Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրեն կալանավորելու առնչությամբ ԱԺ ամբիոնից մենախոսելուց հետո առաջին անգամ երեկ «Հոկտեմբերի 27»-ի գոր

Հունիս 15,2001 00:00

«ԱՅ, ՍԵՆՑ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԽՈՍԵՄ՝ ԵՐԲ ՈՐ ՉԵՔ ՍՊԱՍԻ» Իրեն կալանավորելու առնչությամբ ԱԺ ամբիոնից մենախոսելուց հետո առաջին անգամ երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը հրապարակավ ելույթ ունեցավ։ Քանի որ Մուշեղ Մովսիսյանն ինքը ե՛ւ ԱԱՆ-ի, ե՛ւ Նուբարաշենի մեկուսարաններում էր պահվել, «Առավոտը» խնդրեց նրան, այսպես ասած, պատմահամեմատական վերլուծությամբ, բանիմացորեն կշռել այդ երկու հաստատությունների թեր եւ դեմ կողմերը։ Սակայն նա նախընտրեց նախ անդրադառնալ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովին եւ նշեց, թե առաջարկի հեղինակները հետապնդում էին քաղաքական նպատակներ. «Հանձնաժողովի ստեղծումը աբսուրդ էր եւ շատ ուշացած։ Ես դեռ 1999-ի նոյեմբերին էի առաջարկել ստեղծել այդ հանձնաժողովը»։ Քիչ անց փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է պատգամավորը պատկերացնում (եթե, իհարկե, ծանոթ է օրենսդրությանը) հարուցված քրեական գործի եւ փակ նախաքննության պայմաններում խորհրդարանական հանձնաժողով ձեւավորելը։ Առանց օրենքի որեւէ դրույթ մատնանշելու՝ նա պնդեց, թե պիտի՛ ստեղծվեր եւ զբաղվեր ապօրինությունների ու ծեծուջարդի փաստերի հետազոտմամբ. «Եթե հանձնաժողովը ստեղծվեր այն ժամանակ՝ այլ բնույթ կկրեր եւ եթե իրականում ինչ-որ մարդիկ կային հետեւում՝ կբացահայտվեին»։ Անդրադառնալով Նաիրի Հունանյանին ԱԱՆ-ից Նուբարաշենի մեկուսարան տեղափոխելու հարցին, Մուշեղ Մովսիսյանն ասաց. «Եթե մարդ գոնե 2-3 օր նստել է այդ մեկուսարաններում՝ հաստատ համոզված կլինի, թե ինչ նպատակներ են հետապնդում։ (…) Մեկ ամիս ԱԱՆ-ի մեկուսարանում մնալուց հետո ինձ տեղափոխել էին Նուբարաշենի մեկուսարան։ (…) Ազգային անվտանգության մեկուսարանում պաշտպանվածությունը, ապահովվածությունն ավելի հստակ է եւ կոմպակտ»։ Իսկ մյուս մեկուսարանը վտանգավոր համարվեց հետեւյալ պատճառով. «Նուբարաշենի մեկուսարանն ավելի մեծ է եւ «կանտրոլն» ավելի դժվարությամբ կլինի պահել։ Իհարկե, կարող են էլի պահել, բայց նպատակը չեմ տեսնում։ Ի՞նչն էր պատճառը, որ հանձնաժողովը որոշեց Նաիրի Հունանյանին տեղափոխել։ Հսկիչները, հիմնականում գրեթե նույն կազմն է այս մեկուսարաններում։ Ե՛վ ապօրինությունները՝ ծեծն ու ջարդը, ե՛ւ ֆիզիկական (որն անձամբ ես եմ ստացել), ե՛ւ հոգեբանական ճնշումները Նուբարաշենի մեկուսարանում, իհարկե, ավելի մեծ են»։ Քիչ անց նա ավելի հստակ պնդեց. «Ես համոզված եմ, որ Նաիրի Հունանյանի կյանքը վտանգված կլինի այդ մեկուսարանում, քանի որ ինքս վտանգված եմ եղել մինչեւ վերջին պահը»։ Այս առնչությամբ նշենք. ճիշտ նույն քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները, որոնք ոչ հեռավոր անցյալում սրտառուչ պատմություններ էին ներկայացնում, թե ի՜նչ դաժան կտտանքների են ենթարկվել Հունանյան եղբայրներն ԱԱՆ մեկուսարանում, ինչպե՜ս է այնտեղ մտել ամեն ոք՝ ով չի ալարել եւ խոշտանգել նրանց, վերջին օրերին ԱԱՆ մեկուսարանը հռչակեցին միակ վայր, ուր կարող է երաշխավորվել հանցագործների թանկագին անվտանգությունը։ Ահա այս «սուրբ» նպատակին ծառայեց եւ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալներից մեկը՝ գուցե իր նախաձեռնությամբ, իսկ գուցե… Մուշեղ Մովսիսյանն առիթը բաց չթողեց իրեն կալանավորած նախաքննության մարմնի հասցեին մի երկու քաղցր խոսք ասելու համար. «Քննչական խումբը զբաղվեց ոչ թե բացահայտմամբ, այլ զուտ քաղաքական շահերով, պատվերներ ընդունելով եւ կատարելով։ Եվ այդ պատվերներով նաեւ ինձ տեղափոխեցին Նուբարաշենի մեկուսարան»։ «Առավոտը» հիշեցրեց, որ նրա մասով գործը կարճվել է զուտ ապացույցների անբավարար լինելու հիմքով. եթե իր նկատմամբ միայն պատվեր է կատարվել՝ թող դիմի արդարացված ճանաչելու համար։ «Այդ ամենը հերթականությամբ կլինի,- պատասխանեց նախկին մեղադրյալը։- Եվ հայտարարություններս կանեմ այն ժամանակ, երբ որ անհրաժեշտ կգտնեմ»։ Ի դեպ, անդրադարձանք նաեւ Մուշեղ Մովսիսյանի այն դիտարկմանը, թե «նպատակ չի տեսնում» Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխել: Անհնար է անտեսել բաց, հրապարակային դատավարության ընթացքում հնչող այն ցուցմունքները, ըստ որոնց Նաիրի Հունանյանն ԱԱՆ գործակալ է։ Այս պայմաններում նպատակահարմա՞ր է նրան իր հայրենի կառույցի թեւի տակ պահելը՝ այս հարցին ի պատասխան Մուշեղ Մովսիսյանը բավական կցկտուր խոսք ասաց, որտեղ կապակցված էին միայն նույն արտահայտությունները, թե խորհրդարանական հանձնաժողովը պիտի ստեղծվեր մինչեւ դատավարությունը սկսվելը եւ, որ «հանձնաժողովն ունի զուտ քաղաքական նպատակ»։ Հետագա հարցերին էլ նա արձագանքում էր նույն ոգով՝ կա՛մ ընդհանրապես հրաժարվելով մեկնաբանություններից, կա՛մ տալով միայն հայտնի մանրամասների վերաբերյալ պատասխաններ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. «Եթե Նաիրի Հունանյանի կյանքին վտանգ սպառնա՝ ո՞վ է պատասխան տալու»,- հարցրեց մի լրագրող «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանին: «ԱԺ-ին վտանգ սպառնաց՝ ո՞վ պատասխան տվեց»,- հակադարձեց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել