Լրահոս
Օրվա լրահոսը

Այս բառերը Նոյեմբերյանի շրջանի դատավոր Ա. Խաչիկյանի լեզվամտածողության արդյունքն են, որով նա դիմեց տո

Հունիս 14,2001 00:00

-Չէ, ապեր… Այս բառերը Նոյեմբերյանի շրջանի դատավոր Ա. Խաչիկյանի լեզվամտածողության արդյունքն են, որով նա դիմեց տողերիս հեղինակին։ Մայիսի 30-ին, տողերիս հեղինակը մասնակցեց Նոյեմբերյանում տեղի ունեցած մի դատաքննության։ 1999թ. մայիսի 26-ին սահմանամերձ գոտում, մարտական հերթապահության ժամանակ հրազենային կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Հովհաննես Հովհաննիսյանը։ Այստեղ մեր նպատակը չէ դատական հետաքննություն անցկացնել, սակայն այն, ինչին ականատես եղանք դատարանի դահլիճում՝ լռելը ոչ միայն անցանկալի է, այլեւ հանցավոր, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ պարոնայք Ա. Խաչիկյանի (դատավոր), Ս. Սարգսյանի (դատախազ), Կ. Սաֆթալյանի (Գուգարքի զինդատախազության քննիչ) «քմահաճույքի» զոհը։ Ծանր է եւ անչափելի՝ զոհված զինծառայողի հարազատների վիշտը, մեծ է նրանց ցանկությունը պատժված տեսնել սպանության մեղավորներին, սակայն, եթե նույնիսկ եղել է սպանություն եւ ոչ թե զինծառայող Հովհաննես Հովհաննիսյանը զոհվել է թշնամու գնդակից, ապա դատարանն անկարող եղավ այդ ապացուցել։ Սպանությունից (կամ զինծառայողի զոհվելուց) հետո, այն ժամանակ զինծառայողներ, իսկ այսօր մեղադրյալի աթոռին հայտնված Ռուդիկ Մարտիրոսյանն ու Անդրանիկ Դարբինյանը դեպքից անմիջապես հետո զորացրվել են (ծառայության ժամկետը լրանալու պատճառով)։ Անցել է մոտ մեկ տարի, այսինքն՝ այնքան ժամանակ, որ լիուլի բավարար էր սպանություն կատարած մարդուն՝ Ռուդիկ Մարտիրոսյանին (ըստ զինդատախազության քննիչ Կ. Սաֆթալյանի վարկածի) թաքնվելու կամ հանրապետությունից առնվազն հեռանալու համար։ Իսկ Անդրանիկ Դարբինյանը, որը դեռ 2 օր առաջ հենակետում չի եղել, երբ տեղի է ունեցել սպանությունը, մեղադրվում է սպանության մասին իմանալ-չհայտնելու մեջ։ Դեպքից երկու օր առաջ վեճ է տեղի ունեցել Ա. Դարբինյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի միջեւ, որտեղ, ըստ դատախազ Ս. Սարգսյանի, Ա. Դարբինյանը «մարմնական ցավ» է պատճառել Հ. Հովհաննիսյանին։ Ուղղակի զարմանալ կարելի է, թե որտեղից է այն հայտնի հարգելի դատախազին, երբ դիակի վրա «ցավի» հետքեր չեն եղել, իսկ մարմնական ցավի մասին կարող էր հայտնել միայն զոհվածը։ Ա. Դարբինյանի եւ Ռ. Մարտիրոսյանի դեմ ցուցմունք է տվել 8 վկաներից միայն մեկը՝ Գեւորգ Հակոբյանը, որի նախաքննական ցուցմունքներում ակնհայտ են բազմաթիվ հակասություններ, ինչը դատարանում փաստաբան Հովիկ Փիլավջյանը կարողացավ ապացուցել, սակայն ո՞ւմ են պետք այդ ապացույցները՝ դատավորի՞ն, դատախազի՞ն, թե՞… Այստեղ նշենք նաեւ, որ Գ. Հակոբյանի հանդեպ նույնպես հարուցված է եղել քրեական գործ, որը Հովհաննես Հովհաննիսյանի զոհվելու կամ սպանվելու օրը վիճել եւ ծեծել է զոհվածին։ Սակայն քրեական գործը կարճվել է։ Պաշտպանները նախաքննություն վարող քննիչին՝ Կ. Սաֆթալյանին դատարան էին հրավիրել եւ առաջադրել մոտ չորս տասնյակ հարցեր։ Նրա կազմած գործում առկա էին ժամկետների, ստորագրությունների եւ այլնի կեղծումներ, որոնց իսկությունը պարզելու վերաբերյալ պաշտպանի կողմից արված միջնորդությունները մերժվեցին։ Իսկ քննիչի պատասխանները կարելի է ամփոփել պարտիզանական լակոնիկ նախադասությամբ՝ չգիտեմ, չեմ հիշում եւ մեկ դեպքում՝ տարօրինակ. «Պահի տակ ամսաթվերն եմ սխալ գրել» պատասխանով։ Դատավոր պրն Ա. Խաչիկյանը դատավարությունը անց կացրեց առանց իրեղեն ապացույցների, որոնք լույս կարող էին սփռել այս տխուր պատմության վրա (մազեր, զենք, գլխարկ եւ այլն)։ Ճշտված չէ նաեւ, թե ի՞նչ զենքից են արձակվել կրակոցները (այստեղ նշենք նաեւ, որ Ռուդիկ Մարտիրոսյանին ծառայության ընթացքում ամրացված է եղել նռնականետ եւ ոչ թե ինքնաձիգ, եթե այն կատարվել է ինքնաձիգից, ապա ինչո՞ւ պատասխանատվության չի կանչվում նա, ում ամրացված է եղել ինքնաձիգը)։ Ի՞նչ տրամաչափի գնդակներից է մահացել զինծառայողը, ի՞նչ հեռավորությունից է կատարվել սպանությունը։ Այս հարցերը պարզելու համար փորձաքննություն չի կատարվել։ Ողբերգական վիճակում են զոհվածների հարազատները, անչափելի է նրանց տառապանքն ու վիշտը եւ պետք է պատասխան տան բոլոր նրանք, ում մեղքով, անտարբերության կամ ամենաթողության պատճառով տեղի է ունեցել ողբերգությունը, սակայն էլ ավելի ցավալի է, երբ դատաիրավական համակարգի անճարակության ու անտարբերության պատճառով խեղվում է դեռեւս նոր կյանք մտնող երկու երիտասարդների ճակատագիրը։ Կրկնում ենք, եթե նրանք մեղավոր են, ապա պետք է գործի օրենքը եւ ոչ թե ինչ-որ մեկի վերեւից իջեցված պատվերը։ Նշենք նաեւ, որ ամբաստանյալներ Ռ. Մարտիրոսյանը եւ Ա. Դարբինյանը չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը։ Նրանք դատարանում հայտնեցին իրենց նկատմամբ կիրառված խորթ մեթոդների մասին։ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ Հ. Գ. Առիթ ենք ունեցել զրուցելու նաեւ զոհվածների հարազատների հետ, որոնք համոզված են, որ կատարվել է սպանություն եւ ոչ թե իրենց որդին զոհվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել