Փոխնախարար հեղինակը պաշտպանվում է Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում. «Երկու լուր կա. մեկը՝ ուրախ, մյուսը՝ տխուր»։ Կոնկրետ դեպքում, ուրախալին այն է, որ հեղինակային իրավունքի՝ դատական կարգով պաշտպանության նախադեպերը շատանում են։ Տխուրը՝ որ ավելացել են հեղինակային իրավունքի ոտնահարման դեպքերը։ 2000 թ. դեկտեմբերի վերջին ԻՐՏԵԿ տվյալների բազայի հեղինակներ, ՀՀ քաղաքացիներ Գեւորգ Մալխասյանն ու Ռոբերտ Ավագյանը դիմել են Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների 1-ին ատյանի դատարան՝ իրենց հեղինակային իրավունքների պաշտպանության պահանջի մասին հայցով։ Ըստ պարոնայք Մալխասյանի եւ Ավագյանի, պատասխանող կողմը՝ «Ջոյնթ Ֆայնենշլ Գրուպ» եւ «Մասթեր Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ները, խախտել են իրենց հեղինակային իրավունքները՝ յուրացնելով ԻՐՏԵԿ-ի տվյալների բազան։ Ծանուցման կարգով նշենք, որ ԻՐՏԵԿ համակարգում՝ 1993-ից մինչեւ 2000 թ., հեղինակներ Մալխասյանի եւ Ավագյանի ջանքերով, հավաքագրվել, ներառվել եւ համակարգվել են ՀՀ օրենքները եւ իրավական այլ ակտեր։ 7 տարիների ընթացքում համակարգը ներառում էր մոտ 11 հազար տվյալ։ Չմոռանանք նշել, որ ԻՐՏԵԿ-ը դեռ 1997 թ. գրանցվել է Հեղինակային իրավունքների ազգային գործակալության կողմից՝ որպես հեղինակային իրավունքի սուբյեկտ։ 2000թ. վերջին, ըստ ԻՐՏԵԿի հեղինակների. «Հայտնվում է «Ջոյնթ Ֆայնենշլ Գրուպ»-ը՝ իր A-Zaws տվյալների բազայով, որը այդ պահին արդեն իր մեջ ներառում էր մոտ 11 հազար իրավական ակտ։ Ուշագրավ էր ոչ միայն տվյալների քանակության նույնությունը, այլեւ այն կարճ ժամանակահատվածը, որի ընթացքում A-Zaws-ի հեղինակները կատարել էին նույն ծավալի աշխատանք, որի համար մեզնից պահանջվել էր յոթ տարի։ Այդ 10 հազար տվյալներում նույնն էր բացարձակապես ամեն ինչ՝ ընտրությունը, ակտերի ձեւավորումը, տեքստերում առկա աղյուսակների չափսերը, համակարգումն ու համակարգման սկզբունքները, անգամ՝ մեր բազային տվյալների տեքստերում տեղ գտած վրիպակներն ու սխալները»։ Ու թեեւ անկախ փորձագետները եւս իրենց եզրակացության մեջ արձանագրել են բոլոր նույնությունները, որ առկա են ԻՐՏԵԿ-ի եւ A-Zaws-ի բազային տեքստերում, «Ջոյնթ Ֆայնենշլ Գրուպ»-ը չի ընդունում իր կողմից՝ հակերության փաստի առկայությունը։ Նրանք պնդում են, որ ՀՀ օրենքները, օրենսդրական ակտերը, կառավարության որոշումները հեղինակային իրավունքի օբյեկտ չեն։ Դեռ ավելին, հիշյալ ՍՊԸ-ն մամուլի միջոցներով Գեւորգ Մալխասյանին մեղադրել է իրենց վրա ճնշում գործադրելու եւ այդ ոլորտում մենաշնորհ սահմանելու ցանկության մեջ, շեշտը դնելով հատկապես պարոն Մալխասյանի պաշտոնի վրա։ Չմոռանանք նշել, որ Գեւորգ Մալխասյանն արդարադատության փոխնախարար է։ Սակայն ինչպես երեկ կայացած մամուլի ասուլիսում նշեց պրն Մալխասյանը. «Ես ավելի կարեւորում եմ իմ հեղինակ լինելը։ Քանի որ ես հեղինակ էի մինչեւ փոխնախարար դառնալս, շարունակում եմ ԻՐՏԵԿ տվյալների բազայի հեղինակը լինել այժմ եւ այն ժամանակ էլ, երբ կդադարեմ արդարադատության փոխնախարար լինել (վերջապես գտնվեց մի պաշտոնյա, որն ընդունում է իր պաշտոնի ոչ հավերժական լինելը- Մ. Բ.), ես կմնամ ԻՐՏԵԿ-ի հեղինակ»։ Պարոն Մալխասյանը համաձայն էր, որ օրենքներն ու մնացած բոլոր իրավական ակտերը, որ տեղ են գտել ԻՐՏԵԿ-ում, հեղինակային իրավունքի օբյեկտ չեն, փոխարենը նա պնդում էր, որ հեղինակային իրավունքների օբյեկտներ են տվյալների բազան («հավաքագրումը եւ համակարգումն ինքնին ստեղծագործական աշխատանք է եւ հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ»), համակարգումը («իրավական ակտերը փոփոխվում են, մենք բոլոր փոփոխությունները ի մի ենք բերում, միասնականացնում ենք եւ դարձնում մի լիակատար իրավական ակտ։ Այդ ձեւը հատուկ է միայն մեզ») ձեւավորումը, ինչպես նաեւ դասակարգիչները («մեր ստեղծածը ՀՀ-ում միակ համակարգչային դասակարգիչն է»)։ Դատական գործը դեռ ընթացքի մեջ է։ Տեսնենք՝ մինչեւ ե՞րբ եւ ի՞նչ արդյունքով։ Ի վերջո, հեղինակային իրավունքների խախտման ուղտը կարող է չոքել բոլորիս դռանը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ