Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել Պարզվեց, որ ոչ միայն ֆիզիկոսները կարող են զբաղվել իրավաբանությամբ, այլ նաեւ իրավաբանները՝ ֆիզիկայով։ Այսպիսի մի արտառոց դեպքի հանդիպեցինք վերջերս։ Ընդ որում՝ հանկարծակի։ «Այսօր փոքր-ինչ յուրահատուկ օր է»,- ասաց հունիսի 13-ին՝ գարնանային նստաշրջանի վերջին օրն ԱԺ նիստը նախագահող Տիգրան Թորոսյանը՝ սկիզբ դնելով մի սյուրռեալիստական բանավեճի, որի գագաթնակետն Արշակ Սադոյանի գոռոցն էր. «Նախագահողն իրավունք չունի՛ բացատրել, թե երբ է վերջանում չորեքշաբթին»։ Շուրջ կես ժամ հայոց խորհրդարանը հենց դրանով էլ զբաղված էր՝ քննարկում էին, թե նստաշրջանի վերջին օր ասելով նկատի է առնվում մինչեւ ժամը 18։00 ժամանակահատվա՞ծը (Տիգրան Թորոսյանը պնդում էր այդ տարբերակը), թե՞ մինչեւ 24։00-ն։ Դաշնակցականներն այժմ մտմտում են այս հարցի պարզաբանման համար դիմել Սահմանադրական դատարանին։ Իսկ մինչ վերին ատյանն իր որոշումը կկայացնի օրվա ավարտի մասին՝ մեր ծանոթ իրավագետն իր սեփական մտորումները հայտնեց. «Այդ քննարկման ընթացքում դաշնակցականները եւ այլք պնդում էին, թե խախտվել է Սահմանադրությունը, ԱԺ կանոնակարգը։ Գուցե դրանք խախտվել էին, բայց սա արդեն ածանցյալ է՝ ավելի խոշոր խախտումի համեմատ։ Այդ քննարկման ընթացքում հերքվեց Գալիլեյի ուսմունքն այն մասին, որ երկրագունդը բաղկացած է 24 ժամանակային գոտիներից։ Տիգրան Թորոսյանը փայլո՜ւն ժխտեց դա եւ ապացուցեց, որ գոտիներն ընդամենը 18-ն են։ Ես հիմա մտածում եմ. նման խոշոր հայտնագործության համար մարդկությունը գրեթե հազար տարի երկնե՛լ է, սպասել՝ մինչեւ ծնվել է Տիգրան Թորոսյանը, հետո դարձել պատգամավոր… Մի բան էլ եմ մտածում՝ Նյուտոնի գլխին խնձոր ընկավ, որ այդ գյուտն արեց։ Յարաբ, այդ արանքում մեր փոխնախագահի գլխին ի՞նչ ընկավ, մանավանդ՝ բարձր տեղ էր նստած։ Ջհանդամը, թե արտահերթ նստաշրջան կանեն կամ չեն անի։ 6 ժամանակային գոտի՛ է անհետացել մոլորակից։ Եվ Աստված չանի, եթե Հայաստանը հայտնվի (որ շատ հավանական է) այդ անհետացած գոտիներից մեկնումեկում։ Մենք այլեւս ժամանակի մեջ չենք ապրի։ Նարեկացին կարող է կողքդ լինի, ասենք։ Մեկ էլ կզարթնես ու կտեսնես, որ վաղը չէ մյուս օրն է լինելու Ավարայրի ճակատամարտը… Ազգային ժողովի այս հրաշք գործելակերպն ինձ համոզում է, որ մենք շուտով կգտնենք նաեւ առանց տարածության ապրելու օրենքը, եթե ժամանակից դուրս ենք ապրում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ հրաշք կլինի, ապրում ես առանց իրավունքի եւ տարածության։ Բայց ինձ թվում է, համենայնդեպս, պետք է արտոնագրել այս գյուտը, քանի որ գիտական աշխարհում գողությունները շատ են։ Անմիջապե՛ս պետք է արտոնագրել եւ ներկայացնել շվեդական ակադեմիային, որը Նոբելյան մրցանակներ է շնորհում։ Եթե օրինաչափության մի մասը գտել է մի գիտնական, երկրորդ մասը՝ մեկ ուրիշը (խնդրում եմ նկատի ունենալ՝ բոլորովին ինքնուրո՛ւյն), այդ ժամանակ գծիկով գրվում է, ասենք, Բոյլ-Մարիոտի օրենք։ Սա էլ կարող է կոչվել Գալիլեյ-Թորոսյանի օրենք։ Այնուամենայնիվ, դաշնակցականները ճիշտ կանեին, եթե նստաշրջանի այդ վերջին օրը կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գիտության եւ կրթության նախարար Էդուարդ Ղազարյանին մի անմեղ հարց տային. «Իսկ ի՞նչ է, Գալիլեյի ուսմունքը հանվե՞լ է ֆիզիկայի 6-րդ դասարանի դասընթացից»։ Ա. Ի.