Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ մի զարկով՝ 2 նապաստակ

Հունիս 15,2001 00:00

«ԿԵՍՍԱՐԻՆԸ՝ ԿԵՍԱՐԻՆ, ԱՍՏԾՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈՒՆ» Կամ մի զարկով՝ 2 նապաստակ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ խնայողական ավանդների խնդրի լուծման ամենալավ առիթն արդեն բաց ենք թողել։ Իսկ առիթը, ըստ նախարարի, սեփականաշնորհումն էր։ Պարզվում է, սակայն, որ ըստ անկախ տնտեսագետների, այդ առիթն ամենեւին էլ բաց թողնված չէ եւ դեռեւս հնարավորություն կա որոշ քայլեր ձեռնարկելու։ Կառավարության եւ ԱԺ-ի համատեղ հանձնաժողովը շարունակում է, արդեն ամիսներ շարունակ, աշխատել խնդրի լուծման ուղղությամբ, ու հայտնի չէ, թե արածն ինչ է։ Վերջին տեղեկությունն այն է, որ հաշվում են ավանդների իրական չափը։ Տնտեսագիտական շրջանակներից «Առավոտին» է հասել խնայողական ավանդների վերականգնման մասին մի օրինագիծ, որ աչքի է ընկնում իրատեսությամբ եւ, գլխավորը, գտնված է մի տարբերակ, որի կիրառման արդյունքում պետությունն իր պարտքը տված կլինի, քաղաքացիները՝ ստացած։ Ըստ այդ օրինագծի, խնայողությունները ձեւակերպվում են որպես երկրի պետական ներքին պարտք, որի համար երաշխիք է հանդիսանում Հայաստանի կառավարության տրամադրության տակ գտնվող ունեցվածքը։ Ըստ տարիների, ավանդներն ինդեքսավորվում են տարբեր չափերով։ Օրինակ, եթե ավանդների վերադարձն սկսվի 2003 թվականից, ապա 400 ռուբլին (խորհրդային) կհաշվարկվի 1 դոլարին համարժեք։ Տարեցտարի հարաբերակցությունը փոխվում է եւ 2018-ին (եթե որոշվում է, որ 15 տարում պետք է պարտքը մարվի) 1 դոլար է վերադարձվում 6 ռուբլու դիմաց։ Կախված ավանդների չափից, հարաբերակցությունը կարող է տատանվել։ Ամեն տարի պետբյուջեով ավանդների վերադարձման համար պետք է գումարներ նախատեսվեն։ Պետությանը ձեռնտու է, որ հենց առաջին տարիներին ավանդատուները գումարները հետ պահանջեն, որովհետեւ սա կառավարության վրա ավելի «էժան կնստի»։ Հակառակ դեպքում էլ ոչ մի կողմը չի տուժում, որովհետեւ տնտեսական աճ է կանխատեսվում, ու նկատի ունենալով Հայաստանի տնտեսության քառատրոփ աճի նշվող ցուցանիշները, պետք է որ կառավարությունը չդժգոհի։ Խնայողությունների վերադարձն ապահովվում է սերտիֆիկատների տրամադրմամբ։ Դրանք կարող են համարվել պետական արժեթղթեր, կարող են օգտագործվել անավարտ օբյեկտների սեփականաշնորհման ժամանակ (սերտիֆիկատում նշված վերջին տարվա, այսինքն՝ ավանդատուի համար ամենաշահավետ հարաբերակցությամբ), նոր ստեղծվող ձեռնարկությունների կապիտալի ձեւավորման, կառուցվելիք պետական բնակարանային, առեւտրի եւ սպասարկման օբյեկտների, գրավադրման համար։ Անժխտելի է սրա մուլտիպլիկացիոն էֆեկտը, որ պետք է տնտեսության մեջ որոշակի աշխուժություն առաջացնի՝ համապատասխան հետեւանքներով։ Փաստորեն, պետությունը լավագույն վայրերում օբյեկտների կառուցման մենաշնորհը վերցնելով, կարող է միաժամանակ մի քանի խնդիր լուծել՝ ավանդները վերադարձնելուց (այդ օբյեկտների մասնավորեցմամբ կարող են իրացվել սերտիֆիկատները) մինչեւ տնտեսության աշխուժացում ու նոր աշխատատեղերի ստեղծում։ Պետության հետ կատարված գործարքից հետո սերտիֆիկատները համարվում են մարված։ Հարկ է նկատել, սակայն, որ լավագույն վայրերն ու այդտեղ օբյեկտներ կառուցելու հնարավորություններն անսպառ չեն եւ հանձնաժողովի այս տեմպերով աշխատելու պարագայում շատ բան չի մնա իրացնելու։ Այնուամենայնիվ, նախագիծն իրատեսական է թվում եւ կարող է շրջադարձային նշանակություն ունենալ Հայաստանի տնտեսության համար, միանգամից կարող է մեծանալ բանկային կապիտալը, որի մի մասն էլ կուղղվի տնտեսության իրական հատված։ Խնայողական ավանդների խնդրի լուծման այս տարբերակի վերաբերյալ մտադիր ենք լսել հանձնաժողովականների կարծիքը, ինչպես նաեւ տեղեկանալ, թե հարցի ուսումնասիրությունն ինչ փուլում է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել