Բումերանգի էֆեկտ Ռուսաստանում հունիսի 12- ին նշում էին Ինքնիշխանության (սուվերենության) մասին հռչակագրի ընդունման օրը։ Այդ առթիվ ՌԴ նախագահ Վ. Պուտինը Կրեմլում ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ նա ի լուր աշխարհի հայտարարեց, որ ստորագրել է որոշում՝ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին կարգի շքանշանով պարգեւատրելու մասին։ Հայաստանում այս սցենարը պատկերացնելն անգամ դժվար է։ Նույնիսկ երազում հնարավոր չէ տեսնել Ռ. Քոչարյանին՝ Լ. Տեր-Պետրոսյանին շքանշան հանձնելիս։ Շատ ավելի հավանական կարող է թվալ այն երազը, որում Ռ. Քոչարյանը շքանշան կհանձնի, ասենք, բեդուինների ցեղի առաջնորդին կամ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահին։ Իսկ ՀՀ առաջին նախագահի համար Ռ. Քոչարյանի գաղափարական պահեստում միայն դատափետման եւ թշնամանքի հասնող հակակրանքի պաշար կա։ Քոչարյանական լրատվամիջոցները, իրարից առաջ ընկնելով ու իրենց կոտորելով, պատրաստ են հեռուստաեթերից ու մամուլով ժամեր շարունակ լուտանքներ տեղալ ՀՀ առաջին նախագահի ու նրա թիմի հասցեին, ընդ որում՝ «նախկին հանցավոր ռեժիմ» որակումն այդ շարքում ամենամեղմն է։ Իսկ չէ՞ որ հենց Բ. Ելցինի ժամանակ ռուսաստանցիները տեսան ամենասուր ֆինանսատնտեսական ճգնաժամը, սոցիալական ծանր կացությունը, չեչենական պատերազմի արհավիրքները, եւ Ելցինի մերձավոր շրջապատում քիչ չէին կաշառակերության ու այլ ծանր հանցագործությունների (ընդհուպ՝ մարդասպանության) մեջ կասկածվողները։ Սակայն պետական մտածողությունը եւ ոչ թե անձնական ոխն ու քինախնդրությունը եղավ Վ. Պուտինին այդ քայլին դրդողը։ Այս քայլով Պուտինն իր երկրի համար ապահովեց մի գեղեցիկ նախադեպ, դրանով իսկ ապահովագրելով առաջին հերթին իրեն՝ հաջորդ նախագահի ոտնձգություններից։ Բումերանգի էֆեկտը դարերի փորձով ապացուցված է։ Եվ Ռ. Քոչարյանը, նախկինների հանդեպ իր դիրքորոշմամբ, իր հաջորդին իրավունք է տալիս կրկնելու այս ամենն արդեն ի՛ր հանդեպ։ Ի վերջո, որեւէ պաշտոն, անգամ ՀՀ նախագահինը, հավերժ չէ։ Եվ այսօրվա ներկաները վաղն արդեն «նախկին» կլինեն, եւ ո՞վ գիտե, գուցե շատ ավելի «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչ։ Սեփ. լր.