Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ երեկոյան արտասովոր աշխույժ ու մարդաշատ էր Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը։

Հունիս 15,2001 00:00

ՀԱՆՃԱՐԵՂ ԴԱ ՎԻՆՉԻՆ` ՏԻԿՆԻԿԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ Երեկ երեկոյան արտասովոր աշխույժ ու մարդաշատ էր Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, ու շատերն այդպես էլ մնացին կանգնած։ Սակայն ոչ ոտքի վրա ներկայացում դիտելու անհարմարությունը, ոչ 2-2,5 տարեկան մի պստլիկի չդադարող լացը չխանգարեցին ներկաներին՝ ըմբոշխնելու Լեոնարդո դա Վինչիի փոքրիկ հեքիաթների խորն ու զուլալ էությունը։ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանի անմիջական ջանքերով պատրաստած «Լեոնարդո դա Վինչիի հեքիաթները եւ առակները» ներկայացումն իրականություն էր դարձել ՀՀ-ում Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցայի եւ Հայաստանում գործող իտալական «Էյ Յութիլիթի», «Գրանդի Մոլինի», «Ռենկո» ընկերությունների, «Ai Leoni» ռեստորանի եւ «Երեւան» հյուրանոցի աջակցության շնորհիվ։ Մեկ ժամով տիկինիկային թատրոնի բեմը վերածվել էր իտալական Վինչի քաղաքի, որտեղ ծնվել է մեծ Լեոնարդոն, ապա՝ Ֆլորենցիայի, Թուրինի, Բոլոնիայի, որտեղ զարգանում էին Լեոնարդո դա Վինչիի հեքիաթների դեպքերը։ Ներկայացումն ուղեկցվում էր հեքիաթային երաժշտությամբ։ Հնչում էր ֆլեյտա, թավջութակ, կիթառ։ Մեղմ երաժշտությունը ավելի կատարյալ էր դարձնում միջնադարյան Իտալիան պատկերող ներկայացումը, որի հաջողությանը մեծապես նպաստում էր նաեւ դեկորացիաների ու հագուստների անթերի ընտրությունը։ Սակայն ամենակարեւորն, իհարկե, սցենարն էր։ Ավելի ճիշտ՝ դա Վինչիի հեքիաթներն իրենք։ Կարճ, բայց խորիմաստ եւ ուսուցողական, դաստիարակչական այդ հրաշալի գունեղ պատմություններն անչափ գեղեցիկ ու գրավիչ են եւ կրկին անգամ ապացուցում են, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Իսկ Լեոնարդո դա Վինչին ոչ թե տաղանդավոր էր, այլ՝ հանճարեղ։ Հանճարեղ նկարիչ, բժիշկ, հեքիաթագիր, քարտեզագիր, գյուտարար, մաթեմատիկոս… Ներկայացումը մի յուրօրինակ սինթեզ էր՝ դերասանական խաղի, երգ-երաժշտության, ստվերախաղի եւ խամաճիկների խաղի։ Դահլիճում լիքն էին 2-ից բարձր տարիքի երեխաներ (թեեւ, մեր նկատառումներով՝ դա Վինչիի հեքիաթների խորությունը գոնե որոշ չափով զգալը 6-ից ցածր տարիքի երեխաներին անհասու էր), որոնք կլանված դիտում էին ներկայացումը։ Բայց սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ դա Վինչիի գողտրիկ հեքիաթներով հիացած էին հատկապես մեծահասակները։ Մասնավորապես՝ ՀՀ առաջին տիկինը եւ Իտալիայի դեսպանի տիկինը։ Ներկայացումից հետո փոքրիկ հանդիսականներին խնդրեցինք պատմել իրենց տպավորությունների մասին։ Արփի, 5 տարեկան- Շատ սիրուն շորեր էին հագել, դա է դուրս եկել։ Ու մեկ էլ, որ մի քիչ տարօրինակ հեքիաթներ էին, դա է շատ ինձ դուր եկել։ Արտակ, 7 տարեկան- Ամենալավ հեքիաթն այն էր, որ թուղթն ու գրիչն իրար հետ վիճում էին եւ գրիչն ասում էր, որ գրոտած թուղթն ավելի կարեւոր է, քան մաքուր թուղթը։ Անի, 8 տարեկան- Ինձ շատ դուր եկավ այն հեքիաթը, որտեղ ծիտիկի ձագուկներին վանդակի մեջ են նետում, ապա ծիտիկը շատ է չարչարվում, որ իր ձագուկներին դուրս հանի, եւ երբ չի կարողանում, գնում է, մի թունավոր խոտ է բերում տալիս իր բալիկներին, որ ուտեն ու սատկեն։ Իմաստն այն էր, որ մայր ծիտիկը շա՜տ էր խղճում իր բալիկներին, չէր ցանկանում, որ նրանք շատ տանջվեն ու լացեն եւ, ամենակարեւորը՝ ինքը հասկանում էր, որ իր բալիկների համար վանդակում ապրելը դժվար կլինի, ու որոշեց սպանել նրանց, որ չտանջվեն առանց ազատության։ Թերեւս մանուկների մեջ ազատության նկատմամբ սեր ու պաշտամունք ներարկելու ավելի լավ ճանապարհ դժվար էր գտնել։ Անկեղծորեն հավատում եմ, որ գոնե այն 100-200 երեխաները, որ երեկ դիտում էին Լեոնարդո դա Վինչիի հեքիաթների բեմականացումը, երբեւէ չեն ստորագրի «ՌԴ-Բելառուս» կամ էլի ինչ-որ մի միությանը ՀՀ-ի անդամակցելու հայտարարության տակ՝ սեփական երկրի լիակատար ինքնիշխանությունը կորցնելու գնով։ Իսկ որ նրանց մատաղ սրտիկներում գցված է մարդու, անհատի ազատության իրավունքի սերմը, որեւէ կասկած չկա։ Մնում է, որ այդ սերմը պարարտ հող գտնի՝ ազատ Հայրենիքում, ազատ մարդկանց հետ շփվելու արդյունքում։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել