Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ պետականություն ընդունած մյուս երկրների պես Հայաստանն էլ իր ստեղծման առաջին տարիներին ձեւավորեց

Հունիս 15,2001 00:00

Գանձերի դարան Անկախ պետականություն ընդունած մյուս երկրների պես Հայաստանն էլ իր ստեղծման առաջին տարիներին ձեւավորեց թանկարժեք մետաղների ու քարերի պետական գանձարան, ուր մինչեւ այժմ էլ կենտրոնացվում է տարբեր ճանապարհներով ձեռք բերվող պետական հարստությունը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող թանկարժեք մետաղների ու քարերի գանձարանը համալրվում է պետական գնումների, իրազուրկ ճանաչված կամ ժառանգության կարգով պետությանն անցած, բռնագրավված եւ այլ միջոցներով ձեռք բերված հարստությամբ։ Համաձայն կանոնակարգի, դրա ծավալների ու պահպանման մեխանիզմների մասին տվյալներ հրապարակել չի կարելի, բայց գանձարանի գործունեության հետ կապված խնդիրներին անդրադառնալ չի արգելվում, ինչը եւ փորձեցինք անել գանձարանի պետ Նորայր Պետրոսյանի հետ։ Իսկ գլխավոր խնդիրն այն է, որ ներկայումս մեր պետությունը մի շարք պատճառներով չունի ճշգրիտ տվյալներ երկրում եղած թանկարժեք մետաղների ու քարերի պաշարների իրական չափի մասին։ Նախ՝ չկա հաշվառման միասնական ու ակտիվ գործող մեխանիզմ, որով հնարավոր կլիներ պարզել թանկարժեք մետաղներով ու քարերով տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների կատարած գործարքների ծավալի ու շրջանառության վերաբերյալ հավաստի տեղեկություններ։ Ինչն էլ հնարավորություն կտար պետական մարմիններին ճիշտ գնահատել «թանկարժեք» ֆոնդի իրական պաշարներն ու վարել ֆինանսական ճիշտ քաղաքականություն, քանի որ թանկարժեք մետաղներն ու քարերը, թանկարժեք ապրանք լինելուց բացի, պետության համար ծառայում են որպես կարեւոր ֆինանսական գործիքներ։ Պետական գանձարանում հաշվառման մեջ չեն թանկարժեք մետաղների ու քարերի բնական պաշարները, չնայած դա նույնպես պետական սեփականություն է։ Բնական պաշարների հաշվառմամբ զբաղվում է բնապահպանության նախարարությունը (եթե զբաղվում է), իսկ արդյունահանման արտոնագրեր տալիս է արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը։ Սակայն ցածր կարգապահության պատճառով ոչ մի «ակունքից» ամբողջական տվյալներ չեն հասնում գանձարան։ Ն. Պետրոսյանի կարծիքով, խնդիրն ավելի հեշտ կարող է կարգավորվել լիցենզավորող մարմնի կողմից (այս դեպքում՝ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն), որը կարող է պարտադրել ու պահանջել արտոնագրի պայմաններից մեկը հանդիսացող այդ կետի կատարումը։ Իսկ ստացվել է այնպես, որ հիշյալ նախարարությունում արտոնագիր տալուց հետո ձեռքները լվանում են։ – Այնինչ պետական ձեռնարկությունները պարտավոր են հաշվետվություններ ներկայացնել իրենց գերադաս մարմիններին, իսկ մասնավորները՝ Վիճվարչություն,- նշեց գանձարանի պետը,- բայց քչերն են կատարում պայմանագրով կամ արտոնագրով սահմանված պարտավորությունը, եւ չկա մի մարմին, որը վերահսկի այդ գործը։ Վերահսկողության լիազորություն ունեցող տեսչություններ ունեն ե՛ւ արդյունաբերության ու առեւտրի, ե՛ւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունները, բայց ստացվում է, որ նրանց «գլուխն այլ հոգսերով է խառը»։ Նույնանման անտարբերությամբ տեղեկություններ չեն հասնում գանձարան նաեւ տարբեր ձեռնարկություններում առկա թանկարժեք մետաղներ ու քարեր պարունակող սարքերի ու տեխնոլոգիաների մասին։ Այսինքն, գանձարանում պետք է հաշվառվեն ոչ միայն շրջանառու, այլեւ հիմնական միջոցներում եղած «թանկարժեք» պարունակությունները։ – Եվ միայն այս բոլոր տվյալներն ի մի բերելով, պետությունը հնարավորություն կունենա լիարժեք իրականացնել ֆինանսական ճիշտ քաղաքականություն, ելնելով այդ պահին իր առջեւ ծառացած խնդիրներից,- ասաց Ն. Պետրոսյանը։ Նրա կարծիքով, այս խնդիրները լուծում կստանան թանկարժեք մետաղների ու քարերի մասին նոր օրենքի ընդունումից հետո, որն ամեն ինչ ու բոլորին «կդնի իր տեղում»։ Իսկ վերապահումով տրված այն հարցիս, թե՝ հարո՞ւստ է, արդյոք, մեր գանձարանը, նա պատասխանեց. – Մենք այժմ ունենք պետբյուջեի եկամուտների համալրման հուսալի աղբյուր։ Նաեւ պետք է հուսալ, որ պետականության ամրապնդումը կբազմապատկի պետական գանձարանի հարստությունը, եւ այն առավել նախապատրաստված կլինի տնտեսական հնարավոր ցնցումներին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել