Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ երկու քաղաքացի «Բրիտանական ավիաուղիների» Երեւան-Լոնդոն չվերթով, անօրինական

Հունիս 16,2001 00:00

Եվս երկուսը թռան Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ երկու քաղաքացի «Բրիտանական ավիաուղիների» Երեւան-Լոնդոն չվերթով, անօրինական ճանապարհով, հեռացել են Հայաստանի Հանրապետությունից։ Մինչեւ օրվա վերջ Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը, «Բրիտանական ավիաուղիների» երեւանյան ղեկավարությունը, նաեւ ԱԱ նախարարությունը տեղեկությունը ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում։ Օրվա վերջում ստացվեց ԱԳ նախարարության հաղորդագրությունը, որում մասնավորապես ասվում է. «Ս/թ հունիսի 14-ի «Բրիթիշ Էյըրվեյզ» ավիաընկերության Լոնդոն-Երեւան չվերթով ժամանող ինքնաթիռի կայանման ժամանակ, որով ուղեւորվում էր Ամենայն Հայոց կաթողիկոսը, համաձայն արարողակարգի պահանջների, նախատեսվում էր ինքնաթիռը կայանել բարձրակարգ հյուրերի սպասարկման սրահի հարեւանությամբ։ Սակայն «Բրիթիշ Էյըրվեյզ» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչը ընդդիմացել է այդ որոշմանը՝ պահանջելով, որ ինքնաթիռը կայանվի «Զվարթնոց» օդանավակայանի 4-րդ կայանատեղում։ Քանի որ օդանավի հրամանատարը հակված է եղել կատարելու ներկայացուցչի հանձնարարությունը, դրանով իսկ խափանվել է Վեհափառի արարողակարգային ընդունելությունը։ Այնուհետեւ ներկայացուցիչը, ենթադրելով, որ իր գործողությունները կարող են ՀՀ իշխանությունների կողմից հետապնդումների առիթ հանդիսանալ, իր գործընկերոջ հետ մուտք է գործել օդանավ՝ հրաժարվելով այնտեղից դուրս գալ։ Այդ ընթացքում օդանավակայան է ժամանել Միացյալ Թագավորության դեսպան Թիմըթի Ջոնսը՝ պարզելու համար պատահարի մանրամասները։ Վերջինիս հետ բանակցություններ վարելու նպատակով, «Զվարթնոց» օդանավակայան է մեկնել ԱԳՆ պատվիրակությունը՝ փոխնախարար Ռ. Շուգարյանի ղեկավարությամբ։ Դեսպանի հետ կայացած զրույցի ընթացքում, նախապես ունենալով ՀՀ իրավապահ մարմինների համաձայնությունը, դեսպանին պաշտոնապես տրվել են ավիաընկերության աշխատակիցների անձնական անվտանգության երաշխիքներ։ Սակայն դեսպանը եւ օդանավի հրամանատարը տեղեկացրել են, որ իրենք «Բրիթիշ Էյըրվեյզ»-ի աշխատակիցներին մտադիր են նույն օրվա չվերթով տեղափոխել Լոնդոն՝ վերջիններիս հետ ունենալիք հարցազրույցների ընթացքում միջադեպի լրացուցիչ մանրամասները ճշտելու նպատակով։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը հայտնել է վերջինիս վերաբերյալ խոչընդոտների բացակայության մասին՝ միաժամանակ պնդելով, որպեսզի ՀՀ պետական սահմանի հատումը իրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Քանի որ նշված անձանց մոտ բացակայում էին անձը հաստատող փաստաթղթերը, պահանջվել է ներկայացնել վերջիններիս անձնագրերը, որոնց տեղ հասցնելուց եւ սահմանապահների կողմից համապատասխան ձեւակերպումներն իրականացնելուց հետո, նրանք մեկնել են Երեւան-Լոնդոն չվերթով։ Նրանց անձնագրերում առկա էին նույն օրը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության կողմից տրամադրված այդ երկիր մուտքի բազմակի արտոնագրեր։ Վերոնշյալ գործողությունների հետեւանքով խախտվել է «Բրիթիշ Մեդիտերանիըն Էյըրվեյզ» ՍՊԸ-ի եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ՊՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի 2.1.10 կետը, որտեղ հստակորեն նշված է, թե «փոխադրողն իր վրա է վերցնում օդանավակայանի ներքին կանոններին ենթարկվելու պարտականությունը»։ Այնուամենայնիվ, քանի որ միջադեպի շարժառիթ է եղել կայանատեղի ընտրությունը, որը կրում է տեխնիկական բնույթ, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կարծում է, որ այն պետք է լուծվի երկու ավիաընկերությունների միջեւ խորհրդակցությունների միջոցով, առավել եւս, որ հայկական կողմն առարկություն չի հայտնել վերոհիշյալ անձանց Լոնդոն մեկնելու եւ նրանցից պարզաբանումներ ստանալու վերաբերյալ։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել