Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ

Հունիս 14,2001 00:00

ՔՆՆԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ Հայտնի է, որ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը փակ մարդ է եւ շատ հարցերում, մանավանդ բուհերի ընդունելության քննություններին առնչվող, միակամ է որոշումներ ընդունում։ Դեռեւս չեն շրջանառվում այն անունները, ում Է. Ղազարյանը պատրաստվում է առարկայական հանձնաժողովների նախագահներ նշանակել։ Թեկնածուներ նախարարը իր մտքում հաստատ ունի ու չի բացառվում, որ նախորդ տարվա սցենարը կրկնվի։ Եթե հիշում եք, քննություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ ԿԳ նախարարը մեկ շաբաթով մեկնեց Ծաղկաձոր՝ հանգստանալու։ Ու նույն ուղղությամբ, աչքից հեռու մի տեղում նախարարի հետ բանակցելու մեկնեցին շքեղ մեքենաներով բանագնացները։ Արձակուրդից հետո Էդուարդ Ղազարյանը նշանակեց հանձնաժողովների նախագահներին։ Ամենայն հավանականությամբ՝ այս տարի եւս նախագահների հիմնական մասը նախարարի հարազատ ԵՊՀ-ից կլինի եւ, բնականաբար՝ Է. Ղազարյանի մտերմիկ շրջանակից։ Բուհական շրջանակներում արդեն որոշակի դժգոհություններ կան այն առնչությամբ, որ այս գործում գրեթե միշտ նույն մարդիկ են ներգրավվում։ Վերջիններիս ընտրության մենաշնորհը ԿԳ նախարարինն է՝ բնականաբար ՀՀ նախագահի ու վարչապետի առաջարկած թեկնածուների առաջնահերթությամբ։ Ու քանի որ նախարարը արդեն երեք տարի է չի փոխվում (թո՛ւ, թո՛ւ, աչքով չտանք), չի փոխվում նաեւ քննությունների անցկացմանը մասնակից մարդկանց շրջանակը, այդ թվում՝ լիազոր ներկայացուցիչների ցանկը։ Արդեն հայտնի են բուհերի պատասխանատու քարտուղարների անունները եւ նախորդ տարվա համեմատ մեծ փոփոխություններ չկան, սակայն վերջիններս առանձնապես մեծ դերակատարում այս գործում չունեն։ Նրանց թեկնածությունը առաջադրում է բուհը եւ հաստատում ԿԳ նախարարությունը։ Քննությունների կազմակերպման կարգում եւս փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս ԿԳ նախարարը, ի տարբերություն իր նախորդների, տեխնիկական թակարդ-անակնկալներ հնարելու կողմնակից չէ։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել