Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեկ Ազգային համաձայնության ճակատի արտոնված հանրահավաքում

Հունիս 15,2001 00:00

Վիճակը շտկելու միակ միջոցը Երեկ Ազգային համաձայնության ճակատի արտոնված հանրահավաքում բոլոր բանախոսների ելույթի ամփոփումը նախագահի հրաժարականի պահանջն էր։ Հռետորներից մեկը դիմեց Ռ.Քոչարյանին՝ հետեւել իր նախորդի օրինակին՝ քաջություն ու խոհեմություն դրսեւորել եւ հրաժարական տալ։ Նաեւ կոչ արվեց օրենսդիրներին՝ նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսել։ Հանրահավաքն ամփոփեց Աշոտ Մանուչարյանը: Նա խոսեց ե՛ւ ԼՂՀ հիմնահարցի լուծման իշխանությունների տարբերակի վտանգավորության, ե՛ւ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման, ե՛ւ նախագահ Քոչարյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին։ Իսկ ի՞նչ սպասումներ ունեին հանրահավաքից մեր այն հայրենակիցներն ու համաքաղաքացիները, որոնք երեկ, այդ շոգ ժամին եկել էին Ազատության հրապարակ։ «Իհարկե, սպասումներ ունեմ՝ տեսնենք ի՞նչ է լինելու, էս իշխանությունը ե՞րբ է ժողովրդին հանգիստ թողնելու»,-ասաց կազմակերպվող բոլոր հանրահավաքների ակտիվ մասնակից Միշա Խաչատրյանը։ Ըստ նրա, բոլորն էլ, բացի ներկա իշխանություններից, «խելքը գլխին» բաներ են ասում։ «Ես մենակ էս «Ռուս-Բելառուսին» եմ դեմ»։ Քաղաքացու կարծիքով, ճիշտ է նախագահ Քոչարյանի պաշտոնանկության պահանջը։ Պատասխանելով մեր այն հարցին, թե՝ Տեր-Պետրոսյանն էլ հեռացավ, հետո՞, Միշա Խաչատրյանն ասաց. «Լեւոնի ժամանակ երկիրը ոտի էր կանգնում, զգացվում էր, որ երկրի վիճակը քիչ-քիչ լավանում էր։ Բայց ինքը իրա ելույթի ժամանակ էլ ասեց, որ ինչ-որ ուժեր իրան խանգարեցին։ Եթե մնար, դրությունը կլավանար»։ Հարությունյան ազգանունով մի տիկին էլ նկատեց՝ «Եթե մարդիկ չգան, չմասնակցեն ու ամեն մեկն իր տանը նստի՝ ոչ մի բան չի փոխվի։ Կարծում եմ, հիմա բոլորն են դժգոհ այս իշխանություններից»։ 88-ի հանրահավաքների ակտիվ մասնակիցը հավաստիացրեց, թե գալիս է հատկապես Ճակատի հանրահավաքներին, քանի որ, դեռ 88-ից հավատում եւ վստահում է Ա.Մանուչարյանին, կիսում է նրա գաղափարներն ու մտահոգությունը։ Մեկ ուրիշը Ազատության հրապարակում իր լինելը այսպես բացատրեց. «Ուզում եմ ճշմարտությունը լսել երկրի եւ իր ապագայի մասին։ Սպասումներ կան եւ դեպի լավը։ Առայժմ որեւէ կուսակցության նախապատվություն չեմ տալիս. դեռ ընտրում եմ»։ Հանրահավաքներով հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել։ Մեր համաքաղաքացիներից մեկի կարծիքով, այլ մեթոդ չկա. «Այսինքն՝ կա, զինված ապստամբություն, բայց դա իրեն հիմա չի արդարացնի»։ Հանրահավաքի անվտանգությունն ապահովող ոստիկաններն էլ հավաստիացրին, որ իրենք ոչ թե «ականջի պոչով», այլ ավելի ուշադիր են լսում ելույթները, քան հանրահավաքի մյուս մասնակիցները։ Ե՞վ։ «Եվ կարծիքս չեմ կարող ասել»,- ասաց ոստիկանության սպաներից մեկը՝ վկայակոչելով ծառայության մեջ լինելու հանգամանքը։ Մյուսը վրա բերեց, թե՝ «Արդյունք չկա, կարեւորը դա է»։ Մեկ այլ իրավապահի կարծիքով, այսպես հավաքվելով ոչինչ չի փոխվի. «Կոնկրետ որոշում է պետք կայացնել։ Պետք է ամբողջ ազգը հավաքվի ու որոշի»։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել