնարավոր է դիմակայել, գոյատեւել աշխարհում առկա դաժան մրցակցության այս պայմաններում, այլեւ զարգանալ, հաջողության հասնել։ 6. Պետությունը, հասարակական, քաղաքական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները պետք է առավել խստությամբ դատապարտեն հայրենակիցների նկատմամբ անարդարության, խաբեության, դաժանության բոլոր երեւույթները։ 7. Հայաստանի Հանրապետություն՝ մայրաքաղաք պետությունը պետք է լինի բոլոր հայերի հայրենիքը եւ կարողանա հոգ տանել ինչպես իր արվարձանների՝ մերձավոր հայաբնակ տարածքների, այնպես էլ բոլոր գաղթօջախների համար։ 8. Նրա օրենքները, կազմավորումները, հեռանկարային եւ ընթացիկ ծրագրերը համազգային կառույցների համակարգի ձեւավորման, հայրենիքի եւ հայազգիների միջեւ կապերի հաստատման, նրանց պաշտպանության եւ աջակցության կազմակերպման համար պետք է լինեն հնարավորին չափ նպաստավոր։ 9. Մայրաքաղաք պետությունը պետք է դառնա համահայկական միասնական օրգանիզմի հոգեւոր-մշակութային կենտրոնը, իր վրա վերցնի ազգապահպանության, գենոֆոնդի պահպանման, ընդհանուրի զարգացման երաշխավորի պարտականությունները։ 10. Հոգեւոր-մշակութային կենտրոնի քարոզչական մեքենան պետք է կարողանա սերմանել վերը նշված բարոյական պարտավորությունները, հարգանք եւ պատրաստակամություն՝ կատարելու կենտրոնական կարգավորման մարմինների որոշումները։ 11. Մայրաքաղաք պետությունը, համազգային այլ կառույցների հետ համատեղ պետք է կարողանա պաշտպանել նաեւ հայազգիների տնտեսական շահերը, նպաստի նրանց ձեռներեցությանը, աջակցի, որ ստեղծվեն հայերի կողմից վերահսկվող կամ նրանց մասնակցությամբ տնտեսական հզոր կառույցներ՝ աշխարհով մեկ։ Ելնելով այս պահանջներից՝ գտնելով, որ հիմնական խնդիրը այսօր մայրաքաղաք պետությունում առկա աղաղակող թերությունների, Հայաստանի Հանրապետությունում իշխանության կառուցվածքի, նրա տարբեր թեւերի միջեւ հակակշիռների, փոխադարձ վերահսկողության, լիազորությունների, կադրային քաղաքականության, պատասխանատվության մեխանիզմների, միտումնավոր սխալ ընտրության պատճառով այն ոչ միայն – չի կարող ծառայել ազգային ընդհանրական խնդիրների լուծմանը, համազգային կառույցների համակարգի ձեւավորմանը, – չի ապահովել եւ չի էլ կարող ապագայում ապահովել երկրի, բնակչության բնականոն գործունեության, գոյատեւման համար անհրաժեշտ տարրական պայմանները, այլ ընդհակառակը՝ դարձել է առաջընթացը խոչընդոտող, ժողովրդի ներուժը ջլատող հիմնական գործոնը, – որ նա է պատճառը, նրանով է պայմանավորված, որ պարբերաբար կեղծվում են ընտրությունների արդյունքները, անարժաններ են գալիս իշխանության, բռնությամբ իշխանափոխություններ են կատարվում, քաղաքական սպանությունների, ոճրագործությունների շղթան է շարունակվում, խորանում է ճգնաժամը, արտագաղթը երկրից դառնում է համազգային աղետ։ Եվ անիմաստ է համապարփակ այս ճգնաժամի պատճառն այլ տեղում փնտրելը։ Մեր ժողովրդի, մեր առանձնահատկությունների, հայ մարդկանց ոգեկերպարի թերություններով չէ այն պայմանավորված եւ հիմնականում ոչ էլ թշնամական շրջապատի առկայությամբ կամ գերտերությունների նենգ խաղերով։ Եվ անհրաժեշտ է հնարավորին չափ բուն պատճառը շուտ վերացնել։ Դաշինքը պարտավորվում է՝ Առաջիկա մեկ տարվա ընթացքում ակտիվ համագործակցելով հասարակական, քաղաքական ուժերի հետ, մեր կարողությունների առավելագույն ներդրմամբ պայքարել, որ նախապատրաստվի եւ հանրաքվեի դրվի իշխանական համակարգի արմատական վերափոխման խնդիրը՝ ելնելով հետեւյալ մոտեցումներից. 1. Իշխանական համակարգը ՀՀ-ում պետք է կառուցվի այնպես, որ այն որպես ամբողջություն, դառնա նպատակային գործունեության սուբյեկտ իր՝ ա) Սահմանադրությամբ ամրագրված ազգային, համամարդկային հիմնական արժեքներով, ուղղվածությամբ, կառուցվածքով, նպատակների ընտրության, պետության գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներով, այլ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման հստակ մոտեցումներով, սկզբունքներով. բ) օրենքներով ամրագրված ներքին եւ արտաքին քաղաքականության հայեցակարգերով, ուղղություններով, հեռանկարային եւ ընթացիկ գործունեության խնդիրներով եւ դրանց իրագործման համար կազմված երկարաժամկետ եւ տարեկան ծրագրերով, որոնք պետք է ընդունվեն եւ իրագործման դրվեն հրապարակային լայն քննարկումներից հետո միայն, եթե արժանացել է քաղաքացիների մեծամասնության հավանությանը. գ) հասարակական կյանքի կարգավորման, պաշտպանության, տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտները պետք է լինեն պետական վերահսկողության ներքո եւ կառավարվեն, կարգավորվեն պետական ծրագրերով։ 2. Քանի որ արդյունավետ քաղաքականություն եւ ծրագրեր կարող են մշակել եւ իրականացնել միայն ընդհանրական շահերի գիտակցմամբ գործող, գաղափարապես միաձույլ կուսակցությունները, կոլեկտիվ ջանքերով, անհրաժեշտ է նրանց հնարավորություն տալ ընտրություններում հաղթելուց հետո իրենք ձեւավորեն գործադիր իշխանությունն ու կարողանան իրագործել իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները։ 3. ՀՀ Ազգային ժողովը պետք է կազմված լինի հիմնականում համամասնական կարգով ընտրված եւ ՀՀ վարչատարածքային բաժանման հիման վրա կազմված ընտրատարածքներից մեծամասնական կարգով ընտրված մեկական պատգամավորներից։ 4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ նրանց միավորումներն ընտրողներին պետք է ներկայացնեն գործունեության այն քառամյա ծրագրերն ու մոտեցումները, որոնցով առաջնորդվելու են, եթե ընտրություններում հաղթեն եւ կազմեն կառավարություն։ 5. Նախընտրական քառամյա ծրագրերը պետք է ունենան տարեկան կտրվածքներ, պարունակեն բոլոր հիմնական ոլորտների համար ենթածրագրեր, նշված լինեն թույլատրելի շեղումների չափը եւ անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությունը։ Դրանք պետք է կազմված լինեն իրավիճակի գնահատման, ընթացքի կանխատեսման եւ վերահսկման համար անհրաժեշտ որակական, քանակական (մակրոտնտեսական, տնտեսական եւ այլ վիճակագրական) հստակ ցուցանիշների հիման վրա։ 6. Նախընտրական քառամյա պետական երկարաժամկետ եւ տարեկան ծրագրերի կառուցվածքը, գործունեության մեջ դրվելու, վերահսկման եւ պատասխանատվության կարգը պետք է սահմանվի հատուկ օրենքով։ 7. Եթե կառավարությունը չի կարողանում կատարել քառամյա պետական ծրագիրը, ապա ՀՀ նախագահը առաջին տարվա վերջին ժողովրդին ուղղված ուղերձով զգուշացնում է ԱԺ-ի մեծամասնությանն ու կառավարությանն այդ մասին։ Եթե 2-րդ տարվա ընթացքում էլ ծրագիրը չի կատարվում եւ չկան դրա պատճառը հանդիսացող անհաղթահարելի խոչընդոտներ, ապա նախագահը ցրում է ԱԺ-ն եւ նշանակում նոր ընտրություններ։ 8. Ծրագիրը չկատարելու համար ընդդիմադիր կուսակցությունները կամ այլ նախաձեռնող խմբեր կարող են ստորագրություններ հավաքելու ճանապարհով հանրաքվեի դնել ԱԺ-ի նոր ընտրությունների անցկացման հարցը։ 9. ՀՀ-ում պետք է ձեւավորվի տեղական ինքնակառավարման գործուն համակարգ։ ՀՀ վարչատարածքային բաժանումը պետք է փոխվի։ Հաշվի առնելով տեղական եւ տնտեսական որոշակի առանձնահատկությունները, մարզերի թիվը մոտ 25-ի պետք է հասցվի։ Բացի համայնքներից, ինքնակառավարումը պետք է իրականացվի նաեւ մարզերում (ինքնակառավարման 2-րդ մակարդակ)։ 10. Գործադիր իշխանության բոլոր մարմինները (ներառյալ ինքնակառավարման մակարդակներում) պետք է հիմնականում գործեն նախապես ընդունված, ամրագրված ծրագրերի շրջանակներում։ Պետական պաշտոնյաները ծրագրերը չկատարելու համար անմիջական պատասխանատվություն պետք է կրեն։ Առաջարկվող համակարգային փոփոխությունների շրջանակներում դաշինքը պարտավորվում է՝ – ակտիվ համագործակցելով հասարակական, քաղաքական բոլոր ուժերի հետ՝ մշակել եւ համաժողովրդական քննարկման դնել. համապարփակ այս ճգնաժամի հաղթահարման, ելքի, զարգացման նախադրյալների ստեղծման քառամյա ծրագիր՝ իր, ըստ ոլորտների, ենթածրագրերով, տարեկան կտրվածքներով, կատարման ընթացքի գնահատման կարգով, չափանիշներով, հաղթահարելի եւ անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությամբ եւ դրանց պատճառով կատարման ցուցանիշների հնարավոր շեղման գնահատականներով։ Այդ նպատակով դաշինքը ծրագրում է ստեղծել, ըստ ոլորտների, հատուկ մասնագիտացված ստորաբաժանումներ եւ նրանց աշխատանքներում ներգրավելով բոլոր համակիրներին, համախոհներին՝ տալ նրանց համապատասխան լիազորություններ։ Գտնելով, որ բացի հեռանակարային եւ առաջիկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերից, կուսակցությունը պետք է անընդհատ հետեւի եւ անհրաժեշտության դեպքում ակտիվ մասնակցի հասարակական կյանքի կառավարման, կարգավորման բոլոր գործառություններին. – իր հիմնական սկզբունքից ելնելով, բացառիկ նշանակություն տալով ժողովրդի հավաքական ակտիվությանը, ժողովրդական զանգվածների անմիջական մասնակցությանը, բաց, հրապարակային գործունեությանը. – մերժելով նեղ կուսակցական շահերին գերակայություն տալու, այլ քաղաքական ուժերի արհեստական հեղինակազրկմանն ուղղված «որքան վատ՝ այնքան լավ» մոտեցումները։ Դաշինքը ընթացիկ գործունեության մեջ ղեկավարվելու է հետեւյալ սկզբունքով՝ Իր տեսակետից դրականին առավել աջակցություն, իսկ բացասականի դեմ՝ անզիջում պայքար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել