Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ է պաշտպանելու ՆԳՆ մեկուսարանում պահվող մյուս ամբաստանյալների շահերն ու անվտանգությունը

Հունիս 15,2001 00:00

Օրենսդիրներին մտահոգում է Նաիրիի անվտանգությունը Իսկ ո՞վ է պաշտպանելու ՆԳՆ մեկուսարանում պահվող մյուս ամբաստանյալների շահերն ու անվտանգությունը «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների պահպանությունն իրականացնող իրավապահների գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի վերջին մի քանի նիստերի քննարկման առարկան գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ քննչական մեկուսարան տեղափոխելն է։ Այդ բուռն քննարկումները երբեմն զավեշտի են վերածվում։ Հանձնաժողովի, համենայնդեպս, վերջին երկու նիստերում օրենսդիրները չեն խուսափում հրապարակել մասնավորապես ՆԳՆ մեկուսարանում տիրող անվերահսկելի իրավիճակի մասին։ Թերեւս, նրանք այդ մասին երբեւէ նույնիսկ հարկ էլ չհամարեին խոսել, եթե չլիներ Հունանյանին ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու հարցը։ Օրինակ, պատգամավոր Գագիկ Կոստանդյանը եւ այլք հավաստիացնում են, թե ՆԳՆ մեկուսարանում «զոն նայողն» ուզած պահին կարող է ցանկացած «կամեռ» մտնել, թե այդ մեկուսարանում Նաիրի Հունանյանի համար արդեն դատավճիռ են կայացրել եւ այլն։ Զավեշտականն այն է, որ «օրենսդիր» անունը կրող անձինք մեկուսարաններում տեղի ունեցող ապօրինությունները կանխելու, իրավապահների կողմից ամբաստանյալների, դատապարտյալների կյանքի անվտանգությունն ապահովելու, եւ, ընդհանրապես, մեկուսարանում տիրող իրավիճակը պատշաճ կարգով վերահսկելու օրինական պահանջ ներկայացնելու, իրենց հուզող հարցերով ՆԳՆ նախարարին հարցապնդումներ ուղղելու փոխարեն, խոստովանում են իրավիճակը վերահսկելու, ոչ միայն՝ իրենց, այլեւ՝ ամբողջ պետական համակարգի անճարակության մասին։ Առավել եւս այդ դեպքում, թերեւս, հիմնավոր են նույն ՆԳՆ մեկուսարանում պահված «27»-ի գործով մեղադրյալ Նորայր Եղիազարյանի մահվան շուրջ առանձին օրենսդիրների կասկածները։ Բացառվո՞ւմ է արդյոք, որ վերջինս էլ «զոն նայողի» զոհ է դարձել։ Հետաքրքիր է նաեւ, թե ՆԳՆ մեկուսարանում տիրող, ըստ պատգամավորների, խայտառակ վիճակի մասին ինչ են մտածում ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Հովհաննիսյանն ու ինքը՝ ՆԳՆ նախարար Հայկ Հարությունյանը։ Հանուն արդարության հիշեցնենք նաեւ, որ «27»-ի գործով ամբաստանյալ Հունանյանը հենց դատաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս համոզում էր, թե ԱԱՆ մեկուսարանում իր եւ եղբոր դեմ բռնարարքներ են կիրառվել։ Այսինքն, ԱԱՆ-ում Ն.Հունանյանի անվտանգության ապահովված լինելու հանգամանքը եւս խիստ հարաբերական է։ Զարմանալի է նաեւ, որ ե՛ւ հանձնաժողովի ստեղծման, ե՛ւ Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու դեմ է արտահայտվում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը, թվում է, ավելի շատ պետք է զբաղված լիներ բանակում կատարվող սպանությունների ու «ինքնասպանությունների» դեպքերը կանխելով։ Հետաքրքիր է, ինչո՞վ է պայմանավորված «27»-ին առնչվող հիշյալ հարցերում պարոն Ս.Սարգսյանի հաճախակի միջամտությունը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել