Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ սկսեց խոսել ՊԱԿ-ի հետ իր շփումների մասին

Հունիս 15,2001 00:00

«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությունը, իմ կարծիքով, ամենածանրն էր բոլոր մնացած դատաքննություններից, որ սկսվել է այս տարվա փետրվարի 15-ից։ Այն սկսվեց հոգեբան Ս. Ամիրյանի խնդրանքով։ Հոգեբանը տեղեկացրեց, որ դիպլոմային աշխատանքների պաշտպանությունն է նշանակվել երեկ եւ խնդրեց բացակայել։

Փաստաբան Մարինա Ջանոյանը հիմնավոր համարեց հոգեբանի խնդրանքը եւ միջնորդեց հարգել այն։

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շարունակեց հարցեր տալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։

Ես կարծում եմ, որ դատարանում կատարվածը պատկերացնելու համար արժե հարցաքննության որոշակի հատված մեջբերել ամբողջությամբ։

– Ամբաստանյալ, բազմիցս անդրադառնալով այդ թեմային, ձեզ համարել եք անկախության գաղափարակի՞ց։

– Այն, որ ես Հայաստանի անկախության գաղափարի ջատագովներից մեկն եմ եղել, կարող է վկայել Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը, որ սկսած 1984թ. աչքի տակ եմ եղել, իսկ 88-ից արդեն նաեւ քրեական գործ է հարուցվել իմ նկատմամբ՝ հակասովետական ագիտացիայի եւ իշխանափոխության համար, որը կարճվել է 1991թ. հունվարին։

– Դուք վկայակոչեցիք, որ գտնվել եք խորհրդային պետության պետանվտանգության աշխատակիցների ուշադրության տակ։ Որտեղի՞ց է հայտնի, որ դուք գտնվել եք այդ մարմնի ուշադրության տակ։

– Արդեն 88թ. փետրվարի առաջին ցույցերից հետո իմացել եմ նաեւ նախորդ ժամանակների մասին։ Երբ 88-ի մարտին ՊԱԿ-ի աշխատակիցները հանդիպումներ են ունեցել եւ առնչությունները դարձել են պարբերական, անընդհատ, նաեւ ես կանչվել եմ ՊԱԿ եւ գլխավոր դատախազություն ինչ-որ բան ստորագրելու, որ ծանոթ եմ այդ ժամանակվա նաեւ նոր հրապարկված նոր օրենքին եւ շփումների ընթացքում իմացել եմ, որ ուշադրության կենտրոնում եմ եղել նախորդ տարիներին։

– Ամբաստանյալ, շփումները ձեր տեղեկատվակա՞ն բնույթ էր կրում։

– Իմ զգացողությամբ շփումները սկսվել են ինձ տեղեկություններ փոխանցելու ձեւի տակ եւ այդ միջոցով. որոշակի գաղափարական ազդեցություններ ունենալ ինձ վրա։ Մանավանդ, որ առաջին շրջանում ես շատ ավելի մոտ հարաբերությունների մեջ էի անկախության ջատագովների հետ՝ Մովսես Գորգիսյանի, Մեխակ Գաբրիելյանի, Պարույր Հայրիկյանի, եւ առաջին հանդիպման ժամանակ ՊԱԿ-ի հետ իմ եւ նրանց խոսակցությունն այդ է եղել։ Անկախությունն ու անկախականները, իմ եւ նրանց փոխհարաբերությունները։

Այդ կապակցությամբ նրանք ինձ ծանոթացրել են Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի ելույթին, որտեղ, իմ հիշողությամբ, անկախության գաղափարը նա վաղաժամ էր համարում։ Հետագայում, բացի այդպիսի տեղեկություններ տալուց, փորձեր են արվել ինձ վրա ազդելու եւ իրենց հակակշռի տակ վերցնելու, որոնք, ըստ էության, որեւէ արդյունք չեն տվել։

Մասնավորապես, 1989թ. մարտին Էդիկ Ոսկերչյանը (որն առնչվում է «Հոկտեմբերի 27» քրգործի հետ- Ռ. Մ.) գրեթե ամենօրյա հանդիպումներում ինձ ներկայացրել է ՊԱԿ-ի առաջարկը, որպեսզի ես, որ հրատարակում էի «Դաշինք» պարբերաթերթը, մինչեւ տպագրելը տրամադրեմ իրենց… Այդ ժամանակներում նրանք ինձ տարել են ՊԱԿ, ավելի բարձրաստիճան մարդկանց հետ հանդիպելու։ Ես առաջարկել եմ, որ պատրաստ եմ տրամադրել թերթի բնօրինակը, պայմանով, որ իրենք ծանոթանան թերթին, տպագրեն 10 հազար օրինակ, եւ տան ինձ՝ առանց փոփոխության։ Բնական էր, որ այս առաջարկն իրենց ձեռնտու չէր եւ այդ հանդիպումից մարտի 26-ին ձերբակալվել եմ, 89-ին, երբ հրատարկվեց 2-րդ համարը։ Չնայած 2-րդ համարում հենց կոմունիստ Ստ. Շահումյանի խոսքերն էի տպագրել։

– Ամբաստանյալ, շփումների ժամանակ ի՞նչ ինֆորմացիա եք հաղորդել։

– Որեւէ տեսակի ինֆորմացիա ՊԱԿ-ին չեմ տվել եւ իրենց կողմից էլ առանձնապես ջանքեր չեն եղել հավաքագրվելու։ Որոշ տեղերում կիրառել են սպառնալիքներ կամ այլ բաներ։

– Ամբաստանյալ, այն, ինչ արվել է, որ փորձել են ձեզ հետ զրուցել, խոսել, կիսվե՞լ եք այսօր կենդանի ընկերների հետ։

– ՊԱԿ-ը շատ հետաքրքիր գործելակերպ էր որդեգրել. մի կողմից իմ վրա ազդելու, մի կողմից լուրեր էին տարածում, թե իբրեւ ես իրենց հետ համագործակցում եմ, որպեսզի ինձ վարկաբեկեին։ Եվ իմ անմիջական շրջապատի ընկերներիցս փորձեր էին արել որոշների հավաքագրել։ Ես այդ ամենի դեմն առնելու համար այնպես էի անում, որ նրանք ստիպված լինեն ամեն բան անել հրապարակային ձեւով։ Այսինքն, եթե կանչելու էին լինում, որ գրավոր ծանուցագիր ուղարկվի ֆակուլտետ, որը կներկայացնեմ ուսանողությանը, եթե համաձայնվեմ, ես կներկայանամ։ Նաեւ հանդիպումներ, որ կայանում էին դրսում, միշտ էլ աշխատել եմ, որ փակ տեղերում չլինեմ, այլ հասարակական վայրերում։

Ինչ վերաբերում է, թե ովքեր էին իմանում կամ գիտեին իմ շփումների մասին, ապա մեր ֆակուլտետում բոլորն էլ ինձ պարբերաբար տեսնում էին Սարո Մկրտչյանի հետ քայլելիս կամ զրուցելիս, իսկ ավելի նեղ շրջանակը իմ կողմից տեղեկացվում էր նաեւ զրույցների բովանդակության եւ ԿԳԲ-ի պահանջների մասին, որովհետեւ իրավիճակը հետեւյալն էր. երբ մենք ուսանողական շրջանակով որոշում էինք այսինչ օրը քաղաքական գործողություններ կատարել, ապա հաջորդ օրը ՊԱԿ-ի ներկայացուցիչները ինձ հետ այդ հարցի մասին խոսում էին… Իմ կուրսընկերներից Գագիկ Սահակյանը, Հովակ Հովակիմյանը, գուցե նաեւ ուրիշները եղել են դեպքեր, որ գիտեին… Արմեն Դավթյանը, Ալեքսան Հարությունյանը, Հովակ Հովակիմյանն այն ժամանակ առաջարկեցին, որ ցույցի դուրս չգանք։ Բայց որեւէ արդյունքի չհասնելով, իրենք (ՊԱԿ-ից, կոմսոմոլից) հեռացան եւ մենք դուրս եկանք միասնաբար ցույցի։ Անունները, որ նշեցի, իրենք տեղյակ են եղել, որ ես ժամանակ առ ժամանակ հանդիպել եմ ՊԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Իրենք էլ են տեսել։ Իրենք էլ են հանդիպել…

Հավանաբար արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ամբաստանյալը իր դատաքննական ցուցմունքներում խոսել էր ԱԱՆ-ի հետ առնչությունների մասին, այն էլ 97-ից հետո։ Երեկ ՊԱԿ-ի հետ իր առնչությունները գուցե «բողոքի լուռ ա՞կտ» էր ԱԱՆ-ից իր հնարավոր տեղափոխման կապակցությամբ։ Ամբաստանյալը երեկ կարծես փորձում էր զգուշացնել. կամուրջները մինչեւ վերջ մի այրեք։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930