«ԶԱՊԻ» ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ «ՄԵՐՍԵԴԵՍ» ՉԻ ՆՈՐՈԳՎԻ «Սեփականաշնորհված» հարցազրույց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Երկրի նախագահը երեկ վարում էր կառավարության նիստը։ Դահլիճից դուրս գալուն պես լրագրողները շրջապատեցին նախագահին։ Նրան ուղղված առաջին հարցը թերեւս անորոշ եւ կցկտուր հնչեց՝ ինչ-որ մեկն ուզում էր իմանալ նախագահի կարծիքը «Միասնություն» դաշինքի մասին։ Նախագահն ուզում էր խոսել միայն կառավարության նիստի մասին. «Ուշադրությունս բեւեռացված է լրիվ այլ հարցերի վրա, չեմ ուզում գնահատականներ տալ»։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե օրակարգի հատկապես ո՞ր հարցն էր նախագահը կարեւորել. «Շատ կարեւոր հարցեր կային։ Ե՛վ պետական համակարգի ձեւավորման վերաբերյալ, նաեւ շատ տնտեսական հարցեր կային։ Հատկապես կարեւորը, երեւի, առաջին բլոկն էր, որը ներկայացվում էր արդարադատության նախարարության կողմից եւ վերաբերում էր պետական համակարգի ձեւավորմանը»։ «Առավոտի» հաջորդ հարցը վերաբերում էր «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքի նախագծին։ Ըստ որոշ լուրերի, այդ նախագծի մասին Վենետիկի հանձնաժողովն այնքան էլ բարձր կարծիք չի հայտնել։ Նախագահ Քոչարյանը վստահ է, որ «այդպիսի բան չկա, կարծիքը դրական է, եւ փորձում են նման տպավորություն ստեղծել մարդիկ, որոնք երեւի ենթադրում են, որ իրենք խնդիրներ կունենան հետագայում այս օրենքի կիրառման ընթացքում։ Իսկապես, բավական կատարյալ օրենք է եւ անցել է փորձաքննություն եւ հիմա գտնվում է ԱԺ-ում»։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ «բոլորը չեն շահագրգռված, որ մենք ունենանք կայացած պետական համակարգ, կայացած ապարատներ, որովհետեւ այդ համակարգում կամայականությունների կիրառումը բավական սահմանափակ կլինի»։ Նախագահը որոշեց համեմատություն անել, ասելով, թե՝ չունենալ այդ օրենքը, նույնն է, ինչ «Զապ»-ի գործիքներով «Մերսեդես» նորոգել։ Վերջին շրջանում մի շարք քաղաքական կուսակցություններ, գործիչներ ավելի սուր են դնում նախագահական կամ կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցման անհրաժեշտությունը։ «Առավոտը» փորձեց պարզել՝ ինչպիսի համակարգի կողմնակից է ինքը՝ նախագահը. «Չկա երեւի իդեալական տարբերակ, ամեն մի տարբերակ ունի իր թերությունները, բայց, մի բանում չեմ կասկածում, որ մեր տարածաշրջանում, նաեւ անցումային շրջանում գտնվող այս երկրի համար անձնավորված պատասխանատվությունը շատ կարեւոր հանգամանք է։ Պառլամենտական պետությունը, իհարկե, ժողովրդավարության ամրապնդման առումով, կոնսենսուսների գալու, քննարկումների առումով իր առավելություններն ունի։ Մեր համակարգը կիսանախագահական է, եւ կարծում եմ, փորձում է այդ բալանսը գտնել, այդ երկու առավելությունների միջեւ։ Պատկերացրեք այսպիսի վիճակ՝ պառլամենտական հանրապետություն, եւ կոալիցիոն կառավարություն՝ բաղկացած երեք-չորս կամ հինգ տարբեր կուսակցություններից։ Եվ արտակարգ իրավիճակ. հնարավոր կոնֆլիկտ եւ անձնավորված պատասխանատվության խնդիր։ Եվ տվյալ պարագայում, հանկարծ մեկ-երկու կուսակցություն, խուսափելով պատասխանատվությունից, փորձում են թռնել այդ կառավարությունից։ Ի՞նչ է լինելու երկրի հետ, ո՞վ է անձնավորված պատասխանատվություն կրելու հետեւանքների համար»։ Հետաքրքիր է, «27»-ը արտակարգ իրավիճա՞կ էր, եւ եթե՝ այո, ո՞վ է կրելու պատասխանատվությունը եւ ի՞նչ է լինելու երկրի վիճակը։ Նախագահ Քոչարյանը, սակայն, չբացառեց, որ որոշ ժամանակ անց, շատ ավելի հանգիստ իրավիճակում, կարող ենք ունենալ խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները։ Մոտ երկու ամիս առաջ, երբ նախագահ Քոչարյանը կրկին մասնակցում էր կառավարության նիստին եւ այն ժամանակ եւս պատասխանեց լրագրողների հարցերին, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է նախագահը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին։ Այն ժամանակ նախագահն ասաց, թե ինքն առայժմ չի խոսի «27»-ի մասին, իսկ երբ կխոսի՝ լուրջ կասի։ Երեկ կրկին հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է խոսելու ժամանակը. «Այդ ժամանակը դեռ չի եկել»,- լակոնիկ պատասխան տվեց երկրի նախագահը եւ, դառնալով «Առավոտին», ասաց. «Բոլոր հարցերը սեփականաշնորհել ես»։ Կարծում ենք, մասնավորեցման այս համատարած շարժումի մեջ երբեմն կարելի է նաեւ հարցերը սեփականաշնորհել։ Այժմ դառնանք մեր չսեփականաշնորհած հարցերին։ Լրագրողներին հետաքրքրում էր նախագահի կարծիքը երկրի տնտեսության մասին. «Ընդհանրապես տնտեսության մեջ բավական դրական տեղաշարժ կա, կարծում եմ, նաեւ Երեւանի փողոցներում դա պետք է նկատելի լիներ, եթե մարդը ցանկություն չունի չնկատել։ Մայիսի ցուցանիշները լինելու են բավական ցածր զուտ մեկ պատճառով՝ ոչ թե տնտեսությունն է անառողջ վիճակում, այլ՝ գազի մատակարարման պակաս լինելու պատճառով խոշոր մի քանի ձեռնարկություն աշխատելու հնարավորություն չեն ունեցել»։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի այս պահի պաուզան, ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի մեղքով չէ. «Այս պաուզայի մեջ մենք որեւէ մեղք չունենք, մենք պատրաստ ենք առաջ գնալ այն սկզբունքների շուրջ, որոնք որոշ չափով ձեռք են բերվել նախորդ փուլում»։ Նախագահը գտնում է, որ եթե հարցի շուրջ որոշում կայանա. «Քաղաքական ղեկավարությունը պետք է այդ քաղաքական կամքը ունենա հանդես գալ ժողովրդի առջեւ, բացատրել լուծման տարբերակը, առավելությունը, կամ այդ հարցի հետ կապված բոլոր հանգամանքները։ Եթե չկա այդ քաղաքական կամքը, ապա նման ղեկավարն իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ