Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայն ՀՀ քրդատի, խափանման միջոցների շարքին է դասվում գրավը, որը ի մասնավորի կիրառվում է ոչ մեծ եւ

Հունիս 15,2001 00:00

Կալանք եւ գրավ Համաձայն ՀՀ քրդատի, խափանման միջոցների շարքին է դասվում գրավը, որը ի մասնավորի կիրառվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում՝ դրամի կամ այլ արժեքների դատարանի դեպոզիտ ներդրմամբ: Գրավի ինստիտուտը սակայն Հայաստանում իսպառ մոռացության է մատնված, չի կիրառվում՝ տեղիք տալով տարաբնույթ մեկնաբանությունների, քանի որ գործող քրեական օրենսգիրքը չի որոշակիացնում ու հստակորեն չի դասակարգում միջին եւ ծանր հանցագործությունները: Գրավի ինստիտուտը մեծ դեր է խաղում ինչպես անձին կալանքի ենթարկելու ընթացքում պետական բյուջեի ծախսերի առումով՝ ապահովման լրացուցիչ միջոց հանդիսանալով. «… քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու եւ դատավճռի կատարումն ապահովելու…» համար: Այդ կապակցությամբ ՀՀ Դատարանների նախագահների խորհուրդը գրավի ինստիտուտի կիրառման դատական միասնական պրակտիկա վարելու նպատակով 16.11.1999թ. որոշում է կայացրել, ըստ որի, գրավը, համաձայն քր. դատ. օր.-ի 134 հ.-ի, այլընտրանքային խափանման միջոց է դիտվում, եւ կարող է կիրառվել այն դեպքում, երբ դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրում կալանավորումը (ինչպես խափանման միջոց ընտրած կալանավորման պահին, այնպես էլ հետագայում): Ինչպես նշվեց, քրեական օրենսգիրքը հստակորեն չի դասակարգում ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունները, իսկ քրեական օրենսգիրքի նախագիծը դեռեւս ընդունված չէ: Ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններին են դասվում, ըստ որոշման, քր.օր.-ի 7 պրիմ հոդվածում չնշված հանցագործությունները, քանի որ այդ հոդվածը հստակորեն սահմանում ու տալիս է միայն ծանր հանցագործությունների բնութագրությունը: Իսկ գրավի կիրառման պրակտիկան, մի փաստաբանի հավաստմամբ, այսօր դժվար է իրականացվում: Նրա հիշատակված օրինակում քրեական գործով մի մեղադրյալի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու համար առկա էին բոլոր նախադրյալները, այդուհանդերձ, մեղադրյալի նկատմամբ կալանքը գրավով չի փոխարինվել, թեպետ փաստաբանի կողմից իրականացվել են դատավարական բոլոր գործողությունները. այդ գործի առնչությամբ՝ ներկայացվել են համապատասխան միջնորդություններ. «Նորամուծությունները միշտ էլ դժվար են ընդունվում»,- փորձեց բացատրել նա: ՀՀ ՆԳՆ գնդապետ Ա.Ռ. Սեդրակյանը շուրջ 10 տարի թիվ 5 ընդհանուր ռեժիմի ուղղիչ-աշխատանքային հիմնարկի պետն է եղել եւ պատմում է, որ կալանավորների առօրյա, կենցաղային եւ սոցիալական հիմնահարցերի լուծման համար, իր պաշտոնավորման օրոք, գաղութում արտադրություն էր կազմակերպված, որտեղ աշխատում էին գաղութի գրեթե բոլոր կալանավորները. «Կալանավորին աշխատանքով ապահովելը նպաստում էր ոչ միայն անձի վերադաստիարակմանը, այլեւ նվազեցնում էր հենց կալանավայրերում կատարվող հանցանքների թիվը, հնարավորություն ստեղծում իրենց՝ կալանավորներին, պատիժը կրելու ընթացքում նյութապես օգնել իրենց ընտանիքներին: Բացի այդ, եկամուտների հաշվին գաղութը հոգում էր ոչ միայն իր առօրյա՝ սննդի եւ հագուստի, այլեւ լուծում էր կալանավորների զբաղվածության հարցը, հնարավորություն էր ստեղծում կալանավորներին անձնական հաշվում կուտակված աշխատավարձի միջոցով նյութապես օգնել իրենց ընտանիքներին»: Անգործության մատնված կալանավորը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ոչ միայն գաղութի ներսում, այլեւ ազատ արձակվելուց հետո: Գաղութում անգործության մատնված կալանավորները, իրենց ազատ ժամանակը «կարճում են» թղթախաղով, թմրանյութեր օգտագործելով եւ այլն, իսկ պատիժը կրելուց եւ արձակվելուց հետո, շատ հաճախ, չհամակերպվելով հասարակական կյանքին, օգտագործում են «հին ծանոթությունը»՝ գաղութում ձեռք բերված կապերը, նոր հանցագործություններ կատարելու համար: Մոլեխաղերով, թմրանյութերի օգտագործման մոլուցքով տառապող միջավայրում, կալանավորը հաճախ հայտնվում է պարտապանի դերում եւ, եթե նա իր «ընկերների» կողմից նշված ժամկետում չփակի «թավանը» /պարտքը/, ապա սպասվում են մեծ անախորժություններ: Ժամանակին աշխատանքը պատժի եւ դաստիարակության միջոց էր, այժմ՝ շքեղություն, որն անգամ օրինավոր քաղաքացիներից շատերը չունեն: Մյուս կողմից գաղութը ստվերային ֆինանսական շրջանառության օբյեկտ է, երբեմն նաեւ՝ անվճար աշխատանքի «շտեմարան»: «Գաղութը պարապության վայր է, ոչ գործ կա, ոչ բան, ամբողջ օրը կարտ էինք խաղում: Մեզանից յուրաքանչյուրի վրա օրական ծախսվում էր 550 դրամ: Մի ժամանակ գաղութի ղեկավարությունը կազմակերպել էր գաղութի վարչական շենքի վերանորոգումը, բոլոր ցանկացողներին ներգրավել էին գործի մեջ, խոսք էին տվել, որ ամնիստիա կանցկացնեն ու կազատեն: Բոլորս գնացինք աշխատելու, որ գոնե մարդու երես տեսնենք: Ես էլ գնացի: Վերանորոգումը ավարտելուց հետո ադմինիստրացիան, տրված բոլոր խոստումները դրժեց»,- պատմում է գողության համար ազատազրկված մի նախկին կալանավոր: Որ կալանավորին հարցրել եմ, համարյա բոլորը գողության համար են նստած, շատերը ասում են. «…ոչ աշխատանք ունենք, ոչ բան, եթե զբաղված լինեինք ինչ-որ բանով, գողություն չէինք անի, օրինակ, ես ոսկյա ցեպը չէի գողանա»: Բժշկությունը սարսափելի է: «Ինչ հիվանդություն էլ ունենաս, սանչաստում միեւնույն կոճակն են տալիս, իսկ եթե ուրիշ դեղ ես ուզում, ասում են՝ գնա գրաժդանսկի բժշկի մոտից փողով դեղ առ, բեր բուժենք: Փող տվիր նրանց, ասենք մի 10-20 հազար դրամ, մեկ ամսով տանում են հիվանդանոց: Սաղ վախտ նույն սնունդն է՝ բորշչ: Համարյա բոլորի մոտ ոջիլ կա: Բաղնիքը 15 օրը մեկ է. եթե ուզում ես ավելի հաճախակի լողանալ, 1000 դրամ պետի տաս բանշչիկին, որ ջուրը միացնի»: Այս իմաստով բանտի օրենքներն առանձնապես չեն տարբերվում սովորական հիվադանոցների չգրված կանոններից: ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել