Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ԳՄ-ում կայացավ 6 երիտասարդ գրողների նոր գրքերի շնորհանդեսը։

Հունիս 15,2001 00:00

ԱՌԱՋՆԵԿ ԳՐՔԵՐ Այսօր ԳՄ-ում կայացավ 6 երիտասարդ գրողների նոր գրքերի շնորհանդեսը։ Արա Նազարեթյանի, Հարութ Կբեյանի, Արփի Ոսկանյանի, Ազնիվ Սահակյանի, Գայանե Բաբայանի ու Նարինե Ավետյանի գրական տաղանդը գնահատելով, ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ միության անդամների 40-50%-ը կենսաթոշակային տարիքի ստեղծագործողներ են եւ «թարմ արյուն, թարմ ուժեր ներարկելու խնդիր կա»։ Լ. Անանյանը կարեւորեց, որ գրքերը հրատարակվել են ոչ թե հովանավորի օգնությամբ, այլ՝ պետական աջակցությամբ։ Ստեղծագործողներին շնորհավորեցին նաեւ արձակագիր Արա Նազարեթյանն ու գրող Ռազմիկ Դավոյանը։ Նոր գրքերի հրատարակությամբ մասնավորապես շատ էր խանդավառված Ռ. Դավոյանը։ Նա այնքան ոգեւորված էր, որ, երբ շնորհավորական խոսքում Արա Նազարեթյանն ասաց, թե՝ ես ավելի շատ գրող եմ, Ռ. Դավոյանն ընդհատեց նրան, հավելելով, թե՝ ավելի շատ գրող ես, քան՝ գրգռող։ Հեղինակներն էլ իրենց շնորհակալական խոսքն ասացին՝ գրքերի հրատարակությանն աջակցելու համար, եւ տողեր կարդացին իրենց առավել հաջողված ստեղծագործություններից։ Այստեղ էլ Ռ. Դավոյանը պասիվ չմնաց։ Երբ Արփի Ոսկանյանը իր խոսքում նշեց, թե՝ շնորհակալություն, որ դա արեցիք (նկատի ուներ հրատարակման ֆինանսավորումը), պրն Դավոյանը բազմանշանակ նետեց՝ սկզբում դուք էիք դա արել, մենք հետո արեցինք։ Վերջում էլ ուրախ-ուրախ ավելացրեց՝ հարցեր չկա՞ն, բարի, ուրեմն անցնենք շամպայնի շշերը բացելուն։ 6 գրքերի ձեւավորումը կատարել էր Սամվել Մկրտչյանը։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել