Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռեւս 1997 թվականին ռուս փորձագետ Մ.Մարկովն իր «Ահաբեկչությունն իբրեւ գլոբալ վտանգ եւ համաշխարհային

Հունիս 16,2001 00:00

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵ՞Ր Դեռեւս 1997 թվականին ռուս փորձագետ Մ.Մարկովն իր «Ահաբեկչությունն իբրեւ գլոբալ վտանգ եւ համաշխարհային քաղաքականության գործիք» աշխատության մեջ շեշտել է, թե քաղաքակրթությանը սպառնացող ահաբեկչությունը արդի տեխնոլոգիական զարգացման պայմաններում էական համալրում է ունեցել՝ մասնավորապես, ի դեմս ԶԼՄ-ների։ Մ.Մարկովի համոզմամբ, առանձին ԶԼՄ-ները՝ կատարված ահաբեկչության նկատմամբ իրենց վերաբերմունքով եւ մեկնաբանություններով, ոչ այլ ինչ են, քան ահաբեկչության ուղեկից գլխավոր գործիքներից մեկը։ Ըստ նրա, «Առանձին լրատվամիջոցներ իբրեւ հավելյալ մեխանիզմ հանդես են գալիս ահաբեկչի եւ դրա հասցեատիրոջ միջեւ։ Իսկ ահաբեկչությունը հզոր զենք է, գործիք, տեխնոլոգիա, որն օգտագործվում է իշխանությունների դեմ պայքարում, բայց ավելի հաճախ՝ նաեւ հենց իշխանության կողմից՝ իր նպատակներին հասնելու համար»,- «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության եւ այսօր Քոչարյանի քարոզչամիջոցների վարած քաղաքականության համար, կարծում ենք, սա ամենատիպիկ բնորոշումն է։ Այսօր Ն.Հունանյանի գրած 250 էջանոց «նոթերին» համահունչ հրապարակման հեղինակ քարոզչամիջոցները, Վ.Սարգսյանի գործած մեղքերը խտացնելու եւ Նաիրիի նկատմամբ հասարակության գութը շարժելու համար, հիշեցնում են վարչապետի առնչությունները նախկին իշխանությունների, «թալանչիների», 96-ի նախագահական ընտրություններում նրա դերակատարման մասին։ Ասում են, կիսաճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան սուտը։ Սա հենց այն դեպքն է, որը մատուցվում է մեր հասարակությանը իշխանությունների եւ նրանց լրատվամիջոցների կողմից։ Վերջիններս, չգիտես ինչու, նախկին ռեժիմի մասին խոսելիս, որպես կանոն, շրջանցում են, որ այդ նույն ռեժիմի ծնունդն են ե՛ւ նախագահ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, որ նրանք օգտվել են այդ ռեժիմի ընձեռած բոլոր բարիքներից։ Ի վերջո, նրանք երկուսն էլ լուսնից չեն իջել. Ռ.Քոչարյանը նախկին նախագահի հրավերով էր Հայաստան եկել եւ նշանակվել վարչապետի պաշտոնում, նրա օրոք են տեղի ունեցել մի քանի խոշոր եւ խիստ կասկածելի մասնավորեցումներ: Նախորդ հանցավոր ռեժիմի շնորհիվ էր, որ Սերժ Սարգսյանն այսօր ավելի քան պաշտպանության նախարար է, որովհետեւ ունի նաեւ հզոր տնտեսական լծակներ եւ այլն։ Ի վերջո, եթե խոսվում է 96-ի նախագահական ընտրությունների եւ Լ.Տեր-Պետրոսյանի գահակալության ապօրինի երկարաձգման մասին, պետք է շեշտել դրանում Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի դերակատարումը՝ գոնե հանուն արդարության։ Հիշենք 96-ի սեպտեմբերի 25-ին ժողովրդի դեմ դուրս եկած, ցույցը ցրողներից մեկի՝ այն ժամանակ ԱԱ նախարար Ս.Սարգսյանի, ելույթի միայն այս հատվածը. «Այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ խայտառակ էջ գրվեց. խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա։ Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով։ Բայց, փառք Աստծո, որ այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»։ Ապա Ս.Սարգսյանը հաստատում էր, որ ԱԺ շենքը պաշտպանել է նաեւ ԱԱՆ հատուկ ջոկատը, «որը տիրապետում է զենքին, եւ եթե հրաման լիներ, անպայման կլիներ արյունահեղություն»։ Հստակ է, որ, ժողովրդին նվիրվածությունը չի եղել պատճառը, որ Ս.Սարգսյանի ձեռքերն այսօր արյան մեջ շաղախված չեն, այլ՝ ընդամենը հանգամանքները՝ իշխանության վերին օղակում նրա ունեցած երկրորդական դերը։ 96-ի սեպտեմբերի 25-ին ուժային երեք նախարարությունների նախարարների, նրանց տեղակալների, եւ հրամկազմի համատեղ նիստում, ըստ մեր աղբյուրների, Ս. Սարգսյանը կարծիք էր հայտնել թե միանշանակ պետք է զորք մտցնել Երեւան եւ ռազմական դրություն հայտարարել։ «ԼՂՀ ղեկավարությունը վերջին օրերին Երեւանում կատարվող իրադարձությունները գնահատում է որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք եւ ազգային շահերի դավաճանություն։ Ընտրությունների արդյունքներն ուժային մեթոդներով փոխելու հեղաշրջման փորձը անթույլատրելի է եւ պետք է խստորեն կանխվի։ ԼՂՀ ղեկավարությունը պաշտպանում է օրենքով ընտրված ՀՀ իշխանություններին»։ Սա ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանի կառավարության գնահատականն է 96-ի դեպքերին։ Բայց բանն էլ հենց այն է, որ 99-ին ոճրագործների թիրախը ոչ թե այս մարդիկ էին (եւ փառք Աստծո, որ զոհերի թիվը շատ չի եղել), այլ՝ հատկապես Վ.Սարգսյանն ու Կ.Դեմիրճյանը։ Ընդ որում, ժողովրդի ընտրության իրավունքի «պաշտպանները», չգիտես ինչու, լռում են 98-ին Քոչարյանի օգտին Դեմիրճյանի ձայների կեղծման եւ նախագահի ոչ լեգիտիմության մասին: Ոմանց ցինիկության աստիճանն այնքան անկանխատեսելի է, որ «Միասնության» զոհված առաջնորդները մեղադրվում են անգամ այն բանում, որ իրենց իշխանավարության 4 ամիսների ընթացքում այդպես էլ չեն վերանայել 7-8 տարիների ընթացքում տեղի ունեցած սեփականաշնորհումը։ Հարց է ծագում, իսկ մինչեւ նրանց պաշտոնավարելը, ինչո՞վ է զբաղված եղել երկրի նախագահ Քոչարյանը՝ Երեւանում վարչապետի, ապա՝ նաեւ նախագահի պաշտոնը ավելի քան 2 տարի զբաղեցրած ժամանակ։ Ավելի քան մեկ տարի նրա միահեծան իշխանությունը ոչ մի առաջընթաց չարձանագրեց։ Դրա վկայությունը հասարակության դժգոհությունն է։ Եվ, Աստված չանի, որ ծնված լինի էլի մեկ Նաիրի, որը բութ գործիք դառնա ինչ-որ ուժերի ձեռքին եւ ձեռք բարձրացնի ներկայիս իշխանության որեւէ ներկայացուցչի վրա։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել