Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ համաժողով «Եվրասիական տնտեսական համագործակցություն

Հունիս 15,2001 00:00

Բյուջեն չպետք է «հումքով» լցնել Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ համաժողով «Եվրասիական տնտեսական համագործակցություն. իրավիճակը եւ հեռանկարը (Հայաստանը, որպես կամուրջ ԱՊՀ, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ ապրանքների ծառայությունների եւ հաղորդակցման ուղիների տարանցման գործում)» թեմայով։ Համաժողովին մասնակցում էին Ապրանքարտադրողների միջազգային միության, ՀՀ կառավարության եւ Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության ներկայացուցիչներ։ Համաժողովի գլխավոր հյուրը ՌԴ ՊԴ պատգամավոր Նիկոլայ Ռիժկովն էր։ Նա 1999թ. Մինսկում 7 երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազաղստան, Մոլդովա, Բուլղարիա, Հայաստան) ապրանքարտադրողների հետ հիմնադրել էր Ապրանքարտադրողների միջազգային միությունը եւ ընտրվել վերջինիս նախագահ։ «Սա շատ կարեւոր հանդիպում է,- ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը,- այսօր կստորագրվի համաձայնագիր եւ կընդունվի մի բանաձեւ։ Դա երաշխավորությունների մի փաթեթ է, որով գնահատական է տրվելու Եվրասիական տնտեսական համագործակցությանը եւ Հայաստանում նրա հնարավոր զարգացումներին, անհրաժեշտ միջոցառումների մշակմանը եւ այլն»։ Ն. Ռիժկովն էլ իր հերթին այն կարծիքին էր, որ Հայաստանն ունի հնարավորություն եւ մեծ պոտենցիալներ՝ տնտեսական վիճակը կարգավորելու համար. «Ես գտնում եմ, որ կա ելք ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար։ Պարզապես պետք է հույս դնենք մեր եւ ոչ թե արտասահմանյան ներդրողի վրա եւ ինքներս ստեղծենք այդ ներդրումային հնարավորությունները»։ Նա նշեց, որ ՌԴ-ի տնտեսական վիճակը նույնպես ծանր է։ Իսկ ԱՊՀ երկրների (Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան եւ այլն) հետ կնքած Եվրասիական տնտեսական համաձայնագիրը հնարավորություն կտա ուղղել այն սխալները, որոնք թույլ էին տրվել 1991-ից հետո։ 1993-94թթ. ԱՊՀ երկրներից ապրանք ներկրած Հայաստանը մեծ պարտքեր ունի նրանց։ Պրն Ռիժկովը այս առթիվ ասաց, որ փոխհամաձայնության դեպքում պարտքի դիմաց կվերցնեն հայկական արտադրանք. «Շատ պետություններ այսօր չեն վստահում Հայաստանին եւ չեն ուզում համաձայնագիր կնքել նրա հետ։ Սակայն մենք կգտնենք լուծումներ, որը թե՛ Հայաստանի եւ թե՛ ներմուծող երկրների համար շահավետ կլինի»։ Վ. Սաֆարյանը տեղեկացրեց, որ քննարկվելու են Հայաստանի տնտեսության համար կարեւոր մի շարք հարցեր։ Ըստ նրա, Հայաստանում է գտնվում Ռուսաստանի պաղպաղակների արտադրության միության նախագահը, որը պետք է համագործակցի պաղպաղակագործների հետ։ Նա, ըստ պրն Սաֆարյանի, ցանկություն ունի այստեղ բացելու ռուսական առեւտրի, իսկ Մոսկվայում՝ հայկական առեւտրի կենտրոններ։ Այստեղ են նաեւ Ռուսաստանի ագրոարդյունաբերական համալիրի ղեկավարները, Ֆինանսարդյունաբերական խմբերի միության նախագահը։ Նրանք ուզում են համագործակցել Հայաստանի հետ՝ գինի եւ գինեմթերք Ռուսաստան արտահանելու համար։ Ըստ պրն Սաֆարյանի, կոնֆերանսի հիմնական նպատակը տեղական շուկայում տեղական արտադրողի շահերը պաշտպանելն է։ «Մենք շատ լավ տեսնում ենք, որ դրսի ապրանքը Հայաստանում տարածվում է եւ հաջողությամբ վաճառվում։ Նշանակում է, կա վճարունակ մասսա, որը կարողանում է իրացնել։ Եթե Հայաստանում կան գումարներ, ուրեմն պետք է այդ գումարները այնպիսի տնտեսական մեխանիզմներով անցնեն, որ դառնան ներդրումներ՝ սեփական երկրում»,- ասաց նա։ Պրն Սաֆարյանի կարծիքով, գնելով ուրիշի արտադրանքը, պաշտպանում ենք դրսի արտադրողին՝ մեզ մոտ ավելացնելով գործազուրկների թիվը։ Ինչ վերաբերում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն ու նրա զարգացմանը, ապա, ըստ պրն Սաֆարյանի, պետք է գնալ լիբերալիզացիայի եւ հավասարություն պետք է դրվի տեղական արտադրողի եւ ներմուծողի միջեւ։ Վերջինիս կարծիքով, որպեսզի տեղական ապրանքի արտադրությունը խթանվի, զարգանա, այսօր ավելի քան անհրաժեշտ է պետության կարգավորիչ դերը։ Ըստ Վ. Սաֆարյանի, կոնֆերանսի գլխավոր խնդիրը ներքին շուկաները եւ հումքային ռեսուրսները պահպանելն է եւ դրանք հնարավորինս տեղական նպատակների համար օգտագործելը, «որպեսզի հումքային տնտեսությունը չդառնա լծակ՝ բյուջեի կատարման համար։ Մենք պետք է մեր ներքին շուկան պահպանելով՝ մեր ապրանքը իրացնենք այդ շուկայում։ Իսկ երբ մեզ կհաջողվի կուտակել ֆինանսական ռեսուրսները, այդ ռեսուրսների հաշվին՝ արդեն կազմակերպել բարձր տեխնոլոգիաների արտադրություն»,- եզրափակեց Վազգեն Սաֆարյանը։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել