Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասողիկ» հրատարակչությունը 1000 օրինակ տպաքանակով լույս է ընծայել «Նորբայազետցիներ» ծավալուն ժողոված

Հունիս 15,2001 00:00

Տեղեկատո՞ւ, թե՞ բողոքի գիրք «Ասողիկ» հրատարակչությունը 1000 օրինակ տպաքանակով լույս է ընծայել «Նորբայազետցիներ» ծավալուն ժողովածուն, ուր ամփոփված են 455 նշանավոր եւ արժանավոր զավակներին նվիրված տվյալներ։ Խմբագրական-հրատարակչական բազմամարդ խումբը, անշուշտ, մեծ աշխատանք է կատարել, բայց, նկատի ունենալով գրքի վերահրատարակման անհրաժեշտությունը, ներկայացնում ենք միայն մեր դիտողություններն ու առաջարկությունները։ Գրքում աչքի զարնողը գործիչների լուսանկարների եւ կենսագրությունների արանքում տեղ գտած սեւ ու հաստ անկոչ գիծն է եւ բազմաթիվ սպիտակ էջերը։ Թվում է՝ դրանք նախատեսված են ընթերցողի դիտողությունների համար եւ բողոքի գրքի դեր են կատարում։ 52-րդ էջում տպագրված է ընդամենը 3-7 տող, յոթ սպիտակ էջ է հատկացված 2-4 բառից բաղկացած բաժինների վերնագրերին։ Չափազանց համառոտ են Ռայա Եսայանի, Ալեքսեյ Մակարյանի, Հովհաննես Տեր-Մարտիրոսյանի, Պարթեւ Մովսիսյանի եւ տասնյակ այլ գործիչների կենսագրությունները։ Քառասունմեկ մարդ չունի լուսանկար, որը կարելի էր վերցնել վաղուց լույս տեսած գրքերից։ Պահարեի կենսագիրը, նրան Երեւանում մեռցնելու փոխարեն, մեռցրել է Թբիլիսիում։ Ճիշտ կլիներ, որ գրականության եւ արվեստի գործիչները ներկայացվեին իրենց ստեղծագործությունները (գեղանկարներ, գրքեր, քանդակներ…) պատկերող լուսանկարներով։ Կան բանաստեղծներ, որոնք առայժմ գիրք չեն հրատարակել, բայց այստեղ տեղ են գտել, իսկ գրքերի հեղինակներ Նորայր Ղազարյանը, Լեւոն Աբրահամյանը դուրս են մնացել։ Անտեսվել են բանասացներ Հակոբ Նրգեյանը, Առաքել Շակոյանը, Թորգոմ Սարգսյանը, Գեդեոն Դավթյանը, Զոհրապ Ավետիսյանը, նկարիչ Ջանիկ Գասպարյանը… Աններելի թերություն է, երբ չեն նշվում գործիչների ծննդյան եւ մահվան տարեթվերը։ Սրանց հետ մեկտեղ ճարտարագետ-շինարար Համլետ Կարապետյանը զրկված է նաեւ ծննդյան տարեթվից։ Տեղեկատուն բովանդակալից կլիներ, եթե այնտեղ լինեին տվյալներ բնակավայրերի թվի, դրանց բնակչության քանակի մասին, նմուշներ լինեին գործիչների մտքերից, նրանց մասին կարծիքներ, լինեին նաեւ նրանց հեղինակած եւ նրանց մասին գրքերի ցանկերը։ Տեղի է ունեցել առավել վատթարը. գիրքը զուրկ է բովանդակությունից եւ գործիչների այբբենական անվանացանկից։ Երբ նորից եմ թերթում գիրքը, եզրակացնում եմ, որ այն կարելի է ներկայացնել «Ինչպես վատնել թուղթը» մրցույթին եւ շահել գլխավոր մրցանակը։ Վերահրատարակողների համար լավ օրինակ կարող է լինել նախկինում երեք անգամ լույս տեսած Հայկ Խաչատրյանի «Գրական տեղեկատուն»։ ՀՐԱՉՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել