Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԸ՝ ԱՂԲԱՏԱՐԻ ԲԱԺԻՆ

Հունիս 14,2001 00:00

ՀԱՑԸ՝ ԱՂԲԱՏԱՐԻ ԲԱԺԻՆ Այսօր հայաստանաբնակ մարդկանց համար առաջնահերթը հացի խնդիրն է։ Շատ ընտանիքներ օրնիբուն աշխատում են (դա կլինի մուրացկանություն, առեւտուր կամ աշխատանքի այլ միջոցներ) միայն օրվա հաց վաստակելու համար։ Ոմանք էլ շատ ունենալուց այնպիսի անխնա վերաբերմունք են դրսեւորում հացի հանդեպ, որ զարմանում ես։ Բոլորովին վերջերս ականատես եղա մի տեսարանի։ Առավոտյան շենքի բակում հանդիպեցի մի ջահել կնոջ, որի ձեռքին կիսով չափ լցված պարկ կար։ Պարկը նա հենեց շքամուտքի պատին եւ ինքն իրեն տրտնջաց. «Ուշացա աշխատանքից, էս աղբի ավտոն ինչի՞ չի երեւում… դեռ հաց էլ պիտի առնեմ»։ Այդ պահին պատին հենած պարկը հանկարծ սահեց, ցած ընկավ եւ, ով զարմանք, միջից թափվեցին հնացած ամբողջական հացեր եւ հացի կտորներ։ Ես ապշեցի։ Պատկերացնո՞ւմ եք, այդքան հաց թափելուց հետո կինը դեռ պիտի գնար խանութ՝ հաց գնելու։ Ես չիմացա ով էր այդ կինը, բայց գիտեմ, որ նրա նման շատերը կան, որոնք այդպես անողոքաբար, առանց խղճի խայթի պարկերով հացը աղբատարի բաժին են դարձնում։ Մի՞թե կարելի է հացի հետ այդպես վարվել։ Չէ՞ որ բոլոր ժամանակներում էլ խնայել եւ սրբացրել են նույնիսկ նրա փշրանքները։ Նման վերաբերմունք հացի հանդեպ՝ ուղղակի վիրավորական եւ անհավատալի է, մանավանդ մեր հայ ժողովրդի համար։ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ Թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել