Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավասարակշիռ» անհավասարակշռություն

Հունիս 14,2001 00:00

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությանը երեկ դատարան չբերվեցին ամբաստանյալներ Կարեն Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանովը, Աշոտ Կնյազյանն ու Համլետ Ստեփանյանը։ Վերջինիս համար քրդատօրենսգրքի 336 հոդվածը կիրառվեց միայն ամբաստանյալ Նաիրի Հունանյանին հարցաքննելու ժամանակ (եւ ոչ դատաքննական ցուցմունքների)։

Փաստաբան Աղասի Աթաբեկյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը «կոռեկտ» չհամարվեց Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանի կողմից։ Փաստաբանը գտնում էր, որ դատարանը չի ապահովում քրդատօրենսգրքի 23 հոդվածը («Մրցակցությունը քրեական դատավարության ընթացքում»)։ Եվ քանի որ ամբաստանյալներին դատարան չեն բերել, հետեւաբար, նա կարծում էր, որ մրցակցության (հավասար) սկզբունքների մասին խոսք լինել չի կարող։

Պրն Ա. Աթաբեկյանը հեռուն գնաց իր գնահատականներով, կանխատեսելով անգամ… դատավճռի բեկանում։ Խոսելով հրապարակայնության ապահովման մասին, այս փաստաբանը նկատեց, որ «հրապարակայնությունը սահմանափակված է», դատական նիստին մասնակցում է «որոշ խավ», դատարանի կողմից «արգելվում է» ամբաստանյալների մերձավոր հարազատների մասնակցությունը, բացառությամբ՝ ոստիկանների հարազատների։

Փաստաբան Տիգրան Ջանոյանն ասաց. «Ինչ վերաբերում է դատարանի գործողություններին, չենք կարող որեւէ դեպք նշել, որ չի բխում քրդատօրենսգրքից»։

Սամվել Ուզունյան

Դատավոր Սամվել Ուզունյանը ներկայացրեց Ազգային հեռուստատեսության պատասխանը (ստորագրել էր Արմեն Արզումանյանը), որով դատարանին հայտնվում էր, որ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Կառլեն Չախկալյանն ու Հովակ Հովակիմյանը հեռուստատեսության հաստիքային աշխատողներ չեն եղել, հետեւաբար, նրանք անձնական գործեր չեն ունեցել։

Տեղեկացվում էր նաեւ, որ ստեղծագործական խմբերն ինքնուրույն են ձեւավորվում, եւ նրանց ծրագրերը հավանության արժանանալուց հետո է, որ կնքվում են պայմանագրեր։ Հարցերը, որոնք երեկ ներկայացվեցին մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի կողմից, նույնիսկ ծագումնաբանական բնույթ ունեին։ Դրանք առնչվում էին ամբաստանյալի ներընտանեկան հարաբերություններին անգամ, շրջապատի նկատմամբ ամբաստանյալի տրամադրություններին, աշխարհահայացքին, ինչը ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Կարապետ Աղաջանյանի հետեւյալ ռեպլիկին արժանացավ. «հոգեբանական ճնշում է գործադրում ամբաստանյալի վրա»։

Այս պաշտպանն էլ քիչ հետո ընկավ ծայրահեղությունների գիրկը, ասելով, թե «մեղադրողն ուղղորդում է ամբաստանյալին», ինչին հարցով պատասխանեց մեղադրողը. «Ո՞ւմ շահերի պաշտպանն է դահլիճում»…

Հավանաբար, ճիշտ կլինի հարցուպատասխանից (մեղադրողի եւ ամբաստանյալի) մի հատված մեջբերել, եզրակացությունները թողնելով ընթերցողին։

– Ամբաստանյալ, դու դյուրագրգի՞ռ, սառնասի՞րտ մարդ ես քեզ համարում։

– Ես առաջնորդվել եմ հետեւյալ սկզբունքով. սիրտը տաք պահել, միտքը՝ սառը։ Ընդհանրապես հավասարակշռված մարդ եմ։

– Ամբաստանյալ, ձեր նախաքննական ցուցմունքներում ասել եք, վկայակոչել հայոց պատմությունը, տեռորիստական գործողություններին վերաբերող էջերը։ Ընդհանուր իմաստով, կարո՞ղ եք պատասխանել՝ այն ձեզ վշտացրե՞լ է, թե՞ ոգեւորել։

– Որոնք են, պարոն Մարտիրոսյան, տեռորիստական գործողություններին վերաբերող էջերը. ա՞յն, որ Հայկը Բելին սպանեց, տեռորի՞ստ էր… Ես հայկական պատմության մեջ ահաբեկչություն հասկացություն չեմ ընդունում, որովհետեւ ո՛չ Թալեաթ սպանող Սողոմոն Թեհլերյանը, ո՛չ էլ 70-ականներին թուրք դիվանագետներ սպանածները ահաբեկիչներ չէին, հայ ժողովուրդը նրանց այդպիսին չի դիտում։ Փոքր ժողովուրդը մղում է ոչ թե ահաբեկչական պայքար, այլ՝ ազատագրական։

– Ամբաստանյալ, դու տեռորի՞ստ ես քեզ համարում, վրիժառո՞ւ, թե՞ գաղափարի մարտիկ։ – Ես միշտ էլ եղել եմ գաղափարի մարդ, հայ մարդ, որը ստիպված զենք է վերցրել իր ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու եւ կռվելու համար։ – Կարո՞ղ եք դատարանին ներկայացնել ձեր ընկերական շրջապատը։

– Ուսանողական շրջանից սկսած իմ կուրսի ընկերները. Հովակ Հովակիմյանը։ Բացի բուն իմ կուրսից, մոտ էի ֆակուլտետում սովորող տղաներից Տիգրան Նազարյանի, Տիգրան Նաղդալյանի, Հրաչ Մկրտչյանի հետ։ Ունեցել եմ հարաբերություններ Մովսես Գորգիսյանի հետ, դաշնակցական շրջանակից այլ անձերի հետ։

– Ո՞ւմ եք համարել ձեզ գաղափարակից։

– Գաղափարակից մարդ ենթադրում է պարբերական-տեւական շփումներ կամ միասին լինել ինչ-որ կազմակերպության մեջ։ Հայ ժողովրդի 90 տոկոսին, նույնիսկ ավելին, ինձ գաղափարակից եմ համարում։

– Ամբաստանյալ, քիչ առաջ ասացիք, որ գաղափարակից լինելու համար անհրաժեշտ են պարբերական եւ տեւական շփումներ։ Դուք հայ ժողովրդի հետ 1993 թվականից առ այսօր ունեցե՞լ եք պարբերաբար-տեւական շփումներ։ Ի՞նչ վկայություններ կարող եք դատարանին բերել…։

Հարցաքննությունը կշարունակվի այսօր։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930